×


Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանը

70 տարեկանում կյանքից հեռացել է դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանը:

«Կյանքից հեռացավ հրաշալի մի մարդ, իր գործի բացառիկ նվիրյալ, նուրբ մտքի եւ հումորի, խորքային դիտողականության տեր արտիստը: Բոլորովին վերջերս, Գ. Սունդուկյանի անվ. թատրոնի «Դեկամերոն» ներկայացման առաջնախաղից հետո առիթ եղավ երկար զրուցելու իր հետ. զվարճախոսության ու անսպառ սրամտության ժամեր էին իր եւ Արմեն Էլբակյանի «առաջատարությամբ»: Ավաղ, մարդկային մեր բացահայտումերը միշտ ուշացած են... Խոնարհումս Ձեր լուսավոր կերպարի եւ հիշատակի առջեւ: Հանգչեք խաղաղությամբ, վաստակավոր արտիստ, մեր սիրելի Վանիկ Մկրտչյան», - գրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

BRAVO.am-ը միանում է բոլոր ցավակցություններին:

Վանիկ Մկրտչյանը ծնվել է 1950թ. մարտի 13-ին՝ Արթիկ քաղաքում: 1969-72թթ սովորել է Երեւանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1973-78թթ.` Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, ստացել է երաժշտական թատրոնի դերասանի որակավորում: 1978թ.-ից աշխատել է Երեւանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` որպես դերասան: Զուգահեռ 2008թ-ից աշխատել է Երեւանի Ս. Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնում, ինչպես նաեւ համագործակցել է Է. Էլբակյանի անվան թատրոնի հետ:

Մարմնավորել է բազմաթիվ դերեր մի շարք ներկայացումներում, որոնցից են` Բ. Բրեխտի «Երեք գրոշանոց օպերա» (Փիչըմ), «Ժուան Գանգորա» (Ժուան), Է. դե Ֆիլիպպոյի «Չեմ վճարի» (Ստրումելլո), «Ծննդյան տոները սենյոր Կուպելլոյի տանը» (Կուպելլո), Հ. Պարոնյանի «Ատամնաբույժն արեւելյան» (Նիկո), «Մեծապատիվ մուրացկաններ» (բանաստեղծ), «Շողոքորթն» (պապիկ), «Պաղտասար ախպար» (Պաղտասար), Գ. Տեր-Գրիգորյանի «Ախ, ներվեր, ներվեր» (Մոզի), «Հանգուցյալը շրջում է քաղաքում» (Բլի), Ա. Այվազյանի «Սեր աստղերի տակ» (Օնիկ), Ջ. Պատրիկի «Տարօրինակ միսիս Սեւիջը» (Հանիբալ), Ժ. Ֆեյդոյի «Կասկածը կնոջ սրտում» (Քամիյ) եւ այլն:

Նկարահանվել է «Ժամկետը 7 օր» (1990թ.), «Մարտիրոսի ուխտագնացությունը» (1990թ.), «Մարիամ» (2005թ.) եւ այլ ֆիլմերում: Նկարահանվել է նաեւ հեռուստասերիալներում: Հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Հոլանդիայում, Իրանում, Լիբանանում, Բելգիայում:

2010թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` որպես «Տարվա լավագույն դերասան»: Նույն թվականին պարգեւատրվել է ՀՀ մշակույթի նախարարության եւ ՀԹԳՄ ոսկե մեդալներով, Երեւանի քաղաքապետի պատվոգրով: 2011թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին