×


Թումանյանի «Սուտասանը» միասին կկարդան տասը երկրի երեխաներ

«Ով էնպես սուտ ասի, որ ես ասեմ՝ սուտ է, իմ թագավորության կեսը կտամ նրան»՝ Հովհաննես Թումանյանի «Սուտասանը» հեքիաթի այս հայտնի արտահայտությունը լսել ենք բոլորս, եթե նույնիսկ երբեւէ չենք կարդացել հեքիաթը: Այսօր «Սուտասանը» կարդալու են աշխարհի տասը երկրի թումանյանասեր մանուկներ, որոնք, միմյանց շարունակելով, ներկայանալու են մեկ ծրագրի շրջանակում: Թե ինչպես են դա անելու, BRAVO.am-ը պարզել է Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանի հետ զրույցում. հենց նրանց նախաձեռնությամբ է ծրագիրն իրականություն դարձել:

«Օրեր առաջ Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հետ քննարկեցինք, որ կորոնավիրուսի տարածման պատճառով ստեղծված արտակարգ իրավիճակում ունենանք մի ծրագիր, որը կհամախմբի աշխարհի տարբեր երկրների հեքիաթասեր երեխաներին: Այդ նպատակով հանձնաժողովը գրություններ ուղարկեց մի քանի դեսպանություններ, եւ շուտով մենք տեսագրություններ ստացանք տասը երկրից: Երեխաներն իրենց հեռախոսներով կամ հնարավոր այլ միջոցներով նկարահանել էին, թե ինչպես են իրենց լեզվով կարդում Թումանյանի «Սուտասանը»: Մենք նրանց նախապես ուղարկել էինք հեքիաթի թարգմանված տարբերակները»,- պատմել է Անի Եղիազարյանը:

Նրա խոսքով` երեխաների արձագանքը շատ մեծ է եղել, այդ իսկ պատճառով որոշել են օրեր անց թանգարանի յութուբյան ալիքում տեղադրել տեսանյութերի ամբողջական տարբերակները: Իսկ այժմ նրանց մեկ ծրագրի շրջանակում համախմբելու համար պատրաստել են մեկ ընդհանուր տեսահոլովակ, որում երեխաները, միմյանց շարունակելով, կարդում են նույն հեքիաթը՝ յուրաքանչյուրն իր լեզվով.«Մեր նպատական էր այնպես անել, որ նրանք նույն հեքիաթը պատմեն ոչ թե առանձին-առանձին, այլ կարծես միմյանց կողքի` մեկ տեղում: Եվ այսօր` ժամը 16:00-ին, Հովհաննես Թումանյանի թանգարանի ֆեյսբուքյան էջում տեղի կունենա այդ տեսահոլովակի պրեմիերան, իսկ այնուհետեւ մենք այն կտեղադրենք նաեւ մեր յութուբյան ալիքում»:

Անի Եղիազարյանին հարցրինք՝ եթե արտասահմանցի երեխաներին հետաքրքրի Թումանյանը որպես հեղինակ, եւ ցանկանան ուսումնասիրել նրա մյուս հեքիաթները նույնպես, ապա բավարար չափով թարգմանված գրականություն կա՞ այդ երկրներում: Թանգարանի տնօրենն ընդգծեց, որ բարեբախտաբար, Հովհաննես Թումանյանի հեքիաթները մեծապես թարգմանվել են տարբեր տարիների ընթացքում, իսկ նախորդ տարի իրենք հանդես են եկել նոր նախաձեռնությամբ եւ մի շարք գործեր ներկայացրել են ավելի որակյալ ու պրոֆեսիոնալ թարգմանությամբ. «Մեր ծրագիրը շարունակական է լինելու, պիտի հասնենք նրան, որ բոլոր գործերը թարգմանական բարձր որակ ունենան: Իհարկե, հեքիաթներն ավելի շատ են թարգմանված, քան պոեմները, բալլադները եւ մյուս գործերը»:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին