Դեկտեմբերի 17-ին ողջ աշխարհը նշում էր աշխարհահռչակ գերմանացի կոմպոզիտոր, դաշնակահար եւ դիրիժոր Լյուդվիգ վան Բեթհովենի ծննդյան 250-ամյակը։Այս տարեթիվը չի շրջանցել նաեւհայերիս՝ շնորհիվ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի, որ հաջողել էր այս ծանր ժամանակներում կազմակերպել մեծ հումանիստին նվիրված համերգ։ Նշանավոր կոմպոզիտորի ծննդյան ստույգ օրն աշխարհին հայտնի չէ, իսկ դեկտեմբերի 17-ը նրա մկրտության օրն է, նույնն է թե ծնունդը։
Օպերային ստուդիայի տնօրեն Հայկ Վարդանյանի խոսքով՝ համերգը երաժշտության միջոցով կազդուրվելու եւ կյանք վերադառնալու փորձ է։
«Կարեւորելով երաժշտության բուժիչ ուժը՝ Օպերային ստուդիայի նորանշանակ գեղարվեստական ղեկավար, աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանն իր մեջ ուժ գտավ եւ թիմին էլ վարակեց՝ կոնսերվատորիայի լավ ձայների մասնակցությամբ այս գեղեցիկ ծրագիրը բեմ հանելու համար։ Նաեւ կորսված հնարավորություն կլիներ Բեթհովենի 250-ամյակին որեւէ կերպ չանդրադառնալը»,- ասել է նա՝ հավելելով, որ այս համերգով նշում են նաեւ Հասմիկ Պապյանի նորամուտն ու շատ կարեւոր առաքելությունը ստանձնելու սկիզբը։
Հասմիկ Պապյանը
Հասմիկ Պապյանի խոսքով՝ համերգը ոչ պատակահանորեն են գլխագրել Բեթհովենի նախընտրած ասացվածքով, այն է՝ «Աստղազարդ երկինքն իմ գլխավերեւում եւ բարոյական օրենքը իմ ներսում»։
«Չէինք կարող շրջանցել այս տարեթիվը եւ մեր ունեցած համեստ միջոցներով շատ կարճ ժամանակահատվածում համախմբելով մեր ողջ ուժերը՝փորձեցինք հարգանքի տուրք մատուցել մեծ երաժշտին եւ հումանիստին։ Հատկապես մեր ժողովրդի համար այս ծանր օրերին ավելի քանի արդիական է Բեթհովենի երաժշտությունը, նրա հոգու ուժը, չհանձնվելու կամքըեւ չնայած կյանքի ընթացքում իրեն ուղեկցած անթիվ-անհամար դժվարություններին ու փորձություններին՝ ճակատագրին հաղթելու մշտական, անսանձելի մոլուցքը»,- նշել է նա։
Համավարակային սահմանափակումներով պայմանավորված՝ համերգի վերաբերյալ հանրային լայն իրազեկում չի եղել։ Ներկաները հիմնականում կոնսերվատորիական համայքնի ներկայացուցիչներն էին։
Ծրագիրը բաղկացած էր Բեթհովենի վոկալ ստեղծագործություններից, որոնց թվում էին առանձին լիդեր, երգեր, ռոմանսներ, նաեւ հայտնի «Ֆիդելիո» օպերայից հատվածներ՝ ինչպես արիաներ, այնպես էլ դուետ եւ քառյակ։
Կատարողները թեեւ երիտասարդ են, բայց ոչ՝ սկսնակ. բոլորն էլ արդեն իսկ հասցրել են հաջողություններ ունենալ միջազգային տարբեր մրցույթներում։ Այնուամենայնիվ, Հայկ Վարդանյանը կարեւորում է Օպերային ստուդիայի դերը որպես հարթակի, որտեղ «լավ ձայները պետք է փորձառություն ստանան, վստահություն ձեռք բերեն եւ որակապես առաջ գնան»։
Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: