×


«Եթե Աննան այդ քայլը չաներ, վախենամ՝ ես այդպես էլ չանեի». Արմեն Էլբակյան

BRAVO.am-ը հետաքրքիր զրույց է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ, Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն էլբակյանի հետ. դերասան-ռեժիսորը կոլորիտային դրվագներ է պատմել իր մանկությունից, ընտանեկան կյանքից եւ, իհարկե, թատերական աշխարհից:

«Երազում էի ֆուտբոլիստ դառնալ, բայց քայլեցի դեպի թատրոն»

Մեր ընտանիքում շատ էին բժիշկները՝ պապս, քեռիս, որն անվանի վիրաբույժ էր։ Տանը բոլոր ցանկանում էին եւ մտածում, որ ես նույնպես կընտրեմ բժշկի մասնագիտությունը։ Քեռիս հաճախ էր ասում, որ վիրաբույժի ձեռքեր ունեմ, բայց ես երազում էի դառնալ ֆուտբոլիստ։ Երբ փոքր հասակում ինձ Պատանի հանդիսատեսի թատրոն էին տանում, որտեղ աշխատում էր հայրս, ես ուշադիր նայում էի այդ ներկայացումները, իսկ երբ վերադառնում էի տուն, մի հին սնդուկ կար, բարձրանում էի վրան եւ սկսում կրկնօրինակել բոլոր դերերը։ Անգամ հիշում եմ՝ մի անգամ քեռիս ասաց, թե նյարդային համակարգս կխանգարվի, պետք չէ ինձ թատրոն տանել, եւ մինչեւ 8-րդ դասարան ինձ թատրոն մտնել չհաջողվեց...

Արմեն Էլբակյանը


Ներկայացման տոմսը

Դե, քանի որ ինձ արգելված էր թատրոն գնալ, բայց ցանկությունը մեծ էր, մի ելք գտա: Ավագ դասարանում Սունդուկյանի անվան թատրոնի տոմսեր էին վաճառում, ես էլ ցանկություն հայտնեցի գնել, բայց ինձ մերժեցին՝ ասելով, որ հայրս այնտեղ է աշխատում, այսպես թե այնպես կարող եմ դիտել, ի վերջո, հաջողվեց տոմս գնել, դիտեցի «Դատական գործ» ներկայացումը՝ Վարդան Աճեմյանի բեմադրությամբ։ Այսքան փառատոնների եմ մասնակցել, ներկայացումներ դիտել, բայց այս որակի ներկայացում չեմ տեսել։ Այն ինձ վրա շատ մեծ ազդեցություն ունեցավ եւ որոշեցի անպայման ռեժիսոր դառնալ:

Ֆուտբոլ՝ որդու հետ

Դեռ մանկուց սիրել եմ ֆուտբոլը: Արդեն անցել էի խաղալու տարիքից, բայց երբ տեսնում էի որդիս՝ էդգարն, ընկերների հետ խաղում է, միանում էի: Հիմա էլ սիրում եմ այս մարզաձեւը, այն նման է թատրոնին։ Տարբեր փոխհարաբերություններ կան ֆուտբոլում, նույնն էլ թատրոնում է. դերասանները միմյանց հետ շփվելիս պետք է որոշակի փոխանցումներ անեն... Էներգիան էլ պետք է փոխանցել միմյանց։ Այս փոխհարաբերությունները երկու տեղում էլ անհրաժեշտություն են:

Արմեն Էլբակյանը


Հոր պատմությունը

Երբ բանակից վերադարձա, դերասան էի Սունդուկյանի անվան թատրոնում, բայց ընկճված էի ինձ զգում. երեւի թատրոնները քիչ էին, երիտասարդներին տրված հնարավորությունները՝ եւս: Ցանկություն առաջացավ սովորել Բժշկական համալսարանում, հայրս շատ զարմացավ եւ մի պատմություն պատմեց։ Մեկ անգամ հայրս տխուր զբոսնելիս է լինում, երբ պատահաբար հանդիպում է մեծանուն դերասան Հրաչյա Ներսիսյանին, ով հարցնում է, թե ինչու է այդքան տխուր, հայրս էլ անկեղծորեն պատասխանում է, որ ցանկանում է թողնել թատրոնն ու այլ մասնագիտություն ընտրել։ Հրաչյա Ներսիսյանը, լսելով հորս, ասում՝ «Ես ամեն առավոտ, երբ արթնանում եմ, որոշում եմ հեռանալ թատրոնից եւ ամեն օր գնում եմ թատրոն»։ Թատրոնից հեռանալը երբեմն անհնար է…

Դրսեւորվելու հարթակը

Երբ ցանկանում ես քո քաղաքացիական, բարոյական դիրքորոշումը հայտնել այս աշխարհում կատարվող երեւույթների վերաբերյալ, ապա թատրոնը դրսեւորվելու ամենից լավ ամբիոններից մեկն է։


Աննան եւ Խորեն Աբրահամյանի մերժումը

Առաջին անգամ եմ խոսում այս մասին. քանի որ մեր հարաբերություններում նրբություններ կային, առաջինը՝ ես Աննայից տարիքով բավական մեծ եմ, ու բացի այդ, նա իմ ուսանողուհին էր, ինչի համար ամաչում էի եւ զսպում ինձ։ Մտածում էի՝ գեղեցիկ չի լինի, եթե նման քայլ անեմ, հետեւաբար, եթե Աննան առաջին քայլը չաներ, վախենամ՝ ես այդ քայլը չանեի: Բայց դրանից հետո, երբ մեր հարաբերությունները պետք է անցնեին նոր փուլ, մեր ծանոթությունից կարճ ժամանակ անց ես արդեն Աննայենց տանն էի եւ նրա ձեռքն էի խնդրում։ Ի դեպ, երբ արդեն հասկացա, որ մեր հարաբերությունները դրական ընթացք են ստանում, մոտեցա թատրոնի գեղարվեստական ղեկավար, ստուդիայի ղեկավար Խորեն Աբրահայանին եւ ասացի, որ պատրաստվում եմ դուրս գալ ստուդիայից, քանի որ լավ չէ, որ դասախոսն ամուսնանում է ուսանողուհու հետ: Մերժում ստացա, եւ այդպես մի քանի անգամ (ծիծաղում է,-հեղ.

Պատասխաններ գտնելու համար

«Թռիչք կկվի բնի վրայով»՝ այս ներկայացումը մի մեծ ուղերձ է մեր հանդիսատեսին, թե ինչպես է անհատն ընդվզում հիվանդ իրականության դեմ եւ, զոհելով ինքն իրեն, փորձում փրկել եւ ապրելու հույս ներշնչել բոլոր նրանց, ովքեր մոլորվել են կամ ինքնամփոփվել իրենց մեջ եւ փորձում են փախուստ գործել իրականությունից: Վստահ եմ՝ հանդիսատեսից յուրաքանչյուրը կգտնի այն կարեւորն ու անհրաժեշտը, ինչն իրեն անհանգստացնում է, գուցե նաեւ այն հարցերի պատասխանները, թե ինչու ենք ապրում, որն է նպատակը, ինչ պետք է անի մարդը, որպեսզի ազատագրվի իր շուրջ տիրող քաոսից:

Արմեն Էլբակյանը


Հեռուստատեսային ներկայացում

Թատրոնի հիմքում մարդն է՝ իր հույզերով, ապրումներով, ասեմ՝ թանգարաններն էլ ամբողջությամբ չեն կարող առցանց դառնալ, չէ՞որ մարդ պետք է մոտիկից նայի կտավը, ցուցանմուշը՝ այն խորությամբ հասկանալու եւ վայելելու համար։  Բայց հիմա փորձում ենք հեռուստատեսային ներկայացում բեմադրել՝ «Արթուրո Ուիի կարիերան, որ պետք է կանխվեր» պիեսի հիման վրա։ Իհարկե, հույս ունենք, որ վարակը շուտ կնահանջի, եւ դերասանները կներկայանան դահլիճում՝ հանդիսատեսի առաջ, բայց եթե այս իրավիճակը շարունակվի, ապա կցուցադրվի հեռուստատեսային տարբերակը։

Հոր խորհուրդը, որ փորձում է փոխանցել

Այս խորհուրդը ես ժառանգել եմ հորիցս եւ միշտ կիսվում եմ երիտասարդ սերնդի հետ՝ փողի ու փառքի հետեւից մի ընկիր, գլուխդ կախ աշխատիր, փողն ու փառքը կընկնեն քո հետեւից, բայց երբ հասնես փառքին, պիտի կարողանաս դիմանալ ու չկորցնել համեստությունդ։

Զրուցեց Մարիամ Հովունին/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին