×


«Ամուսնության առաջարկն Արաքսյան է արել». Անդրանիկ Զաքարյանի եւ Արաքսյա Մելիքյանի ընտանիքը 13 տարեկան է

Թատերական ինստիտուտում սովորելու տարիները ճակատագրական են եղել Անդրանիկ Զաքարյանի եւ Արաքսյա Մելիքյանի համար: Դերասան-ամուսիններն այսօր նշում են ամուսնության 13-րդ տարեդարձը: Անդրանիկը BRAVO.am-ի հետ զրույցում խոստովանել է, որ ամուսնության առաջարկությունն Արաքսյան է արել:

«Չհասկացանք՝ ինչպես սիրահարվեցինք միմյանց, ծանոթության օրվանից շատ-շատ էինք վիճում, մի օր էլ Արաքսյան ջղայնացած ասաց՝ «Մի հատ կասես, մենք ամուսնանալո՞ւ ենք, թե՝ ոչ», ու այդպես սկսվեցին մեր հարաբերությունները, որին հաջորդեց ամուսնությունը: Ավանդական, մեծ եւ ուրախ հարսանիք ենք արել՝ արկածներով լի: Հյուրերն անկաշկանդ ուրախացել են»,- պատմել է Սունդուկյանի անվան թատրոնի դերասանը:

Արաքսյա Մելիքյանի եւ Անդրանիկ Զաքարյանի հարսանիքին (արխիվային լուսանկար)


Անդրանիկը նշել է, որ հիշարժան ու ծիծաղաշարժ պահերը շատ-շատ են.«Այդ օրն այնքան լարված ու խառնված էի, որ երբ մտանք Արաքսյայենց թաղամաս, ասացի՝ այս շենքն է, հարսանքավորներն իջան ավտոմեքենաներից, ու սկսեցինք բոլորովին այլ շենքի դիմաց սինիները պարեցնել: Այդ պահին նկատեցի Արաքսյայի հորաքրոջը, ով կողքի շենքի պատուհանից հուշում էր, որ իրենց աղջիկն այնտեղ է ապրում: Ներկաները պարելով տեղափոխվեցին մյուս շքամուտք (ծիծաղում է,-հեղ.): Այդ օրն է ծնվել նաեւ մեր լավ ընկերների՝ դերասաններ Նարեկ Հայկազյանի եւ Ծովինար Մարտիրոսյանի առաջնեկը՝ Անրին: Ծովինարը պատրաստվել էր մեր հարսանիքին, բայց ծննդատուն գնաց, Նարեկն էլ մենակ եկավ քեֆ անելու»:

Հոբելյանական երեկոն ամուսինները տանն ենք անցկացնելու.«Առավոտյան կնոջս հարցրի, թե ինչ կարելի է անել այսօր, նա էլ միանգամից պատասխանեց, որ մինչեւ երեկոյան ժամը 9-ն աշխատանքի է, ինչ էլ ծրագրենք, պետք է այդ ժամից հետո անենք: Որոշեցի, որ տանը տոնական ընթրիք կկազմակերպենք ու մեր երեխաների հետ կնշենք: Նվերի հարցն էլ դեռ չեմ հասցրել լուծել, ողջ օրն առջեւում է, մի բան կմտածեմ»:

Արաքսյա Մելիքյանը եւ Անդրանիկ Զաքարյանն՝ իրենց երեխաների հետ


Նրանց ընտանիքում վեճերը հեշտ մոռացվում են.«Ամեն ինչ անում ենք, որ աշխատանքային տարաձայնություններն ընտանեկան հարաբերությունների վրա չազդեն, եւ հակառակը՝ փորձում ենք կենցաղային հոգսերն աշխատավայր չտանել: Ստեղծագործական առումով մեր տեսակետները չեն համապատասխանում. շատ տարբեր ենք մտածում»,-եզրափակել է դերասանը:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները` զույգի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին