×


“Ճանապարհին”

“Ճանապարհին”

Հայաստանի` խանամիրյանական այցեքարտը Հոկտեմբերի 5-ին` Վանուշ Խանամիրյանի մահվան օրը, “Մոսկվա” կինոթատրոնում կայացել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի եւ վաստակավոր կոլեկտիվ Պարի պետական անսամբլի համատեղ աշխատանքի` “Ճանապարհին” ֆիլմի պրեմիերան: Խաղարկային, գեղարվեստական, պարային, երաժշտական ֆիլմի գլխավոր դերերում հանդես է գալիս  Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանը` կերտելով 3 կարեւորագույն կերպար, որոնց շուրջ պտտվում է ֆիլմի սյուժեն: Գլխավոր դերերում են նաեւ Պարի պետական անսամբլի պարուհի Լիլիթ Ասատրյանը, Ֆրանսիայից հրավիրված դերասան Երվանդ Մուրադյանը, Ժենյա Մկրտումյանն ու Լիլիթ Պիպոյանը: Harutyun Azaryan and Lilit Asatryan “Ճանապարհին” ֆիլմի ռեժիսորն ու սցենարի հեղինակը Հարություն Ազարյանն է, բեմադրող նկարիչը Նաիրա Մուրադյանը, իսկ կոմպոզիտորը`Հայկ Գրիգորյանը: “Ֆիլմը հայ ժողովրդի ներկայի ու անցյալի, հեթանոսական ժամանակների, միջնադարի եւ մեր օրերի մասին է,  որն անմիջական կապ ունի պարի հետ: Պարն այստեղ գործող հերոս է”,-ասել է ռեժիսոր Հարություն Ազարյանն ու հավելել, որ ֆիլմում ներկայացրել են Հայաստան աշխարհն իր ինքնատիպությամբ: Հեթանոս երգչուհուն մարմնավորող Լիլիթ Պիպոյանն էլ բարձր է գնահատել ֆիլմի էսթետիկական լուծումներն ու գաղափարը. “Այն հայ մարդու ազնվության, վեհության մասին է”: Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանի մարզերում` տեւելով շուրջ երկու տարի: “Եկավ մի պահ, երբ մեր հնարավորությունները թուլ չէին տալիս շարունակել աշխատանքը, բայց մեր նամակին ընդառաջեց ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը` իր աջակցությունը ցուցաբերելով ֆիլմին”,-ասել է Հարություն Ազարյանը, ով ֆիլմում կարեւորում է նաեւ կոստյումների որակն ու շքեղությունը. “Ունենք կոստյումներ, որտեղ օգտագործված են սվարովսկի քարեր”: “Առաջին անգամ էի ֆիլմում նկարահանվում, այն ինձ շատ դուր եկավ: Պարով ցույց տվեցինք մեր ազգի կերպարը: Հրաշալի օրեր ենք անցկացրել նկարահանումների ընթացքում, հատկապես հաճելի էր Վանուշ Խանամիրյանի հետ շփումը”,- BRAVO.am-ին ասել է հերոսուհուն` պարուհի Աստղիկին մարմնավորած Լիլիթ Ասատրյանը: Lusik Aguletsi “Մեռնելով էլ լինի, պիտի գամ”. Վանուշ Խանամիրյան Լեփ-լեցուն դահլիճը պրեմիերայից առաջ ու հետո Վանուշ Խանամիրյանին էր փնտրում` “Ճանապարհին” ֆիլմի կարեւոր կերպարներին` դատապաշտպանին, պարուսույցին ու մեղվաբույծին մարմնավորող պարի հայ վարպետին: Ֆիլմի ավարտին ռեժիսորը լրատվամիջոցներից իմացավ կատարվածի մասին: “Երեկ եմ խոսել հետը, ասաց` “մեռնելով էլ լինի, պիտի գա ”, խնդրել էր` հրավիրատոմսեր փոխանցեմ իրեն, բայց գիտեինք, որ վատառողջ է...”,- BRAVO.am-ին ասել է ռեժիսորն ու պատմել, որ պարի լեգենդը սկզբում երկմտել է իր երկրորդ` դատապաշտպանի դերի հարցում, փորձել հրաժարվել. “Բայց մեզ հաջողվեց համոզել իրեն: Ֆիլմը դիտելուց հետո շատ էր ոգեւորվել` նշելով` “սա Հայաստանի այցեքարտը կլինի զբոսաշրջիկների համար”: Այս  ֆիլմը, կարծում եմ, միակ գեղարվեստական ֆիլմն է, որտեղ պարի հայ լեգենդը հանդես է գալիս գլխավոր հերոսի դերում...”: “Ճանապարհին”  ֆիլմը “Կինոաշուն”-ի  շրջանակներում կցուցադրվի  Հայաստանի մարզերում, հետագայում կմասնակցի նաեւ միջազգային փառատոնների: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport