×


Րաֆֆի Արտոն

Րաֆֆի Արտոն այսօր կպայքարի «Ֆրանսիայի ձայն»-ի եզրափակչում

Ֆրանսիայի «Ձայնը» նախագծի ընթացիկ եթերաշրջանը մոտենում է ավարտին եւ այսօր՝ մայիսի 12-ին, կկայանա եզրափակիչ փուլը: Չորս ֆինալիստների թվում է ֆրանսահայ պատանի երգիչ Րաֆֆի Արտոն, ում շատերը ճանաչում են որպես ռոքնռոլի «փոքրիկ իշխան» կամ որպես ապագա Էլվիս Փրեսլի: Նա հաջողությամբ հաղթահարել է հեղինակավոր նախագծի բոլոր փորձությունները` լինելով տարիքով ամենափոքր մասնակիցը: BRAVO.am-ն այս անգամ զրուցել է նրա մայրիկի՝ Նաիրա Անտոնյանի հետ, ով պատմել է` ինչպես է որդին պատրաստվում վերջին ելույթին եւ ինչ սպասումներ ունի նախագծից:

Րաֆֆի Արտոն` մայրիկի հետ


Տիկին Նաիրան ասում է, որ նախագիծը մեծ փորձություն էր, որի միջով անցել է ոչ միայն որդին, այլեւ իրենց ողջ ընտանիքը՝ երբեք մենակ չթողնելով նրան.«Շուտով Րաֆֆին ելույթ կունենա եզրափակչում: Գիտեք, այնպես չէ, որ նա մեծ ոգեւորությամբ սպասում է իր հաղթանակին եւ տրամադրված է միայն հաղթելուն: Դա երկրորդական խնդիր է եւ չի մտահոգում նրան: Րաֆֆին պարզապես հանգիստ եւ ուրախ ժամանակ է անցկացնում նախագծում եւ պատրաստվում է այսօրվա նկարահանմանը, որտեղ յուրաքանչյուր մասնակից պետք է երեք երգ ներկայացնի: Նա վայելում է հետաքրքիր պահերը եւ մտածում է ամսի 18-ի պետական քննության մասին»:

Նրանից հետաքրքրվեցինք, թե որդին մասնագիտական ինչ ընտրություն է կատարել բուհ ընդունվելու համար եւ ապագայի ինչ ծրագրեր ունի: Պարզվեց՝ չնայած երաժշտության հանդեպ մեծ սիրուն՝ Րաֆֆին որոշել է օդանավի ինժեներ դառնալ: Մայրը դա բացատրում է այն հանգամանքով, որ ինքն ու ամուսինը երկար տարիներ է՝ աշխատում են այդ ոլորտում, եւ տղան մեծացել է այդ միջավայրում՝ դեռ փոքրուց մեծ հետաքրքրություն ունենալով ինքնաթիռների հանդեպ:

Րաֆֆի Արտոն


«Արդեն մի քանի տարի այդ ցանկությունն ունի, բայց, վստահաբար, երգն անպակաս կլինի նրա կյանքից: Ի դեպ, չնայած` նա խոսում եւ գրում է անգլերեն, բայց ցանկություն ունի նաեւ ռուսերեն սովորել: Քիչ թե շատ նաեւ գերմաներեն գիտի: Իհարկե, մեր ընտանիքում պահպանվել են հայկական ավանդույթները, լեզուն՝ նույնպես: Այնպես որ, Րաֆֆին տիրապետում է նաեւ հայերենին»,- ասում է տիկին Նաիրան:

Նշենք նաեւ, որ երաժշտությունից բացի, 16-ամյա Րաֆֆի Արտոն զբաղվում է սպորտով, մասնավորապես՝ բոքսով, կարատեով եւ ֆուտբոլով: Այդպիսով նա փորձում է լիցքաթափվել հագեցած առօրյայից, իսկ ազատ ժամանակ բաց չի թողնում ընկերներին տեսնելու առիթը: Ինքնուրույն նվագել եւ երգել սովորած պատանին այսօր արդեն հայտնի է ոչ միայն Ֆրանսիայում, այլեւ Հայաստանում եւ այլուր, մասնակցել է բազմաթիվ երաժշտական մրցույթների, փառատոների, ելույթ է ունեցել աշխարհի տարբեր ծայրերում: BRAVO.am-ը նրան հաջողություն է մաղթում նաեւ ֆրանսիական «The Voice»-ի եզրափակիչ փուլում:):

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Րաֆֆի Արտոյի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին