×


«Մինչ օրս վերապրում եմ այդ զգացողությունները». Արփինե Կոշտոյան

Արփինե Կոշտոյանի ընտանիքում երեկ տոն էր. առաջնեկը դարձել է 2 տարեկան: Ոճաբանն ասել է՝ տան պայմաններում ամեն ինչ արել են, որ փոքրիկի օրն ուրախ անցնի: Արեգի նախասիրությունների, մեկուսացման օրերին ընտանիքի առօրյայի, ինչպես նաեւ նորաձեւության ոլորտում տիրող ճգնաժամի մասին Արփինեն պատմել է BRAVO.am-ին եւ տրամադրել տղայի ծննդյան օրվա լուսանկարները:

Երազանքների երեխան

Արեգս արդեն 2 տարեկան է, եւ ինձ համար անհավատալի է, թե ինչ արագ անցան այս տարիները: Ամեն անգամ նրան նայելիս աչքիս առաջ է գալիս ծնունդը, հիշում եմ ամեն պահը, նրա գեղեցիկ ու թմբլիկ պատկերը: Մինչ օրս էլ հիշելիս վերապրում եմ այդ զգացողությունները: Նա իմ երազանքների երեխան է, եւ ես շատ էի հուզվել այդ օրը:


«Ինձ նման համառ է»

Աշխույժ է, չարաճճի եւ շարժուն, էներգիան երբեք չի սպառվում: Արտաքնապես նմանեցնում եմ մայրիկիս, համառությամբ՝ ինձ, իսկ տղամարդուն վայել ծանրակշռությամբ՝ ամուսնուս: Շատ հստակ բնավորություն ունի. գիտի, թե ինչ է ուզում, եւ շատ դժվար է նրան որեւէ բան համոզել: Սիրում է լավ երաժշտություն եւ ինտելեկտուալ խաղեր:

Չեղարկված ուղեւորություն

Շատ ավելի վաղ որոշել էինք որդուս տարեդարձն արտերկրում նշել, սակայն արտակարգ դրություն սահմանվեց, չեղարկեցինք չվերթն ու մնացինք տանը: Ընտանեկան փոքրիկ հավաքույթ էինք կազմակերպել, որին ներկա էին միայն իմ եւ ամուսնուս ընտանիքները:


Ձանձրույթի մասին

Ինչ խոսք, մեզ նման ակտիվ մարդկանց համար ահավոր է տանը մնալը: Բոլորս օրվա մեծ մասն աշխատում էինք, իսկ այս երկարատեւ դադարն անտանելի է: Առաջին մեկ շաբաթը լավ էր. կարողացանք հանգստանալ, բայց հետո սկսեցինք ձանձրանալ: Ամենատխուրն այն է, որ չգիտենք՝ մինչեւ երբ է այսպես շարունակվելու: Սկզբում առհասարակ տնից դուրս չէինք գալիս, իսկ հիմա՝ որոշ վերապահումներով:

ճգնաժամ

Նորաձեւության ոլորտը լուրջ ճգնաժամի մեջ է ամբողջ աշխարհում: Հետաձգվել են նորաձեւության շաբաթները, հեղինակային ցուցադրությունները, չվաճառվեց սեզոնային տեսականին, բոլոր ապրանքանիշերն ունեցան մեծ կորուստներ: Անհասկանալի է՝ կկարողանանք դուրս գալ այս ճգնաժամից, թե՝ ոչ: Այս անկանխատեսելի իրավիճակում մարդիկ ինչպես կարող են մտածել նորաձեւության մասին, երբ կա պարզապես գոյատեւելու խնդիր:


Այս օրերի նորաձեւությունը

Հումորը պահպանելու համար համացանցը ողողվեց դիմակներով ու տնային լուքերով. բարձերով հետաքրքիր կերպարներ ստացան, ուրախ ֆոտոշարքեր իրականացրին եւ այլն: Դա է այս օրերի նորաձեւությունը: Եթե տանն ենք, ապա մեզ պետք չեն բրենդային շքեղ զգեստներ: Գերակշռում է սպորտայինը

Տեսնում եմ, որ զանգվածային հագուստ դարձել է սպորտայինը: Մեզնից շատերը, որքան էլ ունեին էլեգանտ ոճ, սկսել է հագնվել առավել հարմարավետ, ինչին էլ նպաստեց կարանտինը: Առհասարակ, աշխարհում միշտ տեղ են տալիս բնական արտադրությանը: Գործվածքը դարձել է ամենամեծ պահանջարկ ունեցող հագուստը:

Երիտասարդությունն այսօր շատ տեղեկացված ու գրագետ է հագնվում: Հաճախ եմ հիանում հետաքրքիր մտածողությամբ երիտասարդներով, որոնք ոճային են ու յուրովի: Ես իրոք ավելի շատ լավն եմ տեսնում, քան՝ վատը:

Տեքստը՝ Կիմա Միրզոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Արփինե Կոշտոյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին