×


«Պետք է ուժեղ լինենք եւ մեր հզորների կողքին». երիտասարդ նկարչուհին տեսողական պատրանքներ է ստեղծում

Ազա Փաշինյանը «բոդի արթ» ոճում ստեղծագործող նկարչուհի է. ստեղծում է տեսողական պատրանքներ, նաեւ կերպարային փոխակերպումներ է անում դիմահարդարման միջոցով։ Երբ խնդրում եմ՝ պատկերացնի մեկին, որը ոչ տեսել, ոչ էլ լսել է «բոդի արթի» մասին, եւ հենց նրան ներկայացնի արվեստի այս ճյուղը, Ազան այսպես է սահմանում․«Բոդի արթն իրենից ներկայացնում է մարմնի արվեստ՝ ներքին եւ արտաքին աշխարհների արտահայտման բախում»։ Իսկ հետո անցնում ենք այլ հարցերի, որոնք ներկայացնում ենք ստորեւ։

Պատերազմը

Պատերազմն իրական է, պատերազմը ցավ է։ Ես նկարելով եմ արտահայտում իմ ներաշխարհում կատարվողը։ Երբեմն հույզերն այնքան մեծ են լինում, այնքան իրական, որ մեկ-մեկ ինձ շատ են խանգարում։ Կորել են կյանքիս գույները, նույնիսկ չեմ նկատում աշնան գույները։ Մեր սերունդն էլ տեսավ պատերազմ, մեր սերունդն էլ կորցրեց եղբայրներին եւ հայրերին։ Բոլորն էլ մերն են, մեր հզորներն են։ Պետք է ուժեղ լինենք, մեր հավատը չկորցնենք, հոգեպես բոլորի կողքին լինենք մեր աղոթքներով։ Ուզում եմ՝ աշխարհը չլռի։

Առաջին աշխատանքը

Իհարկե, Մոնա Լիզայից առաջ աշխատանքներ եղել են, բայց կարծում եմ՝ իրեն կարելի է համարել առաջին աշխատանք, որովհետեւ հենց այդ փոխակերպումն էր, որ մարդկանց հիացրեց եւ ճանաչում գտավ։


Գաղափարից՝ իրականացում

Ամենահաջող գաղափարները ծնվում են աշխատանքի ընթացքում։ Դետալ առ դետալ հասնում եմ վերջնական արդյունքին, որը նախօրոք լիարժեք պլանավորած չեմ լինում։ Բոլոր աշխատանքներս հոգեհարազատ են ինձ, քանի որ ներդնում եմ շատ էներգիա, միտք, ժամանակ, որոնք ամենամեծ արժեքներից են այս կյանքում։

Տարածությունն ու ժամանակը

Ես մարդկանց եւ տարածքի աուրան սարսափելի զգում եմ։ Մեզ շրջապատող ամեն ինչ արվեստ է, եթե ունես այն տեսնելու եւ զգալու կարողությունը։ Հետեւաբար, ստեղծագործել ամեն տեղ, ամենուր։

Ժամանակ. յոթ տառ, յոթ վայրկյան, ինչքան գեղեցիկ բառ է, չէ՞, ժամանակ բառը կարդալուց էլ արդեն կորցնում ենք մեզ տրված այդ յոթ վայրկյանը։ Ժամանակն անգին է, պետք է գնահատենք եւ ճիշտ կառավարենք, ոչ թե ժամանակը մեզ կառավարի։ Փորձեք հետոյին եւ ժամանակին չվստահել ձեր գաղափարները. կամ հիմա, կամ՝ երբեք։


Պատրանքի գրավչությունը

Պատրանքը գրավիչ է դառնում այն ժամանակ, երբ տեսնում ես՝ պատկերներին ինչ ձեւով է արձագանքում մարդկանց տեսողական անալիզատորների ուղեղային կենտրոնը։ Շատ հետաքրքիր է տեսնել՝ մարդկանց ընկալման հոգեբանությունը ինչպիսին է։

Մարմինը՝ կտավ

Իմ ցանկությամբ լինում են համագործակցություններ, բայց ես անհատ եմ եւ սիրում եմ ինձ վրա ստեղծագործել։ Ստեղծագործում եմ Հայաստանում՝ իմ հայրենի հողում, որտեղ ծնվել եմ։ Արվեստը գնահատված չի եղել, արվեստն անտեսված է շատերի կողմից, բայց ես կոտրելու եմ մարդկանց ներսում այն, ինչն անտեսանելի է, ու չեմ պատրաստվում ստեղծագործել դրսում, թեեւ շատ արտիստներ հիասթափությունից դրդված արել են այդ քայլը։

Ընթացքը

Բնությունն ու նկարելը միակ երեւույթներից են, որ ուղեղիս աշխատանքը կարողանում են կանգնեցնել, հետեւաբար, մտքերս այդ ժամանակ հանգիստ են թողնում ինձ։ Ստեղծագործող մարդու համար ամեն ինչը կարող է նպաստել ստեղծագործելուն, միայն պետք է նկատել։ Արվեստի գաղափարները տիեզերքի նման անսահման են։


Անհրաժեշտ նյութեր

Քանի որ «բոդի արթը» դիմահարդարման մեկ այլ ճյուղ է, հետեւաբար, արտադրվում են հատուկ նյութեր մարմնի համար, որոնք վստահաբար կարող եմ ասել՝ անվնաս են, լեզվիս վրա արդեն փորձել եմ. ողջ եւ առողջ եմ(ժպտում է,-հեղ):

Տեքստը Նանե Պետրոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝  Ազա Փաշինյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին