×


«Զգում եմ՝ վերադառնալու ենք ու ապրենք մեր քաղաքում». Արցախի երեխաների ձայները

BRAVO.am-ը ներկայացնում է Արցախի մեր փոքրիկների դիմանկարները: Նրանք երազում են տուն վերադառնալու, ընկերների հետ խաղալու, լավ ուսում ստանալու եւ իրենց հայրենքի համար մի կարեւոր գործ անելու մասին: Այս բոլոր անկեղծ հույզերն ամփոփված են մեր ֆոտոշարքում, իսկ դժվար կորզված թաքուն երազանքները՝ տեքստում:


Սրբուհի, 14 տարեկան

Մենք արմատներով Արցախից ենք, բայց ես ծնվել եւ մեծացել եմ Ղազախստանում: Մեկ տարի առաջ ծնողներս որոշեցին, որ պետք է վերադառնանք Արցախ եւ ապրենք Ստեփանակերտում:

Սկսվեց պատերազմը. սարսափելի էր, առաջին անգամ էի անցնում այդ ամենի միջով: Հիմա երազանքս մեկն է, որ այն շուտ ավարտվի եւ Արցախն անկախ հռչակվի: Դե, ես էլ ուզում եմ ճարտարապետ դառնալ, Արցախում գեղեցիկ տներ ու առեւտրի կենտրոններ կառուցել, որ այն լինի զարգացած ու հզոր:


Աիշա, 5 տարեկան

Երեւանում շատ լավ է, բայց ուզում եմ գնալ Ստեփանակերտ, որ ընկերներիս հետ խաղամ, հա՜, ու սիրածս տղային տեսնեմ՝ Նարեկին:


Մարի, 3 տարեկան

Ուզում եմ գնալ Ստեփանակերտ, որ Լյուդա բաբոյի հետ իջնեմ բակ՝ զբոսնելու: (Լյուդան Մարիի տատիկն է, ով այժմ Արցախում կամավորական է. զինվորների համար տաք հագուստ ու առաջին անհրաժեշտության պարագաներ է կարում,-հեղ.):


Հայկ, 5 տարեկան

Ամենաշատը շնիկիս եմ կարոտել՝ Աֆինային. միշտ իրար հետ գնդակ էինք խաղում: Պիտի վերադառնամ Ստեփանակերտ, որ ընկերներիս հետ խաղամ. բարեւում եմ Տիգրանին, Արմենին, Արտակին:


Միշա, 5 տարեկան

Ես տեսել եմ իսկական զինվորների՝ գլխարկով ու ավտոմատով. իրենք թշնամուն թակում են:


Մարատ, 11 տարեկան

Գիտեմ, որ հիմա իսկական զենքերն ինձնից ծանր են, բայց երբ մեծացա, ես էլ պիտի գնամ ու պաշտպանեմ մեր հողը:

Կուզեի՝ խաղաղություն լինի, զոհեր չլինեին… Ես էլ սամբոյի վարպետ կլինեմ ու երեխաներին դաս կտամ:

Թող մեր զինվորները, որ այսօր կանգնած են սահմանին, շատ ուժեղ լինեն. մենք սպասում ենք նրանց վերադարձին:


Դանիելա, 17 տարեկան

Ես ծնվել ու մեծացել եմ Արցախում՝ Ստեփանակերտում: Ցավում եմ, որ հանգամանքների բերումով այսօր մենք հեռացել ենք մեր քաղաքից: Մեզ Երեւանում շատ ջերմ ընդունեցին. ամեն օր տարբեր անակնկալներ ենք ստանում, հրաշալի վերաբերմունք, բայց միեւնույն է՝ Ստեփանակերտը կանչում է: Մենք այստեղ տաքուկ պայմաններում ենք, բայց տատիկս հիմա Արցախում կամավոր է. կուզեի օգնել նրան:

Հետաքրքրվում եմ քաղաքականությամբ եւ միջազգային հարաբերություններով ու շատ կուզեմ այնպիսի մասնագետ դառնալ, որ կարողանամ նպաստել իմ քաղաքի զարգացմանը:

Աշխարհին ուղղված կոչս ուզում եմ փոխանցել հենց Արցախի բարբառով.

Մունք Արցախա խոխեքնք ու հասկանումնք, վէր մեր կյանքը էլ առաչվանը ինանչի, մունք ընկալումնք, վէր կընանեքն կուրցրալ ուրանց մարդկանց, խոխեքը՝ պապոցը, ախպորցը, ու վորպեզի ավելի շատ մարդկանց չի կուրցնինք, մունք պահանջումնք, վէր մեզ ճնանչին, ու նորից խախաղություն ինի:


Իլոնա, 17 տարեկան

Ժամանակավոր տեղափոխվել ենք Երեւան, բայց զգում եմ՝ վերադառնալու ենք ու ապրենք մեր քաղաքում:

Երեւանում լինելուս օրերին եղա Գաբրիել Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնում ու վերջնական որոշում կայացրի նաեւ մասնագիտական ընտրության հարցում. ուզում եմ դերասանուհի դառնալ:

Կարծում եմ՝ այս մասնագիտության մասին պատկերացումներն Արցախում մի քիչ սխալ են. ես ուզում եմ կոտրել բոլոր կարծրատիպերը: Մեր ծնողները մտածում են՝ ավելի լավ է տնտեսագետ կամ բժիշկ դառնալ, իսկ ես Երեւանում կրթություն ստանալուց հետո կվերադառնամ Ստեփանակերտ ու կապացուցեմ, որ դերասանի մասնագիտությունը եւս շատ արժեքավոր է:

Չեմ ուզում ուրիշ ոչ մի տեղ գնալ. ուզում եմ ապրել Արցախում. չէ՞ որ մեր զինվորներն այսօր պայքարում են հենց դրա համար:

Նյութի պատրաստմանն աջակցելու համար շնորհակալ ենք «Loft» կենտրոնին, որն այս օրերին հյուրընկալում է մեր փոքրիկ արցախցիներին եւ ապահովում նրանց անհոգ ժամանցը:

Տեքստը՝ Էլեն Աղաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին