×


Ֆելինիի օր. «Լոֆթ»-ում բացահայտվում էր իտալացի ռեժիսորի գաղտնիքը

«Միակ վայրը, որտեղ դու կարող ես լինել բռնապետ, բայց միեւնույն ժամանակ սիրվել, ֆիլմերի նկարահանման հրապարակն է»․ Ֆեդերիկո Ֆելինի

Դեկտեմբերի 18-ին «Լոֆթ»-ի միջավայրն այցելուներին տեղափոխում էր 20-րդ դար՝ բացահայտելու իտալացի հայտնի ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի հանճարի գաղտնիքը։ Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանում Իտալիայի դեսպանատան, Ադամ Միցկիեւիչի ինստիտուտի, «Ոսկե ծիրանի» եւ «Լոֆթ»-ի համագործակցությամբ։

2020 թվականին աշխարհում նշվում է միջազգային մի քանի հոբելյան, որոնց թվում են իտալացի հայտնի ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի ու բանաստեղծ եւ սցենարիստ Տոնինո Գուերրայի 100-ամյակները։ Այս մասին BRAVO.am-ի հետ զրույցում ասել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ստեղծագործական տնօրեն Կարեն Ավետիսյանը։


«Փառատոնի շրջականում այս տարի ցուցադրել ենք նաեւ ֆիլմեր նվիրված այս երկու մեծանուն արվեստագետներին։ Քանի որ «Լոֆթ»-ն ունի միջոցառումների մի ձեւաչափ, որում մեկ երեկո նվիրում էորեւէ մեծանուն արվեստագետի, որոշեցինք՝ Ֆելինին եւս անմասն չմնա։ Դրա համար Ադամ Միցկիեւիչի ինստիտուտը Հայաստան էր ուղարկել լեհ արվեստագետների կողմից պատրաստված բացառիկ հավաքածու, որ ներկայացնում է այլընտրանքային պաստառներ Ֆելինիի ֆիլմերի հիման վրա»,- նշել է կինոգետը։

Նրա կարծիքով՝ նման մշակութային միջոցառումները հատկապես կարեւոր են ճգնաժամային իրավիճակներում, քանի որ հենց նման ժամանակներում «մարդիկ առավել շատ կարիք ունեն հաղորդակցվելու ինչպես միմյանց, այնպես էլ արվետսի հետ»։

Կարեն Ավետիսյանը


«Եթե լռությունը մի փոքր ավելի շատ լիներ, եթե մենք բոլորս լռեինք... գուցե կարողանայինք ինչ-որ բան հասկանալ»

«Լոֆթ» կենտրոնի արտ-տնօրեն Ալեքս Միրզոյանի խոսքով՝ միջոցառման կազմակերպումը նախատեսված էր դեռեւս ամիսներ առաջ, սակայն ճգնաժամային իրավիճակը թույլ չէր տալիս այն իրականացնել։ Այնուամենայնիվ, որոշել են տարեվերջին անցկացնել միջոցառումն ավելի զուսպ ձեւաչափով։

«Միջոցառման շրջականում նաեւ հնարավորություն ստացանք ցուցադրել իտալական կինոյի մեկ այլ վարպետ Էտտորե Սկոլայի՝ հոբելյարին նվիրված «Ֆեդերիկո արտասովոր անունը» ֆիլմը, ինչպես նաեւ ունկնդրել կինոգետ Կարեն Ավետիսյանի դասախոսությունը Ֆելինիի եւ ֆիլմի մասին»,- հավելել է նա։

«Չկա ավարտ եւ չկա սկիզբ․կա միայն կյանքի անհուն տարփանքը»

Այցելուների համար պատրաստվել էր նաեւ նկարահանման տաղավար, որտեղ կարելի էր լուսանկարվել Ֆելինիի «ռեժիսորական աթոռի» վրա՝ ավելի հիշարժան դարձնելով սիրելի ռեժիսորին նվիրված օրը։


Միջոցառումը «Լոֆթ» կենտրոնի հատուկ նախագծի շարունակությունն է, որի շրջանակում այցելուները պարբերաբար կարողանում են տեղափոխվել սիրելի արվեստագետների ստեղծագործական միջավայրեր։ Եղել են նույն ձեւաչափով միջոցառումներ նվիրված Փարաջանովին, Ֆրիդա Կալոյին, Բուլգակովին, Կաֆկային, Զեմֆիրային։ Նախագիծը կշարունակվի նաեւ գալիք տարում՝ արվեստասերներին հրավիրելով Անդրեյ Տարկովսկուն նվիրված շաբաթին։

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին