Արցախի անծայր դաշտերը, վեհ լեռներն ու անգամ ամեն մի ծառը յուրաքանչյուր հայի սրտում են։ Դեկտեմբերի 25-ին Ժամանակակից արվեստի թանգարանում ԱՐՏ PR ընկերության հետ համագործակցությամբ բացվել է Սուրեն Սարումյանի «Ֆոտո-Արցախ» լուսանկարների ցուցահանդեսը։ Այն արտացոլում է մեր խաղաղ ու ջերմ հայրենիքը։
Զինվորական արվեստագետը
Գնդապետ Սուրեն Սարումյանը հանրությանը հայտնի է որպես Արցախի ՊԲ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ։ Արվեստասեր հանրությունը նրան ճանաչում է որպես «Աբու Բաքր ալ Բաղդադին՝ Շամի խալիֆը» վեպի եւ «Ստվերներով լի քաղաքը» պատմվածքների ժողովածուի հեղինակի։
Սուրեն Սարումյանը ծնվել է Երեւանում։ 1988-ին ընտանիքը տեղափոխվել է Արցախ եւ բնակություն հաստատել Ստեփանակերտում։
«Ֆոտո-Արցախը» հեղինակի անդրանիկ նախագիծն է լուսանկարչության ոլորտում։ Արցախյան վերջին պատերազմի օրերին նրա այս աշխատանքներն արդեն իսկ լայն տարածում գտան սոցիալական հարթակներում՝ հայտնի դառնալով նույնիսկ Հայաստանի սահմաններից դուրս։
Այն, ինչ պետք է պաշտպանել
Ցուցադրված նկարները հեղինակի նախորդ 5 տարիների լուսանկարչական աշխատանքի ընտրանին են։ Դրանց բացարձակ մեծամասնությունն արված են Արցախում։ Ինչպես նշում է հեղինակը, նախագծի գաղափարը ծագել է պատերազմի հենց առաջին օրերին։
Ցուցահանդեսի բացման խոսքում Սուրեն Սարումյանը, դիմելով ներկաներին, պատասխանեց այն հարցին, թե ինչու ներկայացված չեն պատերազմն արտացոլող լուսանկարներ։
«Կարծում եմ, որ պակաս կարեւոր չէ ցույց տալ այն, ինչը պետք է պաշտպանել, այն, ինչի համար մեր ժողովուրդը՝ սկսած 1988 թվականից ստիպված է եղել մի քանի անգամ զենք վերցնել։ Պետք է ցույց տալ, որ այս երկիրն ունի այնքան արժեք, որի համար կարելի է կռվել, կանգնել, դիմանալ ու հաղթել։ Կան նաեւ այնպիսի նկարներ, որ արված են այսօր թշնամու վերահսկողության տակ գտնվող վայրերում։ Ինձ հաճախ հարցնում են ցավի մասին։ Իհարկե, ցավի բաղադրիչը կա յուրաքանչյուր հայ մարդու ապրումներում, սակայն մեր մեկնարկային կետն այսօր սա է։ Պետք է շարժվել առաջ՝ ունենալով վստահություն, որ այն ինչ մերն է, վաղ թե ուշ վերադառնալու է։ Անշուշտ, դրա համար ջանքեր են պահանջվում, բայց դրանք ներդրվելու են եւ Արցախը վերադարձվելու է։ Թեեւ վիրավոր, բայց Արցախը կա, Արցախը կլինի»,- նշել է գնդապետը։
Թեւան Պողոսյանը (ձախից)
Կարոտը պատմող նկարներ
Թեւան Պողոսյանը, որ հեղինակի մտերիմներից է, եւս ներկա էր ցուցահանդեսի բացմանը։ Նրա համար Սուրենն առաջնահերթ գրող է եւ նրա լուսանկարները հենց այդ տեսանկյունով էլ պետք է «կարդալ»։
«Սուրենի նկարներին ես նայում եմ ինչպես պատմվածքի։ Պատմվածք ինչ-որ ակնթարթի մասին։ Այդ թերթերը մեզ փոխանցում են, թե ինչքան խորքային է մեր հայրենիքը, եւ թե ինչքան սեր պետք է պարունակենք դեպի այն։ Յուրաքանչյուր լուսանկարն այդ խորհուրդն ունի՝ սկսած դաշտից, ծառից։ Կարելի է տեսնել, թե ձյունապատ դաշտում կանգնած մենավոր ծառն ինչ մեծ խորհուրդ ունի կարոտի։ Հուսով եմ, որ այդ կարոտը կսերմանվի մեր երեխաներին այն իմաստով, որ նրանք կգիտակցեն՝ Տողի եկեղեցին իրավունք չունի մնալու թշնամու ձեռքում եւ այն պետք է վերադառնա։ Դրա համար մենք պետք է մեր ջանքերը գործադրենք` մեր պապերի, հայրերի, եղբայրների, շատերի համար էլ իրենց երեխաների վրեժն առնելու համար։ Պետք է պատրաստվենք, ուժեղ լինենք, եւ այո՛, Տող գյուղից այնկողմ էլի մեր հայրենիքն է, էլի Արցախի Հանրապետությունն է, եւ կան բաներ, որ պետք է մեր կյանքում ուղղել»,- նշել է Թեւան Պողոսյանը։
Ցուցահանդեսը տեւելու է 4 օր։ Ներկայացված աշխատանքները կարելի է նաեւ գնել։
«Ֆոտո-Արցախ» նախագիծը ԱՐՏ PR ընկերության արցախյան թեմայով բազմաթիվ ծրագրերից մեկն է։ Դեռեւս 2017-ին ԱՐՏ PR-ը հրատարակել է բացառիկ պատկերագիրք՝ «Իմ Շուշի» խորագրով։ Հայաստանի տարբեր քաղաքներում եւ Արցախում ներկայացրել է «Շուշիից Շուշի» լուսանկարների ցուցահանդեսը։
Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: