×


Արտավազդ եւ Անի Բայաթյանները

«Զրկվեցի կողմնակի եկամուտից». Անի Բայաթյան

Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Անի Բայաթյանը կարանտինային այս շրջանում կարողացել է ավելի շատ ժամանակ տրամադրել ոչ միայն ընտանիքին, այլեւ սիրելի զբաղմունքներին: Նրա հետ զրուցել ենք փոխված առօրյայի, դիմակներ կարելու, նաեւ դստեր Վերջին զանգի մասին:

«Նախորդ երկու ամիսներին տնից գրեթե դուրս չենք եկել, միայն ժամանակ առ ժամանակ գնումներ ենք կատարել մեր բակի մթերային խանութից՝ պահպանելով վարակից խուսափելու կանոնները: Լիայի տարեդարձն ենք նշել միայն ընտանիքի անդամներով: Երեւի թե դրանում մի փոքր տխուր պահ կար. նա շատ էր սպասում ընկերներին, նախապես նշել էր հյուրերի անունները, ովքեր պետք է ներկա լինեն: Նրանք չեկան: Բայց միեւնույն է՝ շատ ուրախացավ, որովհետեւ նվերներ ստացավ, եւ այլն»,-պատմել է Անին:

Անի Բայաթյանն՝ ամուսնու եւ կրտսեր դստեր հետ


Դերասանուհին խոստովանել է, որ նոր իրականությունն անսպասելի էր.«Մենք փորձում էինք ե՛ւ ապրել, ե՛ւ ընկալել ու հաղթահարել իրավիճակը: Ե՛վ վտանգ կար, ե՛ւ վախ, նաեւ՝ ֆինանսական առումով: Բայց կարանտինն ինձ չի զայրացրել. պետք է զգույշ լինենք, կարողանանք հաղթահարել եւ վերադառնալ մեր բնականոն կյանքին: Իսկ այս ընթացքում, ինչպես ասում են, ավելի մոտիկից ճանաչեցինք միմյանց:): Ամենալավն այն էր, որ շաբաթներ շարունակ միասին նախաճաշել, ընթրել ենք»:

Անին ոչ մի օր պարապ չի մնացել.«Ընթերցելուց, համացանցում ինչ-որ զբաղմունք գտնելուց զատ, ինձ համար նոր հետաքրքրություն եմ ստեղծել: Իմ ամենասիրելի զբաղմունքներից մեկը կարելն է եւ այս շրջանում շատ-շատ իրեր եմ կարել, տիկնիկներ եմ պատրաստել Լիայի համար: Մեծ աջիկս էլ է օգնել: Այսինքն՝ միայն իմ զբաղմունքն ու ժամանցը չի եղել, երեխաները եւս ներգրավված են եղել»:

Անի Բայաթյանը սկսել է տիկնիկներ ստեղծել


Խոսելով ֆինանսական դժվարությունների մասին՝ ասել է.«Կարծում եմ՝ շատերն են բախվել այդ խնդրին: Թատրոնի աշխատավարձից բացի, ունեի կողմնակի եկամուտ, որից զրկվեցի: Անհասկանալի իրավիճակ ստեղծվեց, որից, ինչպես միշտ, փորձել եմ ելք գտնել: Այս դեպքում ինձ օգնեց կարելը, որով էլ ինչ-որ չափով լրացնում եմ ֆինանսական բացը: Ի դեպ, մեր ընտանիքը բացառապես օգտագործում է իմ կարած դիմակները, որոնք լվանում ենք, արդուկում եւ նորից կրում: Ընկերներիցս շատերի համար էլ եմ կարում: Մեզ համար նորություն չէ դիմակ կրելը, ձեռքերը պարբերաբար լվանալը, ձեռնոցներ դնելը: Պետք է նաեւ մաքուր պահել այն տարածքը, որտեղ աշխատում եւ ապրում ես: Կշարունակենք այս ամենն այնքան ժամանակ, մինչեւ հասկանանք, որ վտանգը մեզնից հեռացել է»:

Անի Բայաթյանի եւ Իշխան Ղարիբյանի դուստրը


Անիի ավագ դուստրը՝ Վիոլան, այս տարի ավարտել է 9-րդ դասարանը եւ որոշել է ընտրել ծնողների ճանապարհը.«Շատ էր ուրախացել, որ ավարտական քննություններ չեն հանձնելու: Պատրաստվում է ընդունվել Երեւանի տարածաշրջանային թիվ մեկ քոլեջի դերասանական բաժինը»,-եզրափակել է դերասանուհին:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Անի Բայաթյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին