×


Նարեկ Բարսեղյանը

«Wei JI». Բամբիռի անդամների «FIX» նախագիծն ու ճգնաժամի ինքնատիպ մեկնաբանությունը

«Բամբիռ» ֆոլկ-ռոք խմբի անդամներ Նարեկ Բարսեղյանը (վոկալ, կիթառ) եւ Վարդան Փերեմուզյանը (հարվածային գործիքներ) մոտ երկու տարի է՝ հանդես են գալիս երաժշտական մեկ այլ նախագծով եւս: Նարեկն ասում է՝ «FIX» (Freedom is Expensive) փորձարարական դուետի ոճն ու ձեւաչափը տարբերվում են «Բամբիռի» երգերից, այդ իսկ պատճառով որոշել են առանձին ներկայացնել նախագիծը, որն աչքի է ընկնում նաեւ էլեկտրոնային երաժշտության տարրերով: BRAVO.am-ի հետ զրույցում երաժիշտը պատմել է իրենց դուետի ձեւավորման, նոր`«Wei JI» երգի եւ առաջիկայում սպասվող համերգների մասին:

«Մեր այս նախագիծը 2018 թվականին սկսեցինք, երբ «Բամբիռի» կազմով մեկնել էինք ԱՄՆ՝ հյուրախաղերի: Համերգային օրերի ընթացքում մեր առանձին դուետով էլ էինք նվագում, եւ այդպես էլ սկսվեց ամեն ինչ: Մի օր, երբ այնտեղի մեր ընկերների հետ նստած խոսում էինք, նրանցից մեկն ասաց՝ «Yeah, freedom is expensive» (ազատությունը թանկ է): Ես մտածեցի՝ շատ լավ անուն է նախագծի համար: Իրականում կարծում եմ` «freedom is a choice» (ազատությունն ընտրություն է), որովհետեւ դա մեր ընտրությունն է ամեն ինչում. մենք ենք որոշում, թե ուր ենք գնում: Բայց երբ այսօրվա տեսանկյունից ենք նայում, իսկապես որ ազատությունը թանկ է»,- ասել է Նարեկը:



Խոսելով նաեւ իրենց նոր երգի մասին՝ նա նշել է, որ «Wei JI»-ն չինարեն արտահայտություն է, որը թարգմանաբար նշանակում է ճգնաժամ: Հետաքրքիր է, որ երկու հիերոգլիֆից բաղկացած այս արտահայտությունը երկու իմաստ է պարունակում՝ վտանգ եւ հնարավորություն: Նարեկ Բարսեղյանի կարծիքով` հատկապես այս օրերին շատ տեղին է նման թեմատիկան, քանի որ իրենց երգերն անդրադառնում են հիմնականում սոցիալ-քաղաքական, հոգեւոր եւ այլ ոլորտների խնդիրներին:

«Հենց այդ հիերոգլիֆն առիթ հանդիսացավ տեքստը գրելու համար, որովհետեւ այն կարծես «crisis» բառի վերծանումը լինի. ճգնաժամը հանկարծակի հայտնվում է սոցիումում ու շատ արագ ամեն ինչ քանդում է: Դրանից հետո ինչպիսին էլ լինի փրկությունը, լինում է շատ ավելի վատ իրավիճակ, քան ճգնաժամից առաջ էր: Բայց ուզած-չուզած մարդիկ ընդունում են, որովհետեւ դա գոնե ինչ-որ մի փրկություն է»,- պարզաբանում է երգի հեղինակը:

Նարեկ Բարսեղյանը


Նարեկ Բարսեղյանն ասում է, որ խմբի առաջիկա ծրագրերում սինգլներ թողարկելն է: Իսկ արդեն աշնանը, երբ հնարավոր կլինի մարդաշատ միջոցառումներ անցկացնել, հանդես կգան համերգներով. «Գիտեք, «live» ձեւաչափով շատ հետաքրքիր է հնչում, շատ հավես է: Կարծես էլեկտրոնային երաժշտություն լսես, բայց կենդանի նվագակցությամբ: Շատ ենք կարոտել նվագելը, բայց առայժմ մի քանի երգ կներկայացնենք ձայնագրված տարբերակով, իսկ համերգներից հետո կտեսնենք, գուցե ժամանակ ունենանք ալբոմի վրա աշխատելու»,- եզրափակել է նա:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Նարեկ Բարսեղյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին