×


Արտակ Վարդանյան

Արտակ Վարդանյան

“Հինգերորդ երեխաս սոված կմնա:)” Նրան սիրում են 30-ն անց կանայք` “Ականատես”-ի շրջանակներում «հարցեր լուծելու համար» :): Նշում է` շոուներից  իրեն ճանաչող դեռահաս աղջիկներից էլ զարմանալի սիրային նամակներ է ստանում: Աշնանը ռադիոհեռուստալրագրողն ու հաղորդավարը երկու հազար եվրո հոնորար է ստացել, բայց խոստովանում է նաեւ, որ ժամանակին Արտակ Ալեքսանյանից “ապաշնորհ” գնահատականին է արժանացել:): Արտակ Վարդանյանը Bravo.am-ին ասաց` որոշել է երկու տարի հետո անչափ հետաքրքիր թոք-շոու վարել: 2011-ը Լոնդոնում դիմավորել պատրաստվող լրագրողը ներկայում տարված է սիրելիի փնտրտուքներով:): Artak Vardanyan - Ինչո՞ւ պետք է քո մասին խոսենք, հետաքրքրվենք քո անձով: - 21 տարեկան եմ ու պատրաստում եմ լուրջ լրագրողական հետաքննական ռեպորտաժներ, քաղաքական հարցազրույցներ եմ անցկացնում` դրան զուգահեռ վարելով շոուներ, համերգային ծրագրեր ու “եվրատեսիլներ”. այն, ինչն իմ սրտով է: Եվ ամենակարեւորը` ուրախ եւ հետաքրքիր մարդ եմ, ով, կարծում եմ, կամաց-կամաց հեռուստադիտողներին հետաքրքրում է. հաղորդումներիս բարձր վարկանիշը դրա մասին է վկայում: - Ինչի՞ց  սկսվեց: - Ընդամենը ուզում էի ինձ էկրանին տեսնել: Ջուր ուղեղով երեխա, ում բոլորն ասում էին` ինչ լավն է, եթերում հայտնվելու ցանկություն ունեի: Բայց երբ լրագրություն սովորեցի, էկրանին երեւալու հաճույքն էլ հանեցի, առանցքում մնաց բովանդակությունը: Փոքր ժամանակ տանը հեռուստատեսային տաղավար էի սարքել, թերթերից նորություններ էի կարդում ու ինձ տեսախցիկով նկարահանում, ընկերներիցս հարցազրույց էի վերցնում… - Քեզ շարունակում են որպես դեռահաս ընդունել, չե՞ս նեղվում: - Տեսնելիս ասում են` “վայ, էս էն համով էրեխեն ա”: Ես արդեն հոգնել եմ այդ արտահայտությունից: Փոքր ժամանակ “Հայրենիք” հեռուստաընկերությամբ “Մեր հայրենիքի պատմություն”-ն եմ վարել, տարածաշրջանային “Մենք ենք” հաղորդումը… Դրանից հետո վարում ես հասուն ծրագիր, ինքդ էլ հոգեպես արդեն հասունացել ես, բայց, միեւնույն է, մարդիկ քեզ որպես երեխա են ընկալում: Artak Vardanyan - Ի՞նչ ես արել, որ այս ասպարեզում կնքահայրդ քեզ նկատի:): - Արտակ Ալեքսանյանն ասում է` չափազանց հաջողակ անձնավորություն եմ. լինում եմ ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում ու իրականում ոչ մի խորամանկություն չեմ անում: Դա էլ իմ հաջողության գրավականն է: Նա ինձ շատ է օգնում իր խորհուրդներով: Երկու տարի առաջ, երբ Միացյալ Նահանգներից վերադարձավ, զանգահարեց եւ հարցրեց` չե՞մ ցանկանում պատանեկան հիմար “կայֆերիս”  վերջ տալ: Կաշկանդված ասացի` ուզում եմ: - “Մեծական” աշխատանքիդ հե՞շտ ընտելացար: - Սկզբում ոչինչ չէր ստացվում: Արտակն ասաց` դուրս գամ “Բանաձեւ”-ից, որովհետեւ ուղղակի ապաշնորհ եմ: Ինչ-որ մի բան չէր ստացվում, նկարահանումներս ձախողվում էին: Ինձ դրսեւորելու մի հնարավորություն խնդրեցի, “ազատություն եւ երիտասարդություն” թեմայով ռեպորտաժ պատրաստեցի: Ղեկավարս հավանեց ու երկրորդ շանսը տվեց: Հիմա ինձ համարում է “Բանաձեւ” ընկերության լավագույն աշխատողներից մեկը, “Ականատես” հեղինակային հաղորդումն է վստահել, որը բավական մեծ վարկանիշ ունի: - Շա՞տ ես նմանակում Արտակ Ալեքսանյանին: - Ամերիկյան այն հրաշալի սխեման, որով ինքն աշխատում է որպես լրագրող, չվերցնելն ուղղակի հիմարություն կլինի: Դա եմ կիրառում, ոչ թե խոսելաձեւը, միմիկան ու դեմքի արտահայտությունը: Artak Vardanyan - Անունդ էլ Արտակ դարձրիր:): - Ալեքսանյանին չէի ճանաչում, երբ ինձ սկսեցին Արտակ անվանել. Արտավազդը երկար էր: Նույնիսկ փոքր ժամանակ դեսպանատնից զանգահարել, Արտավազդին են խնդրել, մայրս ասել է` այդ անունով մարդ մեր տանը չի ապրում:): Հետո մենք փնտրում էինք ինձ զանգողին: Անձնագրով Արտավազդ եմ: - 20 տարեկան “ականատեսին” հեռուստադիտողը  հե՞շտ վստահեց: - Հաղորդումը արդեն մեկ ու կես տարի է` հեռարձակվում է: Սկզբում շատերն էին դեմ, որ սոցիալական նման լուրջ հաղորդումը ես վարեմ: Նշում էին` անվստահություն կներշնչեմ լսարանին: Անգամ ընտանիքս ինձ չէր վստահում: Բայց ես զանգահարում, դիվադադար էի անում բոլոր նախարարներին, որ հետեւողական լինեն: Վեցերորդ ամսից հետո լավ ցուցանիշներ արձանագրեցինք. ամեն երկրորդ պատմությունը լուծում էր ստանում: Միանգամից հաղորդման վարկանիշը բարձրացավ, սկսեցին խոսել` “էրեխեն ապացուցեց, որ կարող է”: Ուշադրություն դարձրեք` ինձ էլի երեխա են անվանում: - “Ականատես”-ի շրջանակներում ի՞նչ թեմաների եք անդրադառնում: - Ամենատարբեր. կոռուպցիոն եւ, ամենակարեւորը, վավերագիր կադրերով: Առավոտից երեկո գաղտնի նկարահանումների մեջ ենք, որ մի կադր որսանք: Հնարավոր է` մի ամիս նկարահանումներ իրականացնենք, բայց ոչ մի արժեքավոր կադր չունենանք, բայց մի օրում երեք հաղորդման նյութ հավաքենք: Gohar Gasparyan & Artak Vardanyan - Ականատեսների հետ շփման ժամանակ ի՞նչ երեւույթների ես ականատես լինում: - Նրանք վերջին հույսով դիմում են մեր հաղորդմանը, շատ դեպքերում ծայրահեղ քայլերի դիմում: Վերջերս մի կին իմ ներկայությամբ կիսաշրջազգեստը բարձրացրեց ու մոտավորապես ներքին օրգանների հարեւանությամբ գտնվող սպին ցուցադրեց, որ հարեւանի շան հարձակման արդյունքն էր: Ցանկանում էր համոզվեմ` իր դեպքն արժանահիշատակ է ու անհրաժեշտ է դրան անդրադառնալ: Անգամ առաջարկում են իրենց շենքի փտող խողովակների մասին ռեպորտաժ պատրաստել: - Ընտանիքումդ ինչի՞ ականատեսն ես լինում: - Իրականում տարիքիս ոչ համապատասխան շատ պարտականություններ եմ վերցրել ուսերիս, զբաղվածությունս շատ է: Արդյունքում երբեմն շատ նյարդային ու բռնկվող եմ դառնում եւ ականատես լինում, որ ընտանիքիս անդամները շատ ժամանակ ուղղակի դիմանում են ինձ:): Հայրս ու եղբայրս դեմ էին, որ ես էկրանին երեւամ, վերջինը ասում էր` մի օր գիշերով երեսս վնասելու է, որ իրենց խայտառակ չանեմ:): Հետո հասկացա` կարծում էին` չեմ կարողանա լավ դրսեւորել ինձ, հետո համոզվեցին` ստացվում է:): Artak Vardanyan - Դեռ ուսանող ես: Բուհական անցուդարձում աչքիդ տեսածը:): - Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի լրագրության բաժնի մագիստրատուրայում եմ սովորում: Կուրսեցիներս, որ հիմնականում մարզերից են, զարմանում են, եթե դասի եմ գնում:): Ինձ շատ Է ջղայնացնում, երբ որոշ դասախոսներ, հաշվի չառնելով իմ պրակտիկ գործունեությունը, խոստանում են հեռացնել համալսարանից, եթե դասերին չնստեմ: Այդպիսի մոտ յոթ դեպք է եղել: Իրականում վատ սովորող եմ:): Ամբողջ էներգիաս, կյանքս, ինչ ունեմ-չունեմ ներդրել եմ աշխատանքի մեջ, իսկ գիտելիքներս լրացնում եմ գիրք կարդալով: Գրականություն գիտեմ, պատմություն եմ ուսումնասիրում, բայց չեմ կարծում, որ պետք է Մանկավարժականում շուկայագիտություն սովորեմ հին, դեղնած գրքերով: - Կարծում էի` նաեւ օրիգինալ երեւալու համար կանխատեսելի ուսումնական անցուդարձին չես անդրադառնա:: - Օրինակ` ականատես եմ եղել դասախոսներիս բարդույթավորմանը, երբ կոռուպցիայի թեմայով հաղորդում էի պատրաստում, եւ իրենք կաշառքի մասին պետք է խոսեին: Իրենց բացատրեցի, որ թեեւ կոռուպցիային վերաբերող հաղորդում եմ վարում, բայց գիտակցում եմ` առանց դրա հնարավոր չէ այս ազգը գոյատեւի, առավել եւս Մանկավարժական համալսարանը:): Ինձ օրիգինալ չեմ ցանկանում ցույց տալ, հավատացեք, ինչպես կամ, այդպիսին եմ: - Հանրային հեռուստաընկերությունում վիճակն ինչպիսի՟ն է: - Ականատես եմ նրան, թե ինչպիսի պրոֆեսիոնալ լրագրողական թիմ կա ու ինչքան դժվար է աշխատելը: Artak Vardanyan - Իհարկե, չես վատաբանի այն ընկերությունը, ուր աշխատում ես:): - Իհարկե: Շատ հեռուստաընկերություններում շատ բան է կատարվում, մանավանդ Հանրայինը հանրապետության առաջատար ալիքն է, այդտեղ դժվարությունները շատ ավելի շատ պետք է լինեն: 21 տարեկան երիտասարդի կողմից, ում բախտ է վիճակվել աշխատել Հ1-ում, խելամտություն չի լինի բացել ներքին խոհանոցը: - Հաջորդ օրը առանց աշխատանքի կմնաս:): - Գուցե:): Իրականում այնպես չի, որ շատ բաների եմ ականատես լինում, որոնք պատմելու դեպքում անգործ կմնամ: - Հայկական շոու-բիզնեսում ինչի՟ ես ականատես: - Ծայրահեղությունների: Թե ինչպես մարդը կարող է անիմաստ տեղը խորամանկ երեւալ ցանկանա ու ստից քայլերով փորձի մեկին խաբել ու առաջ գնալ: Ականատեսն եմ լինում ոչ խելացի ձեւով իրար տակ փորելուն, անհետաքրքիր բամբասանքների, իհարկե, լավ ու տաղանդավոր մարդկանց, ովքեր իրենց գործն են անում: Շոու-բիզնեսը հենց այս ամենով է հետաքրքիր: - Ե՟րբ ես կողմնորոշվելու “լրջի” եւ “ժամանցայինի” միջեւ: -Ինձ անչափ հետաքրքիր է լրագրողական լուրջ ռեպորտաժներ պատրաստելը, միեւնույն ժամանակ չափազանց հարազատ եւ շատ ավելի սրտիս մոտ է շոուներ վարելը, երբ ազատ եմ, գունեղ վիճակներ են, տաղավարներ ու մարդիկ:): Արտակ Ալեքսանյանն ասում է` իմ առողջ ցինիզմի ու շոումենական վիճակների շնորհիվ են ռեպորտաժներս հետաքրքիր ստացվում: Օրինակ` վերելակների մասին հաղորդման ժամանակ կինը խոսում է, իսկ ես վերելակի դուռը փակում ու իջնում եմ, այդ ընթացքում իր ձայնը դեռ լսվում  է... Հետաքրքիր տեսարան էր ստացվել: Artak Vardanyan - “Եկ այս գիշեր” շոու-ծրագիրն ես վարում, անվանումը ի՟նչ երեւույթների հետ ես ասոցիացնում:): - Ինձ հետ ամեն ինչ հենց գիշերն է լինում:): Գիշերները շատ անկանխատեսելի են նաեւ այն առումով, որ այս փուլում սիրահարված չեմ ու անընդհատ սիրելիիս եմ փնտրում: Ժամանակին սիրահարված եմ եղել ու այդ բուռն զգացմունքները գործիս չեն խանգարել: Հիմա էլ նույն ապրումներն եմ ցանկանում ունենալ: -Տարբեր էակների մեջ նույն սե՟րդ ես փնտրում: -Չէ, հակառակը, լրիվ մոռացել եմ այդ անցյալ սերը. չհասկացանք իրար: - Արտակ Ալեքսանյանը, նշեցիր, քեզ համար չափանիշ է: Եթե զուգահեռենք, ուրեմն Արտակ Վարդանյանի սիրելին էլ պետք է լրագրող լինի:): - Ով ուզում է լինի, միայն ես իրեն շատ սիրեմ, ինքն էլ` ինձ: Բայց չեմ ուզի, որ լրագրող լինի. ում մասին որ նշեցի, լրագրող էր: - Շոու-բիզնեսի հետ կապված լրագրողները երբեմն երգիչ, դերասան դառնալ են ձգտում, քեզ էլ հենց շոու ասվածն է հոգեհարազատ, նման ցանկություններ չունե՟ս: - Ես հստակ ընտրել եմ մասնագիտությունս. լրագրող եմ ու հաղորդավար, շոումեն: Երգելու շանս չունեմ:): Ֆիլմերում, սերիալներում նկարահանվելու առաջարկներ շատ են լինում, բայց, իհարկե, մերժում եմ: Միայն մի դեպքում կհամաձայնեմ. առաջարկը պետք է Հոլիվուդից լինի: - Հրաչ Քեշիշյանին մոռացա՟ր: - Ինքը շատ լուրջ ռեժիսոր է, գիտի իմ տեղը, առաջարկում է հիմնականում այն նախագծերը, որոնց ես համապատասխանում եմ: Դժվար թե առաջարկի իր ֆիլմերում եւ տեսահոլովակներում նկարահանվել: - Լրագրողական ասպարեզում ամենամեծ ձեռքբերո՟ւմդ: - Նշեմ վերջին ամենակարեւորը. ֆիննական մի ընկերություն աշխարհի բոլոր լրագրողների միջեւ հետաքննական լրագրության մրցույթ էր հայտարարել: Ես ուղարկեցի վերելակների մասին ռեպորտաժս, այն որակապես անցավ: Պարգեւս երկու հազար եվրո հոնորարն էր: :) - Ներկայիս աշխատավարձով հինգ զավակներով ընտանիք կարո՟ղ ես պահել:): - Չորս բալիկներս կուշտ կլինեին, տան տիկինը շատ լավ կհագնվեր, բայց հինգերորդ երեխաս սոված կմնար:): Շատ գոհ եմ իմ եկամուտից: Մեր տան համար շատ մեծ հեռուստացույց եմ գնել, փոխել եմ կահույքը, ծնողներիս, բարեկամներին ծննդյան տարեդարձի կապակցությամբ ամենաթանկարժեք նվերներն եմ նվիրում: Նվերների հարցում շատ շռայլ եմ, ինչը “տուն տանող” տղայի հատկանիշներից մեկն է:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Արտակ Վարդանյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport