×


Քանյե Ուեսթը ներկայացրել է նախընտրական առաջին հոլովակը. ինչպիսին են հաղթելու շանսերը

Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ ամերիկացի հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը, ով ԱՄՆ նախագահի թեկնածուներից մեկն է գալիք ընտրություններում, նախընտրական քարոզարշավի շրջանակում ներկայացրել է իր առաջին հոլովակը:

Տեսանյութում երաժիշտը խոսում է Միացյալ Նահանգների ճակատագրի ու իրական արդարության մասին: Նախընտրական ուղերձում ռեփերն ամերիկացիներին կոչ է անում միավորվել, վերականգնել հավատը։ Նրա կարծիքով՝ աղոթելով եւ Աստծուն ապավինելով կարելի է ընտանեկան արժեքների վրա հիմնված ուժեղ պետություն կառուցել:

Քանյե Ուեսթի կայքում հրապարակված է նախընտրական ծրագիրը՝ տասը «պատվիրաններով»։ Դրանց թվում են, մասնավորապես, կրթական համակարգի եւ արդարադատության բարեփոխումները, որոնք հավասար են բոլոր քաղաքացիների համար՝ անկախ ռասայական պատկանելությունից կամ որեւէ այլ բանից: Ծրագրի յուրաքանչյուր կետ ուղեկցվում է Աստվածաշնչից մեջբերումով։

Նա սկսել է նաեւ հեղինակային հագուստի վաճառք՝ ի պաշտպանություն իր թեկնածության։ Մասնավորապես ներկայացված են գլխարկներ, բաճկոնակներ եւ շապիկներ՝ «Քվեարկիր Քանյեի օգտին», «Աստված պահպանի Ամերիկան» եւ «Քանյե 2020. տեսլական» գրություններով։

Ռեփերը նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին հայտարարել էր այս տարվա հուլիսին։ Ինչպես պարզաբանում է «Forbes» ամսագիրը, Քանյեի հաղթանակն անհնար է նախեւառաջ մաթեմատիկական հաշվարկներով․ ուշ մեկնարկը նրան հնարավորություն է տվել առաջադրվելու միայն մի քանի նահանգներում։

Դա էլ բավական չէ, սոցիալական ցանցերում քննարկում են, որ իր թեկնածությամբ նա փորձում է օգնել Թրամփին հաղթել ընտրություններում.«Նա գիտի, որ չի կարող հաղթել: Բայց կստանա որոշ ձայներ, որոնք պետք է լինեին Բայդենինը: Ձայների ինչպիսի կորուստ»,- գրել է օգտատերերից մեկը:

Ահա այսպիսի տողերով էլ նրան սատարում են երկրպագուները.«Քանյե Ուեսթ՝ 43 տարեկան (երիտասարդ), ռասիստ չէ, բռնաբարության ոչ մի մեղադրանք, 21 Գրեմմի մրցանակ, բոլոր ժամանակների լավագույն հիփ-հոփ արտիստ: Դուք գիտեք ճիշտ ընտրությունը»։

Քանյե Ուեսթը Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում հանդես է գալիս իր ստեղծած նոր՝ «The Birthday Party» (Ծննդյան երեկույթ) կուսակցության անունից: Նա ընտրողներին ներկայանում է «Քանյե 2020» տարբերանշանով։

Պատրաստեց Աստղիկ Իսկանդարյանը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին