×


2012. մարզական ճանապարհ դեպի անմահություն

“Не говори с тоской: их нет, но с благодарностию: были”. ռուսական բանաստեղծության այս տողերն արդիական են նաեւ այսօր: 2012-ն իր հետ տարավ հայտնի բազմաթիվ մարզիկների. նրանց մի մասը վաղուց թողել էին սպորտը, մյուսներն իրենց փառքի գագաթնակետին էին, ոմանք էլ նոր-նոր էին սկսել շողալ մարզական բարձունքներում... Այսօր` հունվարի 7-ին, Հայաստանում հանգուցյալների հիշատակության օր էր, եւ BRAVO.am-ը ներկայացնում է  2012-ին կյանքից հեռացած մարզիկներին, որոնց անուններն ընդմիշտ կշողան համաշխարհային սպորտի պատմության էջերում:

Զինաիդա Սիմոնյանը


Զինաիդա  Սիմոնյան

Մարտի 24-ին 62 տարեկան հասակում վախճանվեց Հայաստանը ներկայացրած ռուս անվանի հրաձգուհի Զինաիդա Սիմոնյանը: Նա ԽՍՀՄ բազմակի չեմպիոն էր (1966-1985 թթ.), Եվրոպայի 15-ակի չեմպիոն (1973-1983թթ.), Եվրոպայի եռակի բացարձակ չեմպիոն (1975թ., 1976թ., 1979թ.), աշխարհի քառակի չեմպիոն (1974-1981թթ.), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ: ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հրաձգության հանրապետական մարզադպրոցի տնօրենն էր, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործադիր խորհրդի անդամ:

Կորի Սանդերսը


Կորի Սանդերս

Գերծանր քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպանեցին ՀԱՀ մայրաքաղաք Պրետորիայի մերձակայքում գտնվող ռեստորանի թալանման ժամանակ: 46-ամյա Սանդերսը ռեստորանում ընտանեկան խնջույքի էր մասնակցում, երբ ներս խուժեց գողը եւ առանց նայելու կրակեց Սանդերսի փորին:  Նախկին բռնցքամարտիկը մահացավ հիվանդանոցում: 2003-2004 թթ.-ներին Սանդերսը WBO վարկածով աշխարհի չեմպիոնն էր: Նա այդ տիտղոսը նվաճել էր 2003 թվականի մարտի 8-ին Հաննովերում ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի հետ պայքարում` արդեն երկրորդ ռաունդում հաղթելով նրան տեխնիկական նոկաուտով: 

Սանդերսը կարիերան ավարտել էր 2008-ին: Ընդհանուր առմամբ անցկացրել էր 46 մենամարտ` հաղթելով 42-ում (31-ը` նոկաուտով): Պրոֆեսիոնալ ռինգում Սանդերսն ուներ միայն չորս պարտություն:  

Հեկտոր Կամաչոն


Հեկտոր Կամաչո

Քաշային տարբեր կարգերում աշխարհի նախկին չեմպիոնը մահացու վիրավորվեց 2012-ի նոյեմբերի 20-ին` Պուերտո Ռիկոյի Սան Խուան բարի մոտ: Անհայտ հանցագործները նախ կրակել ու սպանել էին նրա մանկության ընկեր Ալբերտո Մորենոյին, ով նախկինում բազմաթիվ անգամներ քրեական պատասխանատվության էր ենթարկվել թմրադեղեր պահելու համար, հետո կրակել էին նաեւ Կամաչոյի վրա... 

Փայլուն կարիերայի ընթացքում Կամաչոն անցկացրել էր 88 մենամարտ, տարել 79 հաղթանակ` 38-ը նոկաուտով: Միայն վեց անգամ է պարտվել, այն էլ` առանց նոկաուտի: Հիշարժան են նրա մարտերը Ֆելիքս Տրինիդադի, Խուլիո Սեզար Չավեսի, Օսկար դե լա Հոյայի եւ Սուգար Ռեյ Լեոնարդի դեմ:

Բյորն Սիեբերը


Բյորն Սիեբեր

Ավստրիայի գավաթակիր դահուկորդը հոկտեմբերի 26-ին մահացավ ավտովթարի հետեւանքով: Նա ընդամնեը 23 տարեկան էր: Իր կարճ կարիերայի ընթացքում Սիեբերը աշխարհի երիտասարդական առաջնություններում հասցրեց նվաճել երկու մեդալ, իսկ աշխարհի գավաթի խաղարկություններում նրա լավագույն ցուցանիշը յոթերորդն էր: 

Էմանուել Ստյուարտը


Էմանուել Ստյուարտ

Դետրոյթում ծնված Ստյուարտը  “Ոսկե ձեռնոցներ” ազգային մրցաշարի հաղթող է,  բայց նրան հիմնականում ճանաչում են որպես հայտնի չեմպիոնների մարզիչ եւ լեգենդար “Kronk Gym”-ի սեփականատեր: Ստյուարտը մարզել է այնպիսի բռնցքամարտիկների, ինչպիսիք են Թոմաս Հերնսը, Էվանդեր Հոլիֆիլդը եւ Օսկար դե լա Հոյան: Հայտնի մարզիչը մահացավ 68 տարեկան հասակում` հոկտեմբերի 25-ին: 

Մարգարետ Օսբորն Դուփոնթը


Մարգարետ Օսբորն Դուփոնթ

Ուիմբլդոնի 50-ականների աստղը մահացավ հոկտեմբերի 24-ին` 94 տարեկան հասակում` Տեխասի Էլ Պասո քաղաքում: Աշխարհի նախկին առաջին ռակետը մենախաղերում եւ զուգախաղերում 30 սաղավարտ է նվաճել, մենախաղերում վեց Մեծ սաղավարտների հաղթող է (Ուիմբլդոն 1947թ., US Open 1948-1950թթ., French Open 1946 եւ 1948թթ.):

Ջեֆ Բլատնիկը


Ջեֆ Բլատնիկ

Բլատնիկը 1984 թվականի ամառային օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի ոսկե մեդալակիր է: Նույն համառությամբ ինչ գորգում, Բլատնիկը երկար տարիներ պայքարում էր քաղցկեղի դեմ: Շարունակում էր մնալ սպորտում որպես UFC-ի մարտերի մեկնաբան: Օլիմպիական չեմպիոնը մահացավ հոկտեմբերի 24-ին Նյու Յորքում. նա 55 տարեկան էր: 

Սլատեր Մարտինը


Սլատեր Մարտին

Բոլոր Աստղերի յոթակի եւ NBA-ի հնգակի չեմպիոնը մահացավ անհայտ հիվանդությունից հոկտեմբերի 18-ին: Նա 86 տարեկան էր: 

Սիդ Ուատկինսը


Սիդ Ուատկինս

Ֆորմուլա 1-ի բժշկական ծառայության նախկին պետ Ուատկինսի անունն ասոցացվում է բազմաթիվ պիլոտների փրկված կյանքերի հետ: Նա նաեւ մեծ ներդրում է ունեցել Ֆորմուլա 1-ն ավելի ապահով դարձնելու գործում: Ուատկինսը մահացավ սեպտեմբերի 12-ին 84 տարեկան հասակում: "The Prof" մականունով բժիշկը Ֆորմուլա 1-ին է նվիրել իր կյանքի 26 տարին, իսկ հետո`1978-2004 թվականներին, ծառայել որպես բժշկական պատվիրակ:Ուատկինսի մահվան լուրն իմանալուց հետո արշավորդ Ռուբենս Բարիչելոն "Թվիթեր"-ի իր էջում գրեց."Սիդ Ուատկինսը փրկեց իմ կյանքը Իմոլայում 1994 թվականին... հիանալի մարդ էր... միշտ ուրախ: Սիդ, շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ դու արել ես մեզ` պիլոտներիս համար... Մենք քեզ միշտ կհիշենք...":

Փատ Պորտերը


Փատ Պորտեր

Օլիմպիական կրկնակի չեմպիոնը զոհվեց Արիզոնայում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի ժամանակ: ԱՄՆ հեռավոր վազքի 13-անգամյա չեմպիոնի համար ինքնաթիռ վարելը տարերք էր: Պորտերը վթարի ժամանակ իր փոքր ինքնաթիռի ղեկին էր: 

Ջիմմի Բիվինսը


Ջիմմի Բիվինս

Բռնցքամարտի լեգենդը, ով հաղթում էր իր բոլոր հակառակորդներին 1940-50 ական թվականներին, մահացավ հուլիսի 4-ին 92 տարեկան հասակում: Բիվինսը հեռացել էր մեծ սպորտից 1955-ին, երբ 100-ից ավելի պրոֆեսինալ մենամարտերի էր մասնակցել` գրանցելով 86-25-1 արդյունք: 1999-ին Բիվինսն ընդգրկվել էր  Բռնցքամարտի Փառքի միջազգային սրահում: 

Միկի Ռոկեն


Միկի Ռոկե

Իսպանացի պաշտպանն իր կարիերան սկսել է Լիվերպուլի պատանեկան թիմում եւ Լիվերպուլի կազմում նույնիսկ մեկ հանդիպման  մասնակցել Չեմպիոնների լիգայի շրջանակում: Հետո տեղափոխվել է հայրենի Իսպանիա` հանդես գալով Ռեալ Բետիսի կազմում: 2011-ի մարտին Ռոկեի մոտ ուռուցք հայտնաբերվեց:  Վիրահատությունն արդյունք չտվեց: Նա մահացավ հունիսի 24-ին ընդամենը 23 տարեկանում:  

Թեոֆիլո Սթիվենսոնը


Թեոֆիլո Սթիվենսոն

Կուբայի ամենահայտնի մարզիկներից մեկը, որը օլիմպիական եռակի չեմպիոն էր (1972, 1976, 1980 թթ.), բռնցքամարտի համաշխարհային պատմության մեջ երկրորդը, ով օլիմպիական խաղերում նման հաջողության է հասել: 2012-ի սկզբին հարցազրույցներից մեկի ժամանակ Սթիվենսոնն իր օլիմպիական ելույթներն անվանեց իր կյանքի լավագույն ակնթարթներ: Նա մահացավ սրտի կաթվածից հունիսի 11-ին:

Ջեք Թվիմենը


Ջեք Թվիմեն

Թվիմենը  NBA-ի 50-ականների ռմբարկուներից մեկն էր, բայց ավելի հայտնի է բասկետբոլային դաշտից դուրս իր գործունեությամբ: 1958-ին, այն բանից հետո, երբ նրա խաղընկեր Մաուրիս Սթոքսը խաղի ընթացքում գլխի վնասվածք ստացավ եւ հաշմանդամ դարձավ, Թվիմենը դարձավ նրա խնամակալը` օգնելով բուժվել: 1956-60-ականներին յուրաքանչյուր խաղում նա միջինը 31 գնդակ էր ուղարկում ցանցը:  Իր ողջ կարիերայի ընթացքում Թվիմենը 15840 միավոր է վաստակել եւ 1983-ին ընդգրկվել Բասկետբոլի փառքի սրահում: Թվիմենը մահացավ այս տարվա մայիսի 30-ին` արյան քաղցկեղից:

Ալեքսանդր Դել Օենը


Ալեքսանդր Դել Օեն

Նորվեգացի օլիմպիական լողորդը մահացավ սրտի կաթվածից ապրիլի 30-ին, երբ թիմակիցների հետ Արիզոնայում մասնակցում էր ուսումնամարզական հավաքի: 100մ թիկնալողում 2008-ի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը համարվում էր Նորվեգիայի հիմնական հույսերից մեկը Լոնդոնի օլիմպիական խաղերում:  Նա ընդամենը 26 տարեկան էր: 

Պիերմարիո Մորոսինին


Պիերմարիո Մորոսինի

Իտալացի ֆուտբոլիստը կաթվածահար եղավ ֆուտբալային դաշտում ապրիլի 14-ին: Նա ընկավ գետնին հանդիպման 31-րդ րոպեին: Նախնական բժշկական օգնությունը նրան չօգնեց: Մորոսինին ընդամենը 25 տարեկան էր: 

Մայքլ Պետերսոնը


Մայքլ Պետերսոն

Ազգությամբ ավստրալացի Պետերսոնը համարվում էր աշխարհի լավագույն սերֆինգիստներից մեկը: Նա մահացավ մարտի 29-ին` սրտի կաթվածից: Պետերսոնը 59 տարեկան էր: 1970-ականներին նրան համարում էին անպարտելի իր մարզաձեւում: Նա 1972-ին նկարահանվել է “Առավոտն աշխարհում” ֆիլմում` ծովում ցուցադրելով իր հնարքները: 

Բերտ Սուգարը


Բերտ Սուգար

Բռնցքամարտի մասին վեպեր գրող եւ պատմաբան Բերտ Սուգարը նույնքան բազմակողմանի անձնավորություն էր, որքան նրա կերտած կերպարները: Նա մահացավ մարտի 25-ին 75 տարեկան հասակում: Իր փետուրե գլխարկով ու սիգարով հայտնի Սուգարը 2005-ին գրանցվել է Բռնցքամարտի պատվի միջազգային սրահում: Գրել է ավելի քան 80 գիրք, այդ թվում` “Բոլոր ժամանակների լավագույն հարյուր բռնցքամարտիկները”:  

Նիկ Զորիչիչը


Նիկ Զորիչիչ

Կանադայի դահուկային սպորտի ազգային հավաքականի անդամը մարտի 11-ին մասնակցում էր դահուկավազքի աշխարհի գավաթի մրցաշարին: Ելույթի ժամանակ Զորիչիչը ստացավ մահացու վնասվածք: Նա  ընդամենը 29 տարեկան էր: Ծնվել էր Մոնտենեգրոյում, 5 տարեկանից բնակվում էր Կանադայում: 

Անջելո Դանդին


Անջելո Դանդի

Մատների վրա կարող ես հաշվել այն մարդկանց, ովքեր իրավունք են ունեցել գոռալու Սուգար Ռեյ Լեոնարդի վրա ու պատասխան հարված դեմքին չեն ստացել: Անջելո Դանդին վաստակել էր ոչ միայն գոռալու  իրավունքը, այլ  նաեւ Լեոնարդի հարգանքը: Կասկած անգամ չկա, որ Դանդին է բռնցքամարտի պատմության ամենահայտնի մարզիչը: Նա մարզել է աշխարհի 15 չեմպիոնի, որոնց թվում են Լեոնարդը, Մուհամեդ Ալին եւ Ջորջ Ֆորմանը: Սպորտից հեռանալուց հետո Դանդին դարձավ սպորտի ամենահայտնի դեսպաններից մեկը, իսկ 1994-ից մտավ Բռնցքամարտի փառքի սրահ: Դանդին մահացավ 2012-ի փետրվարի 1-ին: Բռնցքամարտի լեգենդը 90 տարեկան էր: 

Սառա Բուրկը


Սառա Բուրկ

29-ամյա կանադացի ազատ ոճի դահուկորդուհին պատրաստվում էր մասնակցել 2014-ի Ձմեռային օլիմպիական խաղերին, բայց լուրջ վնասվածք ստացավ 2012-ի հունվարին Յուտայում մարզման ժամանակ: Ինն օր անց Բուրկը մահացավ հիվանդանոցում:  

Դոն Կարտերը


Դոն Կարտեր

Բոուլինգի հսկան  մահացավ հունվարի 5-ին` 85 տարեկան հասակում: Կարտերն, ով ավելի հայտնի է  “Միստր Բոուլինգ” անունով, այդ մարզաձեւի  բոլոր ժամանակների լավագույն աստղերից է:  Նա  մեծ ներդրում է ունեցել մարզաձեւի զարգացման ու տարածման գործում: 

Վլադիմիր Կրուտովը


Վլադիմիր Կրուտով

Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, Խորհրդային Միության լավագույն հոկեյիստներից մեկը  52 տարեկան էր: Նա մահացավ Մոսկվայի հիվանդանոցում հունիսի 6-ին:

Կոնստանտին Բլոխինը


Կոնստանտին Բլոխին

Լողի Լատվիայի եւ Մերձբալթյան երկրների բազմակի չեմպիոն Բլոխինն ընդամենը 24 տարեկան էր: Այս տարվա ապրիլին Բլոխինը 200մ թիկնալողի մրցումներում Լատվիայի նոր ռեկորդ էր սահմանել: Բլոխինի մարմինը հայտնաբերվել է լողավազանում. դեռեւս պարզ չէ, թե ինչն է եղել լողորդի մահվան պատճառը, բայց մտերիմները հավաստիացնում են, որ նախկինում նա առողջական խնդիրներ չի ունեցել: 

Սերգեյ Արտյուխինը


Սերգեյ Արտյուխին

Հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի 2005-ի չեմպիոնը մահացավ 35 տարեկան հասակում այս տարվա սեպտեմբերին: Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի հաղորդագրությունում մասնավորապես ասվում է, որ Սերգեյի սիրտը կանգ է առել հոկեյի մարզումից հետո` անհայտ պատճառներով: Հիշեցնենք, որ Արտյուխինը 2001 թվականի Ռուսաստանի գավաթակիրն է: Ներկայացրել է Ռուսաստանը տարբեր միջազգային մրցաշարերում: Կարիերայի վերջին տարիներին հանդես էր գալիս Բելառուսի դրոշի ներքո: Ըմբշամարտից հետո նրա երկրորդ մարզաձեւը հոկեյն էր: 

Այս մարզիկներն ու էլի շատ շատերը, որոնց անուններն այս ցուցակում ընդգրկված չեն, եղել են տարբեր սերունդների կուռքը, ոգեշնչման աղբյուրը: Այս մարդկանց սիրել են, նրանցով հպարտացել են, ուրախացել նրանց հաջողություններով ու տխրել պարտություններով: Նրանց հիշատակը վառ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ նրանց հիշում են երկրպագուները... Հիշում են ու վերստին ապրում բերկրանքի այն պահերը, որ ապրել էին տարիներ, գուցե տասնամյակներ առաջ սիրելի մարզիկի հերթական մեդալի պարգեւատրման արարողությունը դիտելիս: Հիշենք բոլոր նրանց, ում իր հետ տարավ 2012-ը եւ նրանց մասին հիշողությունները փոխանցենք սերունդներին:

Տեքստը` Նարինե Դանեղյանի/Bravo.am/
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport