×


«Ամուսինս չի առարկում, հակառակը` աջակցում է». Սիլվա Հակոբյան

Առաջին դեպքը չէ, երբ օտարերկրացի երգիչ-երգչուհիները կրկնօրինակում են Սիլվա Հակոբյանի երգերը: Երգչուհին վերջերս պարզել է, որ արաբ երկու կատարողներ առանց թույլտվության կատարում են իր «Կամաց-կամաց» երգը:

«Նրանցից մեկն այդ երգը երգել է «MBC The Voice» նախագծի շրջանակում, իսկ մյուսը նույնիսկ տեսահոլովակ է նկարահանել: Հստակ ամսաթվով չեմ կարող հիշել՝ երբ են հրապարակել այդ հոլովակները, բայց որ իմ երգի «YouTube»-ում հայտնվելուց հետո է, հաստատ: «Կամաց-կամաց» երգը կատարել եմ 2015թ.-ին՝ Հանրայինի Ամանորի թողարկման ժամանակ, այդ օրերին էլ հայտնվել է համացանցում»,- պատմել է Սիլվան:



Երգչուհին ժպիտով է վերաբերվում կրկնօրինակումներին.«Նախկինում նեղվում էի, նյարդայնանում, բայց տարիների ընթացքում փորձ եմ ձեռք բերել: Անհաշիվ են իմ երգերի կրկնօրինակումները: Չեմ կարող ասել, թե քանի ազգի ներկայացուցիչ է երգել իմ «Գիշեր է» երգը: Նաեւ ուրախ եմ, որ դրանք այդքան տարածում են ստանում: Չեմ պատրաստվում քայլեր ձեռնարկել. այնքան շատ են նման դեպքերը, որ ժամանակս չի բավականացնի բոլորով զբաղվելու համար»:

Սիլվան աշխատանքային ակտիվ տարի է խոստանում.«Գործը եռում է, տարին դեռ նոր է սկսվել, պետք է հասցնեմ մի շարք ծրագրեր իրականացնել: Սպասվող նորությունների մասին չեմ խոսքի, քանի դեռ ամեն բան հստակ չէ: Այս պահին էլ ձայնագրման ստուդիայում եմ. զուգերգ ենք պատրաստում, ինչն անակնակալ է իմ հանդիսատեսին»:

Սիլվա Հակոբյանը՝ դստեր հետ


Վեց ամսական Միլան հնարավոր ամեն տեղ ուղեկցում է մայրիկին.«Փորձում եմ այնպես անել, որ աշխատանքի պատճառով ընտանիքս, հատկապես երեխայիս խնամքը չտուժի: Համերգային շրջագայությունների ժամանակ Միլան միշտ ինձ հետ է, սիրում է ճանապարհորդել: Ամուսինս չի առարկում, հակառակը՝ աջակցում է»,- եզրափակել է նա:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Սիլվա Հակոբյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին