×


Ալինա Բաբայան

Ալինա Բաբայան

Իսպանիայով ու արեւելյան ֆլամենկոյով տարված պարուհին :) Իսպանիա ոտք դրած, արեւելյան ֆլամենկոյով տարված, Իսպանիային սիրահարված Ալինա Բաբայանը մոտ 4 տարի ապրում է Բարսելոնում, դասավանդում իսպաներեն ու արեւելյան պարեր: Երեւան է եկել կարճ ժամանակով` նպատակ ունի հայկական ազգագրական պարերը միահյուսել արեւելյան պարերին, նոր “ֆյուժն” ստեղծել ու իր իսպանուհի աշակերտներին սովորեցնել: :) Alina Babayan Պարուհի Ալինան հաճախ իսպանական ֆլամենկոն ու արեւելյան պարերը խառնում, ստանում է արեւելյան ֆլամենկո ոճը: Նրա երազանքն է` իսպանուհիներին սովորեցնել հայկական պարի էլեմենտները` միախառնելով իրենց հարազատ ռիթմերին. “Ֆլամենկոն Իսպանիայի ազգային պարն է համարվում: Ընդհանրապես, իսպանական մշակույթի, լեզվի մեջ արաբական ազդեցությունը նկատելի է: Ֆլամենկոն էլ որոշակի նմանություններ ունի արաբական ոճի հետ, երկուսն էլ շատ դժվար են: Նաեւ տանգոն  ու սամբան ենք միախառնում արաբականին”::) “Առաջարկեցին պարել սովորել, իսկ ես մտածեցի, որ արդեն մեծ եմ” :) Արեւելյան պարերով սկսել է զբաղվել Բարսելոնում. “Ընկերուհիներիցս մեկը մոդելյոր էր ու արեւելյան մի պարուհու համար պետք է պարային կոստյում կարեր: Խնդրեց, որ ինտերնետում միասին փնտրենք շորերը, մտածենք` ինչ կարելի է կարել: Ինձ էլ առաջարկեցին գնալ ու սովորել, իսկ ես մտածեցի` 24 տարեկան եմ, արդեն մեծ եմ: Իհարկե, սխալ էի, որովհետեւ այս պարային ուղղությունը տարիքային սահմանափակում չունի: Մտածեցի` եթե ինձ մոտ ստացվի, անպայման կդառնամ պարուհի: :) Առաջին դասին էլ պարուսույցին ասել էի իմ մտադրության մասին: Բայց պրոֆեսիոնալ պարուհի դառնալու համար շատ ես տանջվում, ինքդ քեզ վրա աշխատում ու պայքարում”: Alina Babayan Պարուհին իր սիրողական խմբով հաճախ է համերգների ու փառատոնների մասնակցում. “Մեր պարի դպրոցում սովորում է մոտ 2000 աշակերտ, որոնց մեջ միայն 1 տղա կա: :) Ամենամեծը 75 տարեկան կին է, ամենափոքրը` 13 տարեկան: Փոքր երեխաներին չարժե միանգամից այս պարերը սովորեցնել, նրանք չեն զգում շարժումները, ուղղակի կրկնօրինակում են”: “Պորտապարը կոպիտ բառ է ու ճիշտ չի հնչում” Ալինան նշում է, որ արաբական պարերն Իսպանիայում շատ տարածված են. գեր, նիհար, մեծ, փոքր, հղի կանայք պարում են ու բեմ բարձրանում. “Իմ խմբում էլ տարիքով կանայք են, գիտեն, որ պարն օգտակար է իրենց համար: Հաճախ շրջագայությունների ենք գնում. համերգներ ենք ունեցել Եգիպտոսում, Պորտուգալիայում, Անդորրայում: Հրավերներ ունենք Անգլիայից, Իտալիայից, բանակցությունների մեջ ենք, հուսանք, որ կպարենք նաեւ հայ հանդիսատեսի համար”: Alina Babayan Նա պատմում է, որ հիմքում արաբական պարերն են, իսկ ճյուղերը լիբանանյան, պարսկական, թուրքական, մարոկկոյական, եգիպտական ոճերն են. “Խմբիս հետ ավելի շատ պարում եմ եգիպտական ոճը, որն ավելի նուրբ ու կանացի է: Պորտապարը կոպիտ բառ է ու ճիշտ չի հնչում, Իսպանիայում օգտագործում են “Восточные танцы” արտահայտությունը: Այս պարային ուղղությունը շատ երկար դարերի պատմություն ունի, ոչ ոք ստույգ չգիտի` որտեղից է առաջացել: Շատերն ասում են` ծագումով եգիպտական են, մի մասն էլ վստահ է, որ արաբական են: Սա գիտության նման է` ունի իր ճյուղերը, տարատեսակ պարերը միքս ենք անում, նոր բեմադրություն ստանում, որը կոչում ենք “ֆյուժն”: Շատ կարեւոր է ճիշտ բեմադրելն ու ոճերը միախառնելը”: “Որակյալ ու գեղեցիկ զգեստն արժե 1000-2000 եվրո” Պարուհու խոսքով, իրենց բեմական հագուստները ձեռքի աշխատանք են ու թանկ արժեն. “Եվրոպական երկրների համեմատ Եգիպտոսում ու Մարոկկոյում ավելի էժան են: Որակյալ ու գեղեցիկ զգեստն արժե 1000-2000 եվրո, իսկ ամենացածրը սկսվում է 200-300 եվրոյից: Գոտին ամենաաշխատատար ու թանկ հատվածն է: Կիսաշրջազգեստն էլ պարտադիր պետք է երկար լինի, որպեսզի ծնկները չերեւան ու չթափանցեն”: Alina Babayan Ալինայի սիրելի պարերն արաբական անվանումներ ունեն` “Սաիդի”, “Ղավադի”, “Բելեդի”, “Տրիբալ”: Այնտեղ տարածված են նաեւ բեմական անունները. “Պարուհիներն իրենց համար արաբական անուններ են ընտրում` Ամիրա, Ջամիրա, Սալիմա եւ այլն: Իմ անունը շատ եմ սիրում, չեմ փոխել. ինձ համար խորթ կլինի, որ ուրիշ անունով ինձ ներկայացնեն”: :) Հաջորդ տարի պարուհին ուզում է ընդունվել Մադրիդի Խուան Կարլոսի անվան համալսարան` պրոֆեսիոնալ պարային կրթություն ստանալու. “Տեսական գիտելիքներ, արեւելյան ավանդույթների ուսուցում, մի ամբողջ գիտություն են սովորեցնում, բայց արդեն ընդունվելիս պետք է պրոֆեսիոնալ լինես: Ի վերջո, թագավորի անվան համալսարանում ես սովորում, որը միջազգային կարգի է: Հետագայում էլ սեփական պարի դպրոցը հիմնելու նպատակ ունեմ”: Alina Babayan “Իսպանացիներն անհոգ, մարդամոտ, անկոմպլեքս մարդիկ են” Զրուցակիցս Բարսելոնում գրեթե միշտ իսպանացիների հետ է շփվում, առանց ընտանիքի է մեկնել, բայց բազմաթիվ ընկերներ ու մտերիմներ ունի, նույնիսկ իսպանացի ընկերներն են իրեն ծանոթացնում տեղացի հայերի հետ:). “Հայերի ու իսպանացիների ապրելակերպը շատ է տարբերվում, բայց բնավորությամբ նման են: Իսպանացիները հայերի նման շուտ բռնկվող, տաքարյուն ու էմոցիոնալ մարդիկ են: Նաեւ անհոգ, մարդամոտ, շուտ մտերմացող, անկոմպլեքս են, ինչը չէի ասի հայերի մասին: Կարող են անհոգ փողոցներում պարել, չմտածել, թե կողքից ինչ կմտածեն իրենց մասին: Միգուցե նրանք ավելի բարեկեցիկ են ապրում, բայց լավ ապրելու համար անընդհատ սթրեսի մեջ են, աշխատանքի մասին են մտածում: Իսպանիայում կյանքն անընդհատ շարժման մեջ է, իսկ Հայաստանում ժամանակն ավելի դանդաղ է անցնում”: Alina Babayan “Մտածեցի` մի քանի ամիս կմնամ ու կվերադառնամ, բայց…” :) Ավարտելով Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի անգլերեն-ռուսերեն թարգմանչական բաժինը, դասավանդել է, այնուհետեւ. “Հրավիրեցին Իսպանիա մասնակցելու Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի  կոնգրեսին, ուր պետք է թարգմանություններ անեի: Հայկական ֆեդերացիայի հետ մեկնեցի Բարսելոն, ուր հնարավորություն ունեի մի քանի ամիս բնակվելու եւ լեզուն սովորելու: Իսպաներեն ընդհանրապես չգիտեի, մտածեցի` լեզուն կսովորեմ, մի քանի ամիս կմնամ ու կվերադառնամ, բայց չվերադարձա: Մինչ այդ 6 ամիս բնակվել եմ Իտալիայում, բայց Իտալիան ինձ չձգեց”: Alina Babayan Իսպանական դպրոցում 3 ամիս սովորելուց հետո Ալինան հանձնում է պետական քննություններ ու իսպաներեն դասավանդելու հնարավորություն ստանում ցանկացած երկրում. “Օրական 4 ժամ դաս էինք անում, 1 ժամ էլ իսպանական մշակույթն էինք ուսումնասիրում: Քննություններից հետո հրավիրեցին աշխատանքի “Օքսֆորդ”-ին կից լեզվաբանական ակադեմիայում”: Ի դեպ, պարուհին տիրապետում է 6 լեզուների` իսպաներեն, անգլերեն, ռուսերեն, իտալերեն, կատալոներեն ու հայերեն: Իմանալով նրա “պոլիգլոտ” լինելու մասին` ծանոթներն ու մտերիմները հաճախ են տարբեր լեզուներով պարի մասին գրքեր նվիրում նրան: :) Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Ալինա Բաբայանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport