×


Տիգրան Ձիթողցյան.“Սկզբում ուզում էի ուղղակի նկարել կնոջս”

Ամերիկաբնակ նկարիչ Տիգրան Ձիթողցյանն արդեն 16 տարի օգոստոսին այցելում է Հայաստան. աշխարհի տարբեր ծայրերում բնակվող ընկերներով հատուկ օր ունեն, երբ համախմբվում են հայրենիքում: Ինքնատիպ արվեստագետին, սակայն, Երեւանում կարելի է հանդիպել ցանկացած այլ ժամանակ. պարբերաբար գալիս է ծնողներին տեսակցության, այս անգամ ժամանակ գտավ նաեւ BRAVO.am-ի հետ զրույցի համար:

Տիգրան Ձիթողցյանը` Երեւանում


Տիգրանն ապրում եւ ստեղծագործում է Նյու Յորքում, հայտնի է յուղաներկով արված գերիրական նկարներով: Դեռ 4 տարեկան էր, երբ սկսեց առանց դադարի նկարել օրական 6-7 ժամ: Նկարչության հանդեպ սիրո խորացմանը նպաստեց նաեւ հոր` Լեւոն Ձիթողցյանի հետ իտալական եւ հոլանդական կերպարվեստի մասին գրքեր թերթելը, տանը տիրող մթնոլորտը, ինչպես նաեւ ծնողների խրախուսող վերաբերմունքը.“Զարթնելուն պես գնում էի նկարելու, եւ մայրս ստիպված ինձ կերակրում էր նկարելու ընթացքում”:

“Սկզբում ինձ տվեցին գունավոր մատիտներ: Նայում էի Ռեմբրանտի գույներն ու ասում հայրիկիս.“Բայց ես չեմ կարողանում այս գույները ստանալ մատիտներով”: Հետո տվեցին ջրաներկ ու գուաշ, սակայն արդյունքը կրկին չգոհացրեց: Վերջիվերջո, հայրս յուղաներկ նվիրեց, եւ ես հայտնաբերեցի դրա հզորությունն ու խորությունը: 5 տարեկանից, այսինքն` արդեն 32 տարի յուղաներկով նկարում եմ շատ-շատ ժամեր”,-պատմել է նա:

8 տարեկան Տիգրան Ձիթողցյանը` մայրիկի հետ


Դեռ ութ տարեկան էր, երբ Մանկական պատկերասրահի, Ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադիր Հենրիկ Իգիթյանն առաջարկեց անհատական ցուցահանդես բացել.“Ծնողներս դեմ էին, ուզում էին, որ մի քիչ մեծանամ: Մանկական պատկերասրահում առաջին անգամ շուրջ 102 յուղաներկ նկար ներկայացրի 10 տարեկանում: Ցուցահանդեսը մեծ հաջողություն ունեցավ, շատ լուսաբանվեց: Աշխատանքներիս մի մասը ցուցադրվեց նաեւ եվրոպական քաղաքներում, ԱՄՆ-ում, հետո կտավներովս մեկնեցի Սանկտ Պետերբուրգ: Ինձ նույնիսկ Լենինի անվան թոշակ նշանակեցին, որը ԽՍՀՄ ողջ տարածքում արվեստի գծով տարեկան միայն 15 երեխա էր ստանում: Մանկական կարիերաս շատ վաղ ու շատ բուռն սկսվեց` ավարտվելով 1991-ին, երբ 14 տարեկանում Նյու Յորքում ունեցա իմ անհատական ցուցահանդեսը: Մնալու առաջարկներ եղան, սակայն վերադարձա Հայաստան”:

1993-1999 թթ.-ին Տիգրանը սովորել է Երեւանի գեղարվեստի ակադեմիայում, ուսումը շարունակել է Շվեյցարիայում, այնուհետեւ մեկնել է Միացյալ Նահանգներ.“Կյանքս կարող եմ բաժանել երեք շրջանի, երբ ստիպված էի կարիերաս զրոյից սկսել: Առաջինը մանկական շրջանն է, երկրորդը` Եվրոպայում բնակվելու տարիներս, եւ երրորդը` Նյու Յորք տեղափոխվելը: Ինձ նոր մուսա էր պետք, մտածում էի վերադառնալ Հայաստան կամ գնալ Փարիզ, հետո որոշեցի` Նյու Յորք: Այստեղ ամեն օր պայքարի օր է. այդ զգացողությունն ինձ շատ է օգնում: Չես կարող նույն տեղում մնալ, անընդհատ շարժվում ես վերեւ կամ ներքեւ: Եվ դա շատ արագ է տեղի ունենում: Երբ եկա Նյու Յորք, ինձ հարցրին` ինչ-որ տեղ ցուցադրվում եմ, եթե` ոչ, ուրեմն զրո եմ: Ասացի` համաձայն եմ, եւ այդպես սկսվեց: Առաջին երկու տարին շատ դժվար էր”:

Տիգրան Ձիթողցյանը նկարում է կնոջը` Նադյա Կազակովային


38-ամյա նկարիչն անծանոթներին հազվադեպ է նկարում: Սկսում է ստեղծագործել, երբ մտքում նկարն իր բոլոր դետալներով արդեն կա.“Մարդկանց երբեմն այլ հայացքով եմ նայում` դիտարկելով որպես սուբյեկտ: Կարող եմ ինչ-որ բան տեսնել, որը կցանկանամ թարգմանել գեղանկարչությամբ: Խոսքը միայն դիմագծերի մասին չէ, կարող է լինել հայացք, շարժում…”:

Տիգրանի գլխավոր մուսան կինն է` մոդել Նադյա Կազակովան, ում հիմա շատ է նկարում.“Սկզբում ուզում էի ուղղակի նկարել իրեն, իսկ հետո արդեն անձնական հարաբերություններ սկսեցին: Որդի ունենք` 4 տարեկան Ալենը”:

Հիմնականում համագործակցում է երեք ցուցասրահի հետ Նյու Յորքում եւ Ցյուրիխում.“Ներկայացված նկարիչներից ամենաերիտասարդն եմ. ցուցադրվում են Բոտերոյի, Պիկասոյի եւ հայտնի այլ նկարիչների աշխատանքները: Անկեղծ ասած` կուզեի ցուցադրվել թանգարաններում, որտեղ նպատակը ոչ թե վաճառելն է, այլ արվեստասերներին ներկայանալը: Շուկան սպանում է արվեստը”:

Տիգրան Ձիթողցյանը յուղաներկով ստեղծում է գերիրական նկարներ


Ի՞նչ է ժամանակակից արվեստը եւ ինչպե՞ս է այն հասկանում Տիգրանը.
“Նորարար արվեստը ստեղծվեց արվեստը պարզեցնելու եւ հասարակությունը վերադարձնելու համար, բայց հակառակը ստացվեց. այն դարձավ միայն շատ պատրաստված մարդկանց մենաշնորհը: Ուզում եմ նկարչությունը պարզեցնել, որ ցանկացած մարդ կարողանա ընկալել: Ուզում եմ վերադարձնել պարզությունը` ժամանակակից մոտեցմամբ: Պարզեցնելիս պետք է կարողանաս արտահայտել ամենակարեւորը. երկու բառով ավելի դժվար է ասել ճշմարտությունը, քան` դրա մասին գիրք գրելով:
Ես զբաղվում եմ ժամանակակից նկարչությամբ, իսկ ժամանակակից գործն այն է, որ ստեղծվում է այսօր, ոչ` երեկ:

Մարդիկ հեռացան Աստծուց, գնացին դեպի տեխնոլոգիա: Երբ բնությունից հեռանում ես, բնազդները բթանում են: Արվեստի մեջ մտավ մտածողություն` դուրս մղելով տաղանդ բառը, որն այսօր միայն Հայաստանում գոյություն ունի: Դրսում ասում են` նա խելացի է: Նկարչությունը տեսողական արվեստ է, բայց կորցրել է իր ձեւը, քանի որ սկսել է իրագործվել խելքով”:

Նկարչությունից բացի կցանկանար...“Երբեմն ուզում եմ այլ ձեռագրով ստեղծագործել եւ ծածկանունով հանդես գալ: Եթե ժամանակ ունենայի, անպայման տարբեր բնագավառներում ինձ կփորձեի, բայց քանի որ բնույթով պերֆեկցիոնիստ եմ եւ չեմ սիրում կիսատ գործեր, կենտրոնանում եմ նկարելու վրա”:

Տիգրան Ձիթողցյանի կտավներից (Յուղանկարում նրա կինն ու որդին են)


Կարոտում է Հայաստանը, հատկապես` իր Երեւանը.“Քաղաքում տեսախցիկներ են տեղադրել, միացնում եւ ժամերով դիտում էի` հույս ունենալով որեւէ ծանոթ դեմք տեսնել: Յուրաքանչյուր այցիս ժամանակ ավելի շատ եմ զգում, որ Երեւանն իմ ճանաչած քաղաքը չի, մարդիկ են տարբեր, բայց դա բնական է: Այդտեղ ցուցահանդես կազմակերպելու համար իմ ցանկությունը քիչ է, պետք է հետաքրքրություն լինի, նաեւ հրավեր, որը, ցավոք, դեռ չեմ ստացել”:

Տիգրան Ձիթողցյանի ստեղծագործական գործունեությանը հետեւելու համար կարող եք միանալ նրա “ֆեյսբուքյան” էջին:

Զրուցեց Հայկանուշ Ալոյանը/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/ եւ Տիգրան Ձիթողցյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport