×


Արա Թորոսյան (Մուրզո)

Արա Թորոսյան (Մուրզո)

Կնոջ, ջութակի ու երաժշտության մասին:) Ջութակը կնոջ պես է, գուցե ավելի կամակոր տեսակը. չի սիրում դավաճանություն, իր նկատմամբ չափազանց ուշադիր վերաբերմունք է պահանջում, ցանկանում միմիայն իրեն նվիրվես: Արա Թորոսյանը նվիրված է ընտանիքին, երաժշտությանը, Երեւանին, բայց նաեւ կարողանում է հարկ եղած դեպքում իր ջութակի հետ երկխոսության մեջ մտնել: Murzo Երաժշտության հետ կապ չունեցող աշխարհագրագետի եւ քիմիկոսի կապից չի բացառվում, որ շատ երաժշտական անձնավորություն ծնվի:): “Չնայած` հայրս “Անի” ռեստորանում դաշնամուր է նվագել ինքնուս…”,- Bravo.am-ի հետ զրույցում անկեղծացավ Արա Թորոսյանը, նույն ինքը` հայտնի գործիքավորող Մուրզոն: Երաժշտի խոսքով` իր բախտը հենց ծնողներն են որոշել: Այդպես կարծելու երկու կարեւոր պատճառ ունի. “Չայկովսկու անվան երաժշտական դպրոց տարան, որն ավարտելուց հետո կոնսերվատորիա ընդունվեցի: Թեեւ որպես ջութակահար բավական կայացած էի, մրցույթների ժամանակ հաղթանակներ էի գրանցում, չկարողացա, չցանկացա շարունակել ու երկրորդ կուրսում տեղափոխվեցի կոմպոզիցիայի բաժին”: Կոմպոզիցիայի բաժնում էլ Արայի ցանկություններն ու հետաքրքրությունները լիովին չեն բավարարվում, բայց ամեն ինչի մասին` հերթով: ): Տղամարդու կյանքում ճակատագրական կարող է մեկ էլ սիրելի կնոջը հանդիպելը լինել: “Նա էլ է Չայկովսկու դպրոցում սովորել, ուղղակի ի տարբերություն ինձ` այդ շրջանի իր հիշողություններում ես չկամ:)”,- նշեց Արա Թորոսյանը եւ հավելեց. “Կինս եւս կոնսերվատորիայում է սովորել. դաշնակահար է, նույնիսկ երգել է Արթուր Գրիգորյանի “Ասուպ”-ում: Պարզվում է` այդ երգը ես էի գործիքավորել:): Երեւի փորձել եմ մի քիչ զերծ պահել իրեն այս դաշտից,  որ ուշադրությունը ավելի շատ սեւեռի դեպի ընտանիքը”: Murzo Մուրզոն երկու երեխա ունի: Երաժշտությունը անտարբեր չի անցել նաեւ երաժշտի զավակների կողքով. “Տղաս 12 տարեկան է, կամ էլ սխալվում եմ, գուցե ավելի մեծ… 1997 թվականի ծնունդ Է, հա, 14 տարեկան է:): Նրա ռիթմի զգացողությունը բավական զարգացած է: Տասնամյա դուստրս էլ է երաժշտական. պարի հանդեպ պրոֆեսիոնալ վերաբերմունք ունի”: Երաժշտության վերածված հույզեր Արա Թորոսյանի երաժշտական ճաշակը, դասականի, ջազի եւ փոփի նկատմամբ մոտեցումները սկսել են ձեւավորվել, իր խոսքերով, Խորհրդային Միության “քանդվելուց” շատ առաջ. “Ժամանակին դրսից ներմուծվող երաժշտությունն արգելված էր, բայց Հայաստանը միեւնույն է ամեն հարցում միշտ առաջադեմ է, եւ ես մանկուց եմ ծանոթ արտասահմանյան երաժշտությանը”: Գործիքավորում, “հայերեն” ասած` “օրանժիրովկա” :). 90-ականներին նոր-նոր ձեւավորվող, Մուրզոյի համար եւս անծանոթ բնագավառ, բայց նաեւ նորաստեղծ երգերի հետաքրքիր մեկնաբանումներ ստանալու մեծ ցանկություն. “Կուռքս, որին հետեւում էի, գործերն ուսումնասիրում, հայտնի Քուինսի Ջոնսն էր` ներշնչանքի իմ աղբյուրը: Փորձում էի իր պես աշխատել` պատկերացնելով երաժշտությունն այնպես, ինչպես ինքը` բնականաբար, վերարտադրելով իմ պրիզմայով: Նա ուրիշ օդ է շնչել, ուրիշ հաց կերել, ես իմ տարբերակն ու հայկական մենթալիտետն ունեմ:)”: Murzo Գործիքին տիրապետելուց հետո անհրաժեշտ է կարողանալ սեփական մտքերը վերարտադրել դրա միջոցով: Էմոցիաների վերածումը երաժշտության հենց այն է, ինչը կարողանում է ստանալ Արա Թորոսյանը. “Հետաքրքիր է` ճշգրիտ գիտություններից բավական կաղում եմ… Շատ եմ կաղում, ինձ հետ դա կապ չունի, կապակցել, համադրելն է լավ ստացվում եւ ինքս ինձ ու ունկնդրին հուզելը”: “Համար առաջին երգչի` Թաթայի հետ եմ աշխատում”. Մուրզո Իրենց երգերի գործիքավորումը Մուրզոյին առաջին վստահողներից էին Գրիշա Աղախանյանն ու Արսեն Ալեքյանը. “Այդ ժամանակվա համար ակտուալ թեմայով “Լեւի լույս” բավական հաջող գործը ստեղծվեց նոր-նոր ասպարեզ մտած ռեփ ոճում”: Երաժշտի հետ համագործակցել ցանկացող արտիստների “բանակ” է ստեղծվում. “Նադեժդա Սարգսյանի թիմը, Արթուր Գրիգորյանի ղեկավարած Երգի թատրոնի առաջին սերունդը”: Արա Թորոսյանը Թաթա Սիմոնյանի նվագախմբի տղաներից մեկն է 2000 թվականից:): Բայց երգչի հետ նրա համագործակցությունը սկսվել է փոքր-ինչ շուտ` “Տեսար` ինչ եղավ” երգով. “Թաթայի “Ո՞վ է նա” ձայներիզում ընդգրկված վերջին գործն է, որ շատ սիրում եմ. մեղեդային է, խորիմաստ եւ հուզական տեքստով: Հաջորդը գործիքավորեցի Լյուբով Ուսպենսկայայի հետ նրա դուետը”: Murzo & Marina Ales Մինչ օրս էլ Թաթայի բոլոր երգերի գործիքավորումը Մուրզոն է կատարում. “Բայց ես չեմ անում այն, ինչը չեմ անում:): Թաթան ու Պրոֆը` Արթուր Ասրյանը, որոշում են երգի ձեւը, այն գրում է, բնականաբար, Թաթան, իսկ երանգավորումը, ձայների ընտրությունը, դրանք ռեալիզացնելու, նվագելու գործերը ես եմ անում”: Գործիքավորողի համար կենդանի երաժշտությամբ զբաղվելը պակաս կարեւոր չէ: “Եթե բեմ ես բարձրանում, չես կարող իջնել մինչեւ կյանքի վերջ: “Հայեր” խմբում էի նվագում, ժամանակին ջութակով էի ելույթ ունենում, իսկ հիմա համար առաջին երգչի` Թաթայի հետ եմ աշխատում: Կարծեմ` “Անապատի արեւ” երգի գործիքավորման ժամանակ էր, երբ Պրոֆն ինձ առաջարկեց միանալ խմբին: Կանադա պետք է գնայինք եւ ընդամենը 5 օր ունեինք:  Ես այդ ընթացքում կարողացա խմբի արդեն նվագվող ծրագիրը հաղթահարել, այսինքն` պտտվող անիվի մեջ մտնել”,- ասաց Արա Թորոսյանը: Հոգուց բխած ու աշխատված երգեր Համերգներով զբաղված լինելն ու գործիքավորումից զատ մնալը Մուրզոյին երբեմն նույնիսկ օգնում է. “Գործընթացը էներգատար, ճնշող բան ունի իր մեջ: Այն էներգիան, որից հնարավոր է մեծ կտավի գործ` առանձին երգ ստեղծել, կտրատվում է ուրիշների հեղինակած երգերի մեջ: Հյուրախաղերի ժամանակ հաճույքով ազատվում եմ այդ ծանրությունից եւ թողնում տեղը ինչ-որ նոր բան լցվի”: Murzo Նա ժանրային սահմանափակումներ չունի. “Սիրում եմ ցանկացած ոճում ստեղծված հետաքրքիր գործերը, որոնք հաճելի են եւ լավ ինֆորմացիա են կրում իրենց մեջ: Կարող է բողոք էլ լինել, կարեւորը` հոգուց բխած ու աշխատված գործ լինի”: Երաժշտությունից ոչ պակաս կարեւորում է երգի բովանդակությունը. տեքստերին մեծ տեղ է տալիս:):“Այդ առումով հաճույքով եմ համագործակցում Մարինե Ալեսի հետ: Գրականության, պոեզիայի սիրահար եմ մանկուց, կարդացել եմ ինչքան կարողացել եմ: Բայց գիտեմ` հեռու եմ այն մարդկանցից, ովքեր շատ ու շատ կարդալու երջանկություն ունեն”,- նշեց Արան: Հիթային երգերի հաջողության 95 տոկոսը հաջող գործիքավորման շնորհիվ է: Ժամանակին Մուրզոն այս կարծիքին էր. “Չնայած միշտ հերքել եմ դա: Իսկ հիմա իսկապես այդպես չի, քանի որ, ցավոք, երգերի բովանդակությունն ու որակը այն աստիճանի սահմանների մեջ ու սահմանափակ են, որ ինչպես էլ գործիքավորես, հում են մնում. անհետաքրքիր են: Դրանք մեկ, մաքսիմում երկու օր ապրող երգեր են, որոնք  աշխատելու շատ տեղ չեն տալիս եւ ունկնդրին բթացման են մղում: Ես աշխատում եմ օգնել եւ համագործակցել այն մարդկանց հետ, ովքեր ցանկություն ունեն որակյալ, նոր բան ստեղծել”: Ի դեպ, Հայաստանում եւ Սփյուռքում իրականացվող մրցանակաբաշխությունների ժամանակ նոր անվանակարգ է սահմանվում:): Երաժիշտը պարբերաբար ճանաչվել է տարվա “Լավագույն գործիքավորող” կամ “Լավագույն երաժշտական պրոդյուսեր”: Murzo & Hrant Tokhatyan Էմմիի լավ ելույթի համար Մուրզոյի մատը գրեթե միշտ խառն է նաեւ “Եվրատեսիլ”-ում Հայաստանի ներկայացրած երգերին: Մրցույթում Անդրեի կատարած “Without Your Love”-ի գործիքավորումը ժամանակակից երգի եւ ժողովրդական գործիքների միքս է: “Դրանից հետո ժողովրդական գործիքները սկսեցին շատ ավելի ակտիվ օգտագործել գործիքավորումների մեջ”,- նշեց նա: Հայկոյի, Ինգա եւ Անուշ Արշակյանների, Եվա Ռիվասի “եվրատեսիլյան” երգերի գործիքավորումները եւս Արա Թորոսյանն է կատարել: Այս տարվա “Եվրատեսիլում” Հայաստանի ներկայացուցիչ Էմմին նրան Մուրզո անունով “կնքողն” է:): “Անհրաժեշտության դեպքում ամենավերջին ուժերս էլ կներդնեմ Էմմիի լավ ելույթի համար` երգ գործիքավորելով, անգամ բեմի հետեւում դրոշ պահելով: Երգի ընտրության փուլի համար Արման Ղազարյանի հեղինակած գործի նախնական կառույցն ենք ստեղծել եւ ներկայացրել հանձնաժողովին”,- ասաց Մուրզոն: Գործիքավորումներ կատարելուց բացի Արա Թորոսյանը երաժշտություն է գրում: Արազ Դարեի եւ Արմինկայի “Սեր ու կարոտ” դուետը, Նառայի “Արեւելքից արեւմուտքը” նրա հեղինակած գործերն են: Երաժիշտն առանձնակի հաճույքով ֆիլմերի համար է սաունդթրեքներ գրում: “Արարատից Սիոն”-ը Արայի հպարտությունն է. “Երգչուհի, “Գլադիատոր” ֆիլմի երաժշտության հեղինակ Լիզա Ջերարդի վոկալը համադրել եմ իմ երաժշտության հետ: Այն հնչում է ֆիլմի որոշ հատվածներում”: Murzo Արա Թորոսյանը օրերս ավարտել էր հայկական բանակի հոբելյանի առթիվ Ռոբերտ Ամիրխանյանի գրած “Երդվում եմ քեզ, իմ երկիր” երգի գործիքավորումը, որը Ռոբերտ Մլքեյանի ղեկավարած երգչախմբի կատարմամբ հնչեց հենց հունվարի 28-ին: Հենց շունչդ կտրվում է, հայրենիք արի :) Երաժիշտը Միացյալ Նահանգներում աշխատելու առաջարկ է ստացել. “Մի քանի մեծ նախագիծ կա, ծավալուն աշխատանքներ պետք է տարվեն, մոտ մեկ ու կես տարի անհրաժեշտ կլինի, որ այնտեղ լինեմ”: Արան առաջիկա մեկ ամսվա մեջ ընտանիքի հետ կփորձի մեկնել, բայց ասում է` առանց Երեւան երկար չի կարող դիմանալ. “Փառք Աստծո, այժմ գնալ-գալու խնդիրը հեշտ է լուծվում. հենց շունչդ կտրվում է, կարող ես գալ հայրենիք, այնուհետեւ վերադառնալ աշխատանքիդ: Առանց Երեւան հնարավոր չէ երկար մնալ: Սա մեր քաղաքն է, մենք սիրում ենք այն:)”: Murzo Մուրզոյից հետաքրքրվեցինք` վերջին շրջանում առաջին սիրո` ջութակի հետ շփվելու առիթ ունեցե՞լ է: “Գործիքավորումներից մեկում մի հատված կար, որ անհրաժեշտ էր ջութակով նվագել: Մտածեցի` ջութակահարի հրավիրել, մեկ էլ մտքովս անցավ` ախր ես էլ եմ ջութակահար: Ինչ ամոթ է. մոռացել եմ, որ ինքս տիրապետում եմ գործիքին: Վերցրի ձեռքս, հանգստության հետաքրքիր զգացողություն եկավ ինձ վրա: Բանավեճի մեջ մտնելով թագուհուս հետ` վերջը ընդհանուր հայտարարի եկանք, նա ժամանակավոր հանձնվեց ինձ եւ թույլ տվեց իրենով ինչ-որ բան ստեղծեմ”,- պատմեց Մուրզոն: Bravo-ն ու իր տեսակի մեջ միակ Արա Թորոսյանը:) Վերջաբանի փոխարեն “Bravo”-ական նախապատմություն:): Պատմել ենք, որ  Bravo.am-ի արմատները 1992 թվականում են, երբ Երեւանում սկսեց հրատարակվել եւ մեծ մասսայականություն ձեռք բերեց “Բռավո” շաբաթաթերթը: Արա Թորոսյանը իր արխիվում պահում է պարբերականի համարներից մեկը: “Ինձ հետ հարցազրույց է “Բռավո”-ում տպագրված: Այդ ժամանակ առաջին համարձակ քայլերս էի անում: “Ես միակն եմ իմ տեսակի մեջ” վերնագրով հոդվածում իմ մասին էի պատմել: Շատ սիրեցի եւ հպարտությամբ էի ներկայացնում` նայեք իմ մասին գրել են, նույնիսկ անգլերեն էի թարգմանել: “Բռավո”-ի կարգախոսն էլ եմ հիշում` “Ամբողջ աշխարհը ձեր ոտքերի մոտ”,- ասաց Մուրզոն եւ հավելեց. “Bravo.am-ում եւս արտիստները սիրով են ներկայանում: Գիտեմ` բավական ճանաչում ունեք”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Լուսանկարները` Արա Թորոսյանի անձնական արխիվից, Սերգեյ Հակոբյանի եւ Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport