Դերասանուհիներ Տաթեւ Հովակիմյանը եւ Ժաննա Վելիցյանը, ոգեշնչվելով ամերիկյան «Փոքրիկ կանայք» ֆիլմով, համատեղ նոր ֆոտոշարք են իրականացրել: BRAVO.am-ը Տաթեւի հետ զրուցել է համագործակցության, Ժաննայի հետ մտերմիկ հարաբերությունների եւ համավարակի պատճառով հետաձգված ծրագրերի մասին:
Լուսանկարների հեղինակը Միլեն Մանուկյանն է.«Երեքս վաղուցվա մտերիմներ ենք: Երկուսին էլ շատ եմ սիրում, ինձ շատ հարազատ են: Ժաննայի հետ նաեւ մի ընդհանրություն ունենք՝ երբեք էսթետիկ վիրահատությունների չենք դիմել. մեր մարմնի վրա ամեն բան բնական է: Գաղափար ունեինք բնության գրկում բնական գեղեցկությունը ներկայացնել: Վաղուց էինք ծրագրում, որոշեցինք այնպես անել, որ Ժաննայի ծննդյան օրվան ընդառաջ պատրաստ լինի: Սկզբում մտածում էինք մի քանի աղջիկներով լուսանկարվել, բայց մտափոխվեցինք: Հնարավոր է՝ համագործակցությունը շարունակական լինի, եւ աստիճանաբար թիմը համալրենք»,- պատմել է դերասանուհին:
Տաթեւ Հովակիմյանը եւ Ժաննա Վելիցյանը
Նկարահանումն իրականացրել են Էջմիածնում.«Մոտ չորս ժամ շրջել ենք, գաղտնի վայրեր բացահայտել ու լուսանկարվել՝ խոսելով, ծիծաղելով եւ հումորներ անելով: Հիանալի ու ջերմ մթնոլորտում ենք աշխատել: Երբ միասին ենք, ժամանակը շատ արագ ու հագեցած է անցնում: Մեկս մյուսի հանդեպ դրական է տրամադրված, ինչն ամենակարեւորն է: Ինձ թվում է՝ երբ երեք ինքնաբավ մարդիկ մի տեղ են հավաքվում, արվեստի գործ է ստացվում»:
Քննադատություններից չեն խուսափում.«Գիտակցում էինք, որ ծխախոտով նկարները խոսակցության տեղիք են տալու: Ասելու են՝ հայ կնոջը հարիր չէ Արարատի ֆոնին ծխախոտով նկարվելը, բայց մեզ համար ուղղակի կերպարային նկարներ են: Երկուսս էլ ծխող չենք, ավելին՝ նույնիսկ ծխախոտի հոտից զզվում ենք»:
Տաթեւ Հովակիմյանը եւ Ժաննա Վելիցյանը
Խոսել ենք նաեւ համավարակի պատճառած վնասներից.«Ծրագրերս շատ վատ ընթացքի մեջ են: Ապրիլի 22-ին պետք է տեղի ունենար «Սողոմոնի երգերը» ֆիլմի պրեմիերան, որն անորոշ ժամանակով հետաձգվեց: Երկու նոր ֆիլմում եմ ընդգրկված, որոնց նկարահանումները տեղափոխվեցին մյուս տարի. այս պայմաններում դժվար է նոր գործ սկսելը: Նոր ներկայացումների գաղափարներ կային, բայց անօգուտ է փորձեր անելը, չգիտես՝ երբ ես հանձնելու հանդիսատեսին: Այս ընթացքում փորձում եմ ժամանակակից նոր հեղինակների բացահայտել ու ներկայացնել իմ լսարանին՝ լցնելով վերջիններիս առօրյան: Իսկապես դժվար ժամանակներ ենք ապրում, աշխատանք չկա, բայց ֆինանսապես շատ չեմ տուժել: Գաղտնիք չէ՝ թատրոնն ինձ եկամուտ չէր բերում, ավելի շատ ծախսում էի, քան վաստակում: Հայրս փոքրիկ բիզնես ունի, դրա եկամուտներով ենք ապրում, ու կարողանում եմ հեշտությամբ մերժել սերիալներում նկարահանվելու առաջարկները»:
Ժաննա Վելիցյանը եւ Տաթեւ Հովակիմյանը
Տաթեւը ձանձրանալու ժամանակ չի ունենում.«Փորձում եմ հնարավորինս շատ ժամանակ տրամադրել ընթերցանությանը, ֆիլմեր եմ դիտում: Սկսել եմ դուրսուներս անել՝ պահելով անվտանգության բոլոր կանոնները, ու խուսափում եմ մարդաշատ վայրերից: Գիտակցում եմ՝ դժվար շրջան է, բայց սա էլ կհաղթահարենք. ավելի դժվար օրեր են եկել ու անցել»:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Միլեն Մանուկյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: