×


«Երազում եմ բալիկ ունենալու մասին». Մարինա Գրեգ

Մայիսի 23-ին Մարինա Գրեգը դարձել է 32 տարեկան: Հաղորդավարուհու հետ BRAVO.am-ը զրուցել է ծննդյան օրը Տաթեւի վանքում անցկացնելու, անմոռանալի տարեդարձի եւ համավարակի պատճառով հետաձգված ծրագրերի մասին: Մարինան խոստովանել է, որ շատ երջանիկ է, երեխան էլ կամբողջացնի իրենց ընտանիքը:

«Սիրում եմ ծննդյանս օրն ու ամեն տարի փորձում եմ ընկերական, թեկուզ փոքր, հավաքույթ կազմակերպել: Որքան էլ կարանտինային սահմանափակումները մեղմացվել են, միեւնույն է, դեռ որոշակի վախեր ունեմ: Չցանկանալով վարակի տարածման աղբյուր դառնալ՝ որոշեցի օրս ամուսնուս հետ անցկացնել: Նա շատ է սիրում Հայաստանով մեկ շրջագայել ու իմանալով, որ կան վայրեր, որտեղ ես դեռ չեմ եղել, առաջարկեց Տաթեւ գնալ: Չէի զգում, որ տարեդարձս է, սովորական ուրախ եւ հետաքրքիր օր էր: Երեկ էլ իմ ու ամուսնուս ընտանիքի անդամաներն էին մեզ հյուր եկել, մոտ ութ հոգով ընթրեցինք»,- պատմել է հոբելյարը:

Մարինա Գրեգը


Կյանքից դժգոհելու առիթ չունի.«Ամեն անգամ վերլուծում եմ անցնող տարին ու շնորհակալություն հայտնում բոլորին, ովքեր նպաստել են իմ երջանիկ լինելուն: Նյութական առումով ոչինչ չեմ ուզում. ինչ պետք է անհոգ ապրելու համար՝ մենք ունենք: Հոգեպես էլ ինքս ինձ հետ ներդաշնակ եմ: Ունեմ ինձ սիրող ամուսին, ում կողքին շատ երջանիկ եմ: Այս շրջանում միայն բալիկ ունենալու մասին եմ երազում: Փոքրիկը կամբողջացնի մեր ընտանիքն ու մեր երջանկությունը»:

Որպես անմոռանալի տարեդարձ՝ առանձնացրել է 29-ամյակը.«Այդ անգամ միայնակ էի նշում ծնունդս: Ընկերուհուս հետ որոշել էինք Դուբայ գնալ, բայց վերջին պահին նրա մոտ խնդիրներ առաջացան, ու ես ստիպված միայնակ մեկնեցի: Պառկել էի օվկիանոսի ափին, արեւայրուք էի ընդունում ու շնորհավորանքներին պատասխանում»:

Մարինա Գրեգը` ամուսնու հետ


Կորոնավիրուսի տարածման պատճառով նախատեսված ծրագրերը հետաձգվել են. «Նախորդ տարվանից հստակ գծագրած բիզնես նախագիծ ունեի, որն այս գարնանը պետք է իրագործեինք: Ստեղծված իրադրության պատճառով հետաձգեցինք ու չգիտենք՝ հիմա ինչ անել, զբաղվել դրանով, թե թողնել հաջորդ տարվան: Պատասխանատու պահ է, պետք է կարողանանք ճիշտ որոշում կայացնել, որ ո՛չ գործը տուժի, ո՛չ էլ անիմաստ մեկ տարի կորցնենք»:

Համավարակի նահանջից հետո առաջինն, ինչ պատրաստվում է անել, ծովափ գնալն է լինելու.«Ինձ ճանաչողները լավ գիտեն, որ ջուրն իմ տարերքն է: Նախկինում 4 ամիսը մեկ պարտադիր ծովափնյա որեւէ քաղաք էի գնում: Այս տարի դեռ ինձ զոհում եմ՝ հույս ունենալով, որ ամեն բան շուտ կկարգավորվի, եւ մենք կսկսենք անել այն, ինչ ուզում ենք: Մտածում էինք Թունիս կամ Մարոկկո գնալ, տեսնենք՝ երբ կբացվեն սահմանները»,- եզրափակել է նա:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մարինա Գրեգը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին