×


«Ամեն վայրկյան աշխատում էի, որ մոռանամ կերպարիս ազգության մասին». Լուիզա Ղամբարյան

«Անատոլիական պատմություն» հեռուստադրամայում թրքուհու մարմնավորելը Լուիզա Ղամբարյանի համար նոր փորձառություն է: Դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է Լեյլայի կերպարի ներքին ողբերգության մասին, նաեւ նշել, որ սերիալի զարգացումներին կարանտինային այս օրերին հետեւում է դստեր հետ:

Առաջին անգամ

Առաջարկը ստացա ռեժիսոր Հրաչ Քեշիշյանից. սպասված էր: Մինչ այդ դադարի մեջ էի, քանի որ ինձ հետաքրքրող, ինձ համար արժեքավոր եւ հանդիսատեսի համար հետաքրքիր կերպարի առաջարկ չունեի: Վեպին ծանոթ էի. տարիներ առաջ էի ընթերցել: Առաջին անգամ էր, որ մարմնավորում էի թրքուհու, ինչն ուներ իր բարդությունները: Դժվար էր ձերբազատվել ազգային պատկանելիության գիտակցումից: Ամեն վայրկյան աշխատում էի, որ մոռանամ կերպարիս ազգության մասին: Գտա այն հավասարակշռությունը, որ հեռուստադիտողն առաջին հեթին մտածի սրտերի, հոգիների, ոչ թե ազգային հատկանիշների մասին:

Կադրը՝ «Անատոլիական պատմություն» սերիալից


«Լեյլան ինձ նման է»

Իմ հերոսուհին՝ Լեյլան, ինձ բավական նման է բնավորությամբ. խաղաղ է, զուսպ: Անկախ իր կրոնից, ազգային պատկանելիությունից, փորձում է ապրել ազնիվ, ճշմարիտ: Ստեղծել է այնպիսի արժեքներ, որոնք թե՛ թուրքի, թե՛ հայի, թե՛ գերմանացու մոտ նույն հարթության վրա են: Այս իմաստով կերպարը չի կրում իր մեջ ազգային բեռ: Սիրում է հորը, եղբայրներին, բայց կարծում է՝ կարեւորն ընտրության ազատությունն է: Լինելով մուսուլման՝ Լեյլան ամուսնացել է կաթոլիկ գերմանացու հետ, իսկ ֆիլմում նույնիսկ ապրում է Հայաստանում (գրքում Լեյլայի ընտանիքն ապրում է Գերմանիայում,-հեղ.): Հենց իր ընտրության պատճառով հերոսուհիս արժանացել է եղբոր՝ Սուլեյմանի արհամարհանքին:

«Ամեն հերոս իր պատիժն ունի»

Այս պատմության յուրաքանչյուր հերոս, ամեն մեկն իր չափով, պատասխան է տալիս այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել 100 տարի առաջ: Այս պատմությունը մեծ վրեժ է, որում ամեն հերոս իր պատիժն ունի: Իմ սուբյեկտիվ ընկալմամբ՝ Մուսթաֆա եւ Սուլեյման Ղազիներին բաժին է հասել պատժի ամենամեծ չափաբաժինը, քանի որ նրանք ազգային ծայրահեղական գաղափարների կրող են: Ես նույնպես պատասխան եմ տալիս. իմ աղջիկը՝ Քեյթը, սիրում է հայ տղայի: Սա Լեյլայի ամենամեծ ողբերգությունն է: Քեյթը կրկնում է մոր ճակատագիրը, բայց իր դեպքում իրավիճակն առավել խոցելի է:

Լուիզա Ղամբարյանը` դստեր հետ


Դստեր կարծիքը

Աղջիկս՝ Գաբին, արդեն 15 տարեկան է ու կողմնորոշվել է մասնագիտության ընտրության հարցում. որոշել է դիվանագետ դառնալ: Ես ոչինչ իրեն չեմ պարտադրում. իր ընտրությունն է: Մեծ սիրով հետեւում է այս պատմությանը՝ չնայած, որ բնույթով սերիալասեր չէ: Գիրքը դեռ չի կարդացել, բայց երբ ֆիլմն ավարտվի, կկարդա: Դստերս սերնդի կարծիքը շատ հետաքրքիր է: Գաբին ասում է, որ սրտերի համար ազգությունը խոչընդոտ չպետք է լինի: Այն մեծ պատը, որ կա երկու ժողովուրդների մեջ, պիտի քանդեն նոր սերունդները, քանդված քարերով էլ պիտի կառուցեն նոր կամուրջ, որ սիրող սրտերը կմիացնի: Իսկ այս պատմության մեջ Դենը Քեյթից հրաժարվում է միայն այն բանի համար, որ նա թրքուհի է:

Ընթերցանության օրեր

Համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ հետաձգվել են ներկայացումներ, որոնք արդեն բեմական փորձերի շրջանում էին: Նաեւ դադարեցվել են «Արմատներ» սերիալի նկարահանումները: Բայց այս պահին ավելի լավ է մնալ տանն ու կանխել վարակի տարածումը, իսկ նկարահանումները կվերսկսվեն, երբ այս ամենն ավարտվի: Տանը չենք ձանձրանում: Գաբին արագ վերջացնում է առցանց դասերը, հետո օրվա մեծ մասն ընթերցանությամբ ենք զբաղվում: Օրը բաժանել ենք երկու մասի. կարդում ենք հայ եւ ռուս դասականների գործերը, հետո էլ միասին քննարկում ենք՝ Աբովյանից մինչեւ Չեխով: Այս ամենը հնարավոր չէր լինի ուսումնական դասընթացին զուգահեռ, բայց քանի դեռ Գաբին տանն է, առիթից օգտվում ենք: Կարծում եմ՝ ընթերցանությունը մարդու ինքնակրթման, ճաշակի ճիշտ ձեւավորման ուղիղ ճանապարհներից մեկն է: Նաեւ սիրում ենք առավոտյան զբոսնել, մարզվել, ժամանակ ենք անցկացնում խոհանոցում:

Զրուցեց` Մարիամ Խաչատրյանը/Bravo.am/
Լուսանկարները` Լուիզա Ղամբարյանի արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին