×


Քըրքորյանի մասին «Խաղացողը» գրքի շնորհանդեսը Գյումրիում

«Ուշագրավ հայացք Քըրքորյանի անամփոփելի կյանքին... Միլիարդատիրոջ հետաքրքիր դիմանկար»՝ այսպես է բնութագրել ամերիկյան «Ուոլ Սթրիթ Ջըրնըլ» հայտնի պարբերականը Ուիլիամ Ռեմփելի «Խաղացողը» ստեղծագործությունը, որն արդեն թարգմանվել եւ հրատարակվել է նաեւ հայերեն տարբերակով: «Լոս Անջելես Թայմզ»-ի հետաքննող լրագրողի հեղինակած գիրքը պատմում է, թե ինչպես անփող, թերուս Քըրք Քըրքորյանը դարձավ կապիտալիստական պատմության խոշորագույն գործարարը: «Էդիթ Պրինտ» հրատարակչությունն էլ նախաձեռնել է ԱՄՆ-ում լույս տեսած եւ արդեն բեսթսելեր դարձած գրքի հայերեն թարգմանությունը, որի շնորհանդեսն օգոստոսի 4-ին էր՝ Գյումրիում:

«Որոշել ենք շրջել Հայաստանի տարբեր քաղաքներում եւ գիրքը ներկայացնել հայ ընթերցողին: Մեր այս նախագիծն էլ անվանել ենք «Քըրքարշավ», որի առաջին կանգառը Գյումրին է: Ինչպես հայտնի է, վերջերս այստեղ տեղադրվեց ամերիկահայ հայտնի գործարար, միլիարդատեր եւ բարերար Քըրք Քըրքորյանի արձանը, այդ իսկ պատճառով էլ մտածեցինք բացօթյա շնորհանդեսը հենց արձանի հարեւանությամբ անցկացնել: Առաջիկայում գիրքը կներկայացվի նաեւ Վանաձորում, Սեւանում, Հրազդանում, Երեւանում եւ Արցախում»,- BRAVO.am-ի հետ զրույցում նշեց «Էդիթ Պրինտ»-ի PR մենեջեր Ռոզա Գրիգորյանը:

«Խաղացողը» գրքի շնորհանդեսը Գյումրիում


Գրքի հեղինակ Ուիլիամ Ռեմփելը փաստում է՝ սա ոգեշնչող պատմություն է մի տղայի մասին, որը ոտաբոբիկ վազվզում էր Կալիֆորնիայի Սան Խոակին հովտի բերքառատ ու փափուկ հողի վրայով, մինչեւ ընտանիքի ֆինանսական քաոսը նրան քաղաքի տղա դարձրեց, որը ստիպված էր պայքարել Լոս Անջելեսի կեղտոտ մայթերին իր տեղը գտնելու համար: Նա պինդ տղա էր, որ լաց էր լինում հուղարկավորությունների ժամանակ, համեստ մարդ, որ գաղտնի հպարտանում էր իր ձեռքբերումներով, բիզնեսում հանճար, համարձակ օդաչու եւ կինոմագնատ, մոլի խաղացող խաղատներում եւ Ուոլ Սթրիթում.«Սակայն այս ծրագրի մեջ ընդգրկվելուց հետո միայն բացահայտեցի, որ նա սկսել էր ոչնչից՝ առանց անգամ մի գրոշ ժառանգության, մինչդեռ այդ ոչինչը խաղասեղանին դնելով վերածեց միլիարդավոր դոլարների»,- ասում է Ռեմփելը:

Թե ինչպես Քըրք Քըրքորյանը (Գրիգոր Գրիգորյան) կարողացավ դառնալ Ամերիկայի ամենահարուստ եւ ամենաառատաձեռն մարդկանցից՝ 20 միլիարդ դոլարի հասնող կարողություն կուտակելով, շատ քիչ է հայտնի աշխարհին, քանի որ ամեն ինչից շատ Քըրքը կարեւորում էր իր անձնական կյանքի գաղտնիությունը: Նրա ընկերներն ու ծանոթները, սակայն, գործարար, զվարճանքի եւ սպորտի աշխարհի խոշոր դեմքերից էին, որոնց թվում էին Դոնալդ Թրամփը, Ֆրենք Սինատրան, Բարբարա Սթրեյզանդը, Էլվիս Փրեսլին, Մայք Թայսոնը եւ Անդրե Աղասին:

«Խաղացողը» գրքի շնորհանդեսը Գյումրիում


«Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանն իր ելույթի խոսքում նշեց, որ Քըրք Քըրքորյանը շատ փակ մարդ է եղել, հարցազրույցներ չի տվել, հանրության առաջ ելույթներ չի ունեցել, որի պատճառով գրքի հեղինակը մի շարք բարդությունների է հանդիպել.«Քըրքորյանի խորհրդատուներն ու գործընկերները կարծում էին, որ անգամ նրա մահից հետո պետք է պահպանել գաղտնիությունը, սակայն Ռեմփելին հաջողվել է բացառություններ գտնել»:

Հավելենք, որ գիրքն արդեն վաճառվում է Հայաստանի մի շարք գրախանութներում, եւ կարող եք ձեռք բերել «Խաղացող»-ի ձեր օրինակը: Ինչպես «Կալիֆորնիա Կուրիեր» շաբաթաթերթն է գրում, «Յուրաքանչյուր հայի խորհուրդ կտանք գնել Քըրքի կենսագրական գիրքը եւ այն առաջարկել նաեւ այլազգի հարեւաններին, ընկերներին ու գործընկերներին: Քըրքորյանի անհավանական ձեռքբերումները մեծ պատիվ են բերում ամբողջ աշխարհի հայերին»:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Շաքե Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին