×


Լեւոն Արեւշատյանը եւ Գոռ Սուջյանը

Project LA-ի հեղինակ Լեւոն Արեւշատյան. «Հայ դասականներին մոտենալը չափազանց պատասխանատու էր ինձ համար»

«Project LA» երաժշտական նախագիծը յուրահատուկ ձեւաչափով միանգամից գրավեց երաժշտասեր, նաեւ՝ ընթերցասեր հասարակության ուշադրությունը. մեծանուն գրողների գործերին մեղեդային կենդանություն տալով՝ այն շատերին հնարավորություն տվեց ծանոթանալու կամ վերհիշելու գրական գեղեցիկ ստեղծագործություններ եւ միաժամանակ ունկնդրելու որակյալ երաժշտություն: Տարիներ է, որ «Project LA»-ն իր հաստատուն տեղն ունի հայկական երաժշտական իրականության մեջ, սակայն նախագծի եւ դրա բոլոր ստեղծագործությունների երաժշտության հեղինակը՝ Լեւոն Արեւշատյանը (LA), երբեք չի խոսել նախագծի ստեղծման, հաջողակ ուղու պատմության, ստեղծագործական հույզերի ու նպատակների մասին:

Եվ ահա, BRAVO.am-ը ներկայացնում է բացառիկ հարցազրույց Լեւոն Արեւշատյանի հետ, որում կգտնեք ոչ միայն այս հարցերի պատասխանները, այլեւ կբացահայտեք ձեր սիրելի երգերի հեղինակին:

- Պարոն Արեւշատյան, «Project LA»-ի երգերում տեսնում ենք երաժշտական յուրօրինակ զգացողություն եւ ձեռագիր. ինչպե՞ս է ձեւավորվել Ձեր ստեղծագործությունների հնչյունային ներկապնակը:

- Սիրում եմ երաժշտական բոլոր ոճերը՝ դասական, ռոք, փոփ, ֆոլկ, ջազ. ժանրային տարբերակում երբեք չեմ դրել: Կարեւորը՝ լինի լավ ու որակյալ երաժշտություն: Իսկ հնչյունային ներկապնակը, որ առկա է իմ ստեղծագործություններում, շատ բազմազան է եւ սերում է մանկությունից ու պատանեկությունից. մի դեպքում դրանք դասական երաժշտության որոշակի երանգավորմամբ էլեմենտներ են, մի այլ դեպքում՝ ռոք: Ընդհանրապես, իմ ստեղծագործությունները ծնվում են իմ հոգեվիճակից, տրամադրությունից, այնուհետեւ դրանք ամբողջանում են համապատասխան բանաստեղծությամբ:

Լեւոն Արեւշատյանը եւ «Project LA»-ի երաժիշտները


- Իսկ ինչպե՞ս ծնվեց միտքը՝ աշխատելու հենց այս սկզբունքով, եւ արդեն այսօր ո՞րն է Ձեր ընթերցանության նյութը գործի բերումով եւ առհասարակ:

- Ինչպես արդեն նշեցի, սկզբում ստեղծվում է մեղեդին, որն էլ հուշում է հեղինակի ընտրությունը: Նախագծի առաջին շրջանի գործերում գերիշխող են անգլալեզու բանաստեղծությունները՝ Էդգար Ալլան Պո, Էմիլի Դիքինսոն. ինչո՞ւ, որովհետեւ հայ դասականներին մոտենալն ու հպվելը չափազանց պատասխանատու էր ինձ համար: Որոշակի փորձառությունից հետո միայն ինձ թույլ տվեցի միահյուսել իմ ստեղծած մեղեդին տերյանական չքնաղ «Կարոտ» բանաստեղծության հետ: Ինչ վերաբերում է ընթերցանությանը՝ ասեմ, որ շատ եմ կարդում, իհարկե, մասնագիտական (տնտեսագիտության վերաբերյալ) գրականություն, նաեւ հետաքրքրված եմ արդի փիլիսոփայական մտքով: Սիրում եմ նորագույն տեխնոլոգիաների մասին գրականություն: Կարդում եմ հիմնականում անգլերեն:

- Հետաքրքիր է, երաժշտական կրթություն ունե՞ք եւ գուցե եղել են մարդիկ, ովքեր ազդեցություն են ունեցել Ձեր ոճի ձեւավորման հարցում:

- Երաժշտական կրթություն ունեմ, բայց ոչ բարձրագույն, եւ իհարկե, ունեմ սիրելի կոմպոզիտորներ: Դասականների մեջ կառանձնացնեմ Մոցարտին, Բեթհովենին, Բրուքներին, Ռոսսինիին, ռոք երաժշտության պարագայում դեռ պատանեկությունից ինձ համար սիրված են «Iron Maiden»-ը, «Metallica»-ն:

- Ձեր երեխաները կիսո՞ւմ են Ձեր երաժշտական ճաշակը:

- Երեխաներս, հուրախություն ինձ, բարձրաճաշակ, որակյալ երաժշտություն են սիրում: Իրենց նախապատվություններն էլ ավելի շատ ռոքային են:

Լեւոն Արեւշատյանի ընտանիքը


- Վերադառնանք նախագծին. հարցազրույցներից մեկում հնչած «Ո՞րն է «Project LA»-ի նպատակը» հարցին Գոռ Սուջյանը պատասխանեց, որ այդ հարցին ավելի հստակ կպատասխանի հենց LA-ը՝ Լեւոն Արեւշատյանը. հիմա մեր ընթերցողները հնարավորություն ունեն լսելու Ձեր պատասխանը:

- Ի սկզբանե «Project LA»-ի երգերը գրում էի ինձ համար, ընտանիքիս, ընկերների նեղ շրջանակի համար եւ բնավ նպատակ չեմ ունեցել դրանք հանրայնացնելու: Սակայն այնպես ստացվեց, որ համակիրներիս շրջանակը փոքր-ինչ ընդարձակվեց, երբ մեր ընտանիքի բարեկամ շատ տաղանդավոր պրոդյուսեր Սուրեն Սահակյանը լսեց եւ ստանձնեց մեր ապագա խմբում իր անփոխարինելի դերը: Մեզ միացան նաեւ ֆանտաստիկ գործիքավորողներ Խաչիկ Սահակյանն ու Հայկ Գասպարյանը: Դե, իսկ երգչի հարցում միակարծիք էինք բոլորս. Գոռ Սուջյանի նման, թերեւս, ոչ ոք չէր կարող փոխանցել իմ երաժշտության եւ դասական պոետների հույզերը: Այսպես ստեղծվեց մեր խումբը: Ուրախ եմ ու շատ երջանիկ, որ մեր երգերը սիրված են, իսկ նպատակը շատ պարզ է՝ մեր արվեստի միջոցով հատկապես երիտասարդների շրջանում տարածել լավ երաժշտությամբ համեմված արտասահմանյան եւ հայ դասական պոեզիայի գոհարներ:

- Գաղտնիք չէ, որ հենց երիտասարդների շրջանում մի ստվար զանգված լսում եւ երկրպագում է երաժշտության մի տեսակ, որը մեր մշակույթի մասը չէ. նախագծի ստեղծման նախնական փուլում կայի՞ն մտքեր, որ գուցե չունենաք մեծ լսարան:

- Ինչպես նշեցի մեր զրույցի սկզբում, չեմ ակնկալել մեծ լսարան ունենալ: Երաժշտությանը վերաբերել եմ որպես հոբբի, հետեւաբար չեմ ունեցել նաեւ կոմերցիոն նպատակներ (հիմա էլ չեմ հետապնդում այդպիսի նպատակ): Ու եթե գեթ մեկ հոգու էլ դուր գա իմ երաժշտությունն ու հետաքրքրություն առաջացնի, շատ ուրախ կլինեմ: Իմ կարծիքով, ստեղծագործական ընթացքը պիտի լինի վայելք հենց ստեղծագործողի համար, ու եթե ինքդ քո հետ անկեղծ ես, տառապանքից կամ երջանկությունիցդ ծնված գործը կգտնի համակիրների իր լսարանը:

Արմինե Անտիկյանը եւ Լեւոն Արեւշատյանը


- Փաստ է՝ հաջողել եք. հիմնական գործոնները որո՞նք էին: Հնարավո՞ր է միայն որակյալ երաժշտություն ստեղծելով սիրվել ու ճանաչելի լինել, թե՞ մեդիառեսուրսի կառավարումը եւս անհրաժեշտ է: Երեւի հենց այս հարցում Ձեզ շատ է օգնում Ձեր տիկինը՝ մշակույթի հարցերում հմուտ, «Անտիկյան» պատկերասրահի հիմնադիր Արմինե Անտիկյանը, ով մեզ եւս օգնեց կայացնել զրույցը:):

- Արմինե Անտիկյանն առաջին հերթին իմ համախոհն է ու զինակիցը: Ունենք մեր ընդհանուր նախասիրություններն արվեստում: Շատ նման ենք իրար, նաեւ՝ տարբեր: Արվեստային սակավաթիվ բանավեճերն երկուսիս էլ օգնում են մեր գործունեության մեջ. բարերար ազդեցություն ունենք միմյանց արվեստընկալման եւ հավատամքի տարածման հարցում: Մեզ հետաքրքիր է միասին:

Մեդիառեսուրսի կառավարման հետ կապված կասեմ, որ այո, մեր ժամանակներում ունենք եզակի հնարավորություն սոցիալական ցանցերի միջոցով մեր հետաքրքրությունները ներկայացնելու: Իսկ եթե դա նաեւ հետաքրքիր է դառնում ավելի լայն լսարանի, ուրեմն հաջողել ես:

- Համաճարակային իրավիճակում մշակույթն ամենախոցելի ոլորտներից մեկը եղավ եւ շարունակում է մնալ: Շատերը գտան այլընտրանքային տարբերակներ. մտածե՞լ եք նման ձեւաչափով սպառելու էներգիան, որ կուտակվել է այս ամիսների ընթացքում:

- Գիտեք, առցանց համերգը երբեք չի կարող փոխարինել կենդանի կատարմանը, երբ արտիստն անմիջական շփման մեջ է հանդիսատեսի հետ. նա լիցքավորվում է դահլիճի էներգետիկայով եւ նույնը կրկնակի վերադարձնում դահլիճ, ինչը շատ կարեւոր է արվեստագետի համար:

- Այնուամենայնիվ, Ձեզ՝ որպես ստեղծագործողի, այս ընթացքը հարկավո՞ր էր լիցքավորվելու համար:

- Ինչ խոսք, դժվար ժամանակներ ենք ապրում, եւ կասեմ հակառակը՝ այս ընթացքում ստեղծագործելը շատ է օգնում: Այն թույլ է տալիս դրական լիցքեր ստանալ քո իսկ ստեղծածից եւ, իհարկե, դրանք փոխանցել գնահատողներին:

Լեւոն Արեւշատյանը


- Պարոն Արեւշատյան, այսօր աշխատանքային ի՞նչ գործունեության հետ եք զուգորդում ստեղծագործելը. հնարավո՞ր է գա ժամանակ, երբ երաժշտությունը դառնա Ձեր հիմնական զբաղմունքը:

- Չեմ կարծում, որ կլինի մի ժամանակ, երբ ստեղծագործելն ինձ համար կդառնա միակ ու հիմնական զբաղմունք: Իմ աշխատանքային գործունեությունը կապված է տնտեսագիտական նորանոր հնարավորությունների հետ, բայց այդ մասին առայժմ վաղ է խոսել:

- Եվ վերջում, մեծագույն երազանքը, որ կապել եք «Project LA» նախագծի հետ:

- Երաժշտությունը հոգու, հոգեվիճակի, տրամադրության արտացոլումն է, այլ կերպ ասած՝ հոգու հայելին, եւ ես շատ երջանիկ կլինեմ, եթե «Project LA»-ը կարողանա հետք թողնել հայ երաժշտարվեստի պատմության մեջ:

Զրուցեց Էլեն Աղաջանյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Լեւոն Արեւշատյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին