×


Գագիկ Սուրենյանի՝ Կապուտջուղը նվաճելու երազանքը, կյանքի նշանակալից պահերն ու մարդիկ

Թեեւ մթնոլորտային երեւույթների փոփոխությունները պայմանավորված չեն մարդկային գործոնով, դրանց «կառավարումը» մեր հասարակությունում կապվում է Գագիկ Սուրենյանի անվան հետ. Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալի գրառումներն ամենապահանջվածներից են համացանցի հայկական տիրույթում: Գագիկը Ֆեյսբուքում 117 հազարից ավելի հետեւորդ ունի:

BRAVO.am-ը նրա հետ զրույցը սկսել է եղանակի մասին հարցից, բայց նաեւ բացահայտել ենք հետաքրքրությունների շրջանակն ու ընտանիքում տիրող մթնոլորտը: Պարզել ենք, թե որն է նրա դեռեւս չիրականացած երազանքը, եւ թե ինչ թեմայի շուրջ է եղել Օֆելյա Համբարձումյանի հետ վերջին զրույցը:

- Որպես նախաբան՝ փորձենք հասկանալ՝ որն է Ձեր նախընտրելի եղանակը. այն «ոսկե միջինը», որ թեթեւություն է հաղորդում:

- Միշտ սիրել եմ գարունը եւ առանձնակի սպասումներով եմ այն դիմավորում ամեն անգամ։ Որքան էլ օրացույցային գարունը գա, ինձ համար գարնան գալուստ ազդարարողը գարնան առաջին ամպրոպն է։ Մթնոլորտային երեւույթներից ամենաշատը հենց ամպրոպն եմ սիրում։ Իսկ հայաստանյան գարունը շատ բուռն է արտահայտվում, հատկապես շքեղ է ծառերի ծաղկման ընթացքը, որին արագ հաջորդում է զմրուխտ կանաչը։

- Մարդկանց համար եղանակի «ղեկավար» դիտարկվելը, հավանաբար, մեծ պատասխանատվություն է: Համավարակի սկզբնական շրջանում «պահանջում» էին ջերմաստիճանը բարձրացնել, իսկ ամռանն ընդհակառակը՝ նվազեցնել: Ինչպիսի՞ զգացողություններ եք ունենում նման պահերին:

- Վերջին տարիներին մեր հանրությունը բավական ներգրավված է մթնոլորտային երեւույթների փոփոխման գործընթացներում եւ հախուռն է արձագանքում։ Միշտ էլ ստանում եմ նամակներ տարբեր անհատներից, որոնք հետաքրքրվում են առաջիկայում սպասվող եղանակային փոփոխություններով։ Քանի որ մեր ոլորտը սպասարկում է տնտեսության գրեթե բոլոր ճյուղերին, մարդկանց հետաքրքրությունները եղանակի փոփոխման պատճառների վերաբերյալ տարբեր են՝ անձնականից մինչեւ խիստ գործնական։

Գագիկ Սուրենյանը


- Նախընտրում եք հանրության հետ անմիջական շփման մեջ լինել: Եղանակային ցանկացած փոփոխության մասին մարդիկ տեղեկանում են Ձեր գրառումներից ու արձագանքում: Երբեմն չի ուշանում նաեւ Ձեր կեսկատակ-կեսլուրջ պատասխանը: Հետաքրքիր է, կա՞ն մեկնաբանություններ կամ Ձեզ ուղղված նամակներ, որոնք առավել տպավորիչ են եղել:

- Հանրության հետ շփումն ինձ համար միշտ է նախընտրելի եղել։ Ունեմ բազմաթիվ ընկերներ, որոնց հետ ծանոթացել եմ պատահական շփումների միջոցով։ Ստացածս նամակներից թերեւս ամենատպավորիչն այն է, որ Սեւանի ափին հանգստյան գոտի ունեցող մի տղա ինձ խնդրում էր՝ Սեւանին հաղորդեմ շատ բարձր ջերմաստիճան, որպեսզի հանրությունը գնա հանգստանալու։

- Դեռեւս փոքր տարիքից հետաքրքություն եք ցուցաբերել կանխատեսումներ անելու գործընթացի նկատմամբ: Ո՞ր պահին սկսվեց այդ ամենը: Եղե՞լ է պահ, որից հետո փոխվեց ամեն ինչ:

- Օդերեւութաբանության նկատմամբ հետաքրքրությունս սկսվել է 4-5-րդ դասարաններում։ Հիշում եմ՝ աշխարհագրության ուսուցչուհուս խնդրեցի ինձ համար օդերեւութաբանության վերաբերյալ գրականություն գտնել։ 7-րդ դասարանում արդեն կարդում էի մասնագիտական գրքեր, որին հաջորդեց այցս «Հիդրոմետ ծառայություն»։ 2002թ.-ին ընդունվեցի ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի «Օդերեւութաբանության» բաժինը եւ հենց առաջին կուրսից կես դրույքով աշխատանքի անցա «Հիդրոմետ ծառայությունում»։ 2010 թ.-ին պաշտպանեցի թեկնածուական ատենախոսությունս եւ 2011-2017թթ.-ին զուգահեռ սկսեցի դասախոսել: Այսպիսի պտույտ է ստացվել կյանքիս սկզբնական հատվածում:

Գագիկ Սուրենյանը՝ մայրիկի հետ


- Ինչպիսի՞ ընտանիքում եք մեծացել:

- Մեծացել եմ ավանդական հայկական ընտանիքում: Մայրս վաստակավոր մանկավարժ է, հայրս՝ շինարար։

- Տեսակով ճանապարհորդ եք: Աշխատանքի վայրում շրջապատված եք քարտեզներով, իսկ դրանց վրա նշո՞ւմ եք այն վայրերը, որտեղ ցանկանում եք լինել: Այդ վայրերը Հայաստանի սահմաններից դո՞ւրս են, թե՞ նախընտրում եք հայրենիքի ամեն անկյունը բացահայտել:

- Առանձնակի սեր ունեմ լեռների նկատմամբ։ Լեռներում գտնվելը եւ բարձր լեռնային գոտում ճամփորդելն իմ նախասիրություններից է։ Եղել եմ Հայաստանի գրեթե բոլոր լեռնաշղթաների վրա, բացառությամբ Զանգեզուրի լեռնաշղթայի։ Միշտ երազել եմ բարձրանալ Զանգեզուրի լեռնաշղթայի բարձր գագաթը՝ Կապուտջուղ։ Սակայն լեռան սահմանային գոտում գտնվելու պատճառով միշտ վախեցել եմ գնալ։

- Ձեր կինը նույնպես օդերեւութաբան է: Կես խոսքից հասկանալը ձեր զույգին պետք է բնորոշ լինի: Կպատմե՞ք, թե ինչպես սկիզբ առավ ձեր ընտանեկան պատմությունը: Առանձնահատուկ որեւէ մեթոդի դիմե՞լ եք ամուսնության առաջարկն անելիս:

- Մենք 6 տարի սովորել ենք նույն կուրսում։ Վերջին կուրսում հետաքրքրություն ծագեց միմյանց նկատմամբ, որին հաջորդեցին հաճախակի հանդիպումները, ապա՝ ամուսնությունը։ Իսկ ահա ամուսնության առաջարկն անելիս առանձնահատուկ մեթոդների չեմ դիմել. ամեն ինչ եղել է ինքնաբերաբար։

Գագիկ Սուրենյանի հարսանեկան լուսանկարներից


- Փոքրիկ տարաձայնությունների դեպքում ինչպե՞ս եք հարթում իրավիճակը: Այդ դեպքում ի՞նչ քայլեր կարող է անել ամուսինը կնոջ սիրտը շահելու համար:

- Տարաձայնությունների դեպքում իրավիճակը կինս է հարթել: Ես երբեք քայլեր չեմ արել այդ ուղղությամբ։

- Ընտանիքի եւ աշխատանքի միջեւ հավասարակշռություն պահելը երբեմն բարդ է լինում: Դուք կարողանո՞ւմ եք ժամանակը հավասարապես բաշխել:

- Ամեն բան մեր ընտանիքում հավասարակշռված վիճակում է: Ժամանակը բավարարում է ե՛ւ ընտանիքի, ե՛ւ աշխատանքի համար։ Ամեն դեպքում աշխատանքը չի խանգարել ընտանիքն ուշադրության կենտրոնում պահելու համար։

- Խի՞ստ հայր եք Ձեր դուստրերի համար: Կա՞ն հստակ սահմանված կանոններ՝ ինչն է կարելի, ինչը՝ ոչ:

- Այո՛, խիստ եմ եւ կան հստակ սահմանված կանոններ՝ ինչն է կարելի, ինչը՝ ոչ։

Գագիկ Սուրենյանը՝ դուստրերի հետ


- Իսկ որո՞նք են ընտանեկան երջանկության պարտադիր բաղադրիչները Ձեզ համար:

- Փոխադարձ վստահություն եւ փոխադարձ հարգանք։ Այս երկուսի առկայության դեպքում ամեն բան հիանալի է ստացվում։

- Կա՞ այնպիսի խորհուրդ, որը ստացել եք տարիներ առաջ, մինչ օրս հիշում եք կամ առաջնորդվում դրանով:

- Կա այդպիսի խորհուրդ: Այն ինձ տվել է մեր երգի թագուհին՝ Օֆելյա Համբարձումյանը։ Խորհուրդը հետեւյալն էր՝ որքան էլ աճես, որքան էլ բարձրանաս, պետք է խոնարհ լինես եւ համեստ, երբեք չգոռոզանաս։

Գագիկ Սուրենյանը եւ Օֆելյա Համբարձումյանը


- Ժողովրդական երգչուհի Օֆելյա Համբարձումյանին նվիրված «Օֆելյա» ֆիլմի պրոդյուսերն եք: Մտերիմ եք եղել արտիստուհու հետ, կհիշե՞ք ձեր վերջին հանդիպումն ու զրույցը:

- Անկախ մեր տարիքային ահռելի տարբերությունից, մենք եղել ենք շատ մտերիմ ընկերներ եւ շփվել երկար տարիներ։ 2013-2015 թթ.-ին նկարահանվեց «Օֆելյա» ֆիլմը, որի ռեժիսորը ընկերս է՝ Հայկ Վարդանյանը։ 2016 թ. հունիսի 12-ի երեկոյան Արագածում էի, զանգեցի Օֆելյա Համբարձումյանին: Շերամի երգերից էի փորձում եւ ուզում էի պարզել՝ տվյալ հատվածը ճիշտ եմ կատարում, թե ոչ։ Դա մեր վերջին զրույցն էր: Առավոտյան երգչուհին մահացավ։ Ամեն ինչ շատ հանկարծակի եղավ:

Զրուցեց Լուիզա Աբրահամյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Գագիկ Սուրենյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport