×


Դանիել Դեքեր

Դանիել Դեքեր

“Հայ եմ իմ ընտրությամբ” Երեւանում է ամերիկացի հայտնի երգիչ Դանիել Դեքերը: Նա արմատներով հայ չէ, բայց երգում է հայերեն առանց  լեզվին տիրապետելու, ասում է, որ իրեն հայ է համարում: Նա թողարկել է հայալեզու ձայնասկավառակ` “Հայ եմ իմ ընտրությամբ”, որի շնորհանդեսը երեկ կայացավ Նարեկացի արվեստի կենտրոնում: Daniel Decker “Հայ եմ իմ ընտրությամբ” ձայնասկավառակում ընդգրկված է 13 երգ`  “Կիլիկիա”, “Դլե Յաման”, “Մարտիկի երգը”, “Սիրո գիշեր”, “Ախր ես ինչպես”, “Աղջկա երգը”, “Հայոց աշարհ”, “Ադանա” երգի անգլերեն տարբերակը եւ այլն: Երգիչն առաջին անգամ չէ Հայաստանում, խոստանում է, որ վերջինն էլ չի լինի. “Երեւի 10-րդ այցելությունս է Հայաստան: Իմ կապը հայերի հետ սկսվել է 2001 թվից: Ինքս ինձ հայ եմ զգում ու հայ համարում, չնայած արմատներս ընդհանրապես հայկական չեն: Ուզում եմ այս սկավառակով հայերի ոգին բարձր պահել: Դեռ չգիտեմ հայերեն, բայց կարծում եմ` ժամանակի ընթացքում կսովորեմ”: Daniel Decker Սա երգչի թվով 3-րդ ձայնասկավառակն է, բայց հայերեն երգերով առաջինն է. “Շատ ավելի հեշտ կլիներ փոփ երգերով սկավառակ ստեղծել, բայց դա այն չէ, ինչ ես եմ ուզում: Կատարել եմ այն երգերը, որոնք յուրաքանչյուր հային ծանոթ են ու մեծ նշանակություն ունեն: Քանի որ հայերենին չեմ տիրապետում, մեծ ջանքեր եմ գործադրել, որ կարողանամ ճիշտ երգել: Բազմաթիվ երգեր լսելուց հետո ինքս եմ ընտրել, թե որոնք եմ երգելու”, - նշում է ծնունդով Պուերտո-Ռիկոյից Դեքերը: “Երբ համագործակցում էի երաժիշտ Արա Գեւորգյանի հետ, լսեցի նրա “Մուշ” ստեղծագործությունն ու պարզապես սիրահարվեցի հայկական երաժշտությանը: Մեր համագործակցությունն արդեն քանի տարի շարունակվում է, նա իմ լավ եղբայրն ու ընկերն է: Եթե չօգներ, այս ձայնասկավառակը լույս չէր տեսնի, շատ շնորհակալ եմ նրան”: Ara Gevorgyan Արա Գեւորգյանն էլ պատմեց իրենց ծանոթության մասին. “Երբ ծանոթացանք, հրավիրեցի Երեւան, այստեղ ավելի լավ շփվեցինք ու մտերմացանք: Դանիելին առաջարկեցի մասնակցել Սարդարապատի համերգին, այդտեղ լսեց “Ադանա” երգն ու որոշեց անգլերեն բառեր գրել այդ երգի համար: Հետո ինձ հետ մասնակցեց իմ համերգային շրջագայությանը, եղանք Ավստրալիայում, Միացյալ Նահանգների մի շարք քաղաքներում, Սիրիայում…”: 2005 թվին Դանիել Դեքերը Հայաստանի կողմից պաշտոնապես հրավիրվել է Երեւան` երգելու “Ադանա”-ն Ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված համերգի ժամանակ: Արա Գեւորգյանի նախաձեռնությամբ “Ադանա”-ն թարգմանվել է 21 լեզուներով ու կատարվել տարբեր ազգերի երգիչների ու երաժիշտների կողմից: Daniel Decker Շնորհանդեսին երգչին ողջունեց նաեւ Նարեկացի արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը, նվիրեց խորհրդանշական նուռը, Կոմիտասի երգերի ձայնասկավառակը, Անիի մասին պատմող վավերագրական ֆիլմը, որը երգիչն ուրախությամբ ընդունեց. “Ուզում եմ իմ հատուկ շնորհակալությունը հայտնել, որովհետեւ Նարեկացի արվեստի միության համար էլ սա կարեւոր օր է: Դու յուրահատուկ մարդ ես, որ երգում ես մեր ցեղասպանության մասին, մյուս ազգերին պատմում մեր մասին: Շատ կարեւոր է, որ մեր մասնիկն եք դարձել”, - ասաց Նարեկ Հարությունյանը: Daniel Decker Ամերիկացի երգչի` Հայաստանում գտնվելու պատճառներից մեկն էլ “Բարեկամության ոսկե կամուրջ” մշակութային միջոցառման մեկնարկը համերգային ծրագրով ազդարարելն է: Հոկտեմբերի 9-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում կայանալիք համերգի ընթացքում Դանիել Դեքերը կերգի հայերեն երգերն իր մեկնաբանությամբ, ինչպես նաեւ զուգերգեր կկատարի երգչուհիներ Լեյլա Սարիբեկյանի, Քրիստինե Պեպելյանի, Շուշան Պետրոսյանի, Աննա Խաչատրյանի հետ: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport