×


Նոր տարին՝ հայկական արտադրանքի լայն սպառման պլաններով

Նախորդ տարի հոկտեմբերի 20-ին կառավարությունը որոշում ընդունեց 6 ամսով արգելել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման (պատրաստի) ապրանքների ներմուծումը։ Արգելքն ուժի մեջ մտավ դեկտեմբերի 31-ից: Էկոնոմիկայի նախարարության հրապարակած տվյալներով՝ միայն 2019-ին Թուրքիայից ՀՀ ներմուծվող հիմնական խոշոր ապրանքնախմբերի մեջ ամենամեծ տեսակարար կշիռն ունի hագուստը (69.4 մլն դոլար):

Հենց այս հանգամանքը հաշվի առնելով եւ հասկանալով, որ արգելքը նոր հնարավորություններ է ստեղծում հատկապես առօրյա հագուստի շուկայում, ծնվեց Made in Armenia համագործակցության հարթակին միտված մի նախագիծ, որի շրջանակներում Նորաձեւության եւ դիզայնի պալատը եւ Anna Salome Fashion Marketing Agency-ն աջակցում են հայ դիզայներներին եւ Երեւանում գործող հագուստի սրահներին համատեղ աշխատել:

Ինչ է ենթադրում նախագիծը

Նախաձեռնությունը նպատակ է հետապնդում ստեղծել համագործակցության տարբեր մեխանիզմներ/հարթակներ խանութ սրահների եւ դիզայներների/արտադրողների միջեւ:    

«Նախաձեռնության շրջանակներում Երեւանում գործող մի շարք խանութ-սրահներ, որոնք մինչ օրս սպառողին էին ներկայանում բացառապես ներմուծված ապրանքատեսականիով (թուրքական, չինական, եվրոպական), այսօր արդեն ներկայացնում են հայ դիզայներների հավաքածուներ. նախագծի շուրջ իրենց ուժերը միավորել են ավելի քան 10 հայ դիզայներ` Մերի Սուքիասյանը (Shabeeg), Անահիտ Բավեյանը (Baveyan Fashion), Հակոբ Շահինյանը (Hagob Shahinian), Արփինե Կոշտոյանը (Koshtoyan), Թերեզա Ղարաբաղցյանը (Teress), Վահան Խաչատրյանը, Էրիկա Չիլինգարյանը (Platon ff): Որոշ խանութ սրահների հետ էլ աշխատանքներ են տարվում` ստեղծելու խանութ-սրահի գարուն-ամառ հավաքածուն»,- մանրամասնեց նորաձեւության մարքեթինգի գործակալության հիմնադիր-տնօրեն Աննա Սալոմեն:

Աննա Սալոմեն


«Ակնհայտ է, որ վերջին տարիներին շուկայում առավել մեծ տեղ են տալիս հայկական արտադրանքին եւ որ նկարագրված խնդրի լուծման լավագույն տարբերակը ներկրվող ապրանքների փոխարինումն է տեղականով: Այդ դեպքում մենք կսեղծենք նաեւ հավելյալ արժեք, լրացուցիչ աշխատատեղեր եւ գործընթացը մուլտիպլիկատիվ ազդեցություն կունենա երկրի թե՛ տնտեսության, թե՛ սոցիալական վիճակի վրա, իհարկե, շատ դրական ազդեցություն», - անդրադառնալով թեմային` նշեց Նորաձեւության եւ դիզայնի պալատի համահիմնադիր, ծրագրերի ղեկավար Էլեն Մանուկյանը:

«Այս ամբողջ գործընթացում մենք պարտավոր ենք նաեւ մրցունակ ապրանք հանել շուկա, որպեսզի սպառողը ոչ թե պարտադրված գնի տեղականը, այլ հաճույքով` առանց նյութական, բարոյական վնասներ կրելու: Շուկան տեղական արտադրանքով ապահովելը չպետք է լինի ի հաշիվ հայ սպառողների, ուստի փորձելու ենք նաեւ վերահսկել եւ աշխատել այս ուղղությամբ եւս»,- հավելեց Էլենը:

Էլեն Մանուկյանը


Նախագծի մասնակիցներից դիզայներ Անահիտ Բավեյանը, ով քանի տարի է՝ հիմնադրել է հագուստի իր սեփական ապրանքանիշը, ընդգծեց, որ գոհ է հատկապես իր արտադրանքով սեփական խանութ-սրահից զատ այլ բուտիկներում եւս ներկայանալու հնարավորություն ստանալու համար.«Սա եզակի հնարավորություն է էլ ավելի մեծացնել արտադրական ծավալները, ստեղծել նոր աշխատատեղեր, բացի այդ, ձեռք բերել առավել մեծ ճանաչում` շնորհիվ մասշտաբայնացման, քանի որ համագործակցող խանութ-սրահներն ունեն իրենց հավատարիմ հաճախորդների բազան, որը մեզ համար ընդլայնվելու հնարավորություն է»:

«Սա հետաքրքիր փորձություն է մեզ համար: Հայ դիզայներներից շատերն առաջին անգամ են նմանօրինակ մեծաքանակ հավաքածուի ստեղծմանը մասնակից դառնալու` վաճառող ընկերությանը առաջարկելով խանութ-սրահի հիմնական ապրանքատեսականուն համապատասխան դիզայնով/որակով եւ համարժեք գնային առաջարկով հագուստ, որը որակապես չի զիջի մինչ օրս վաճառվածին»,- պատմեց դիզայներ Թերեզա Ղարաբաղցյանը:

Նախագծին միանալ կարող են այլ խանութ-սրահներ եւս, դրա համար հարկավոր է դիմել նախաձեռնող կողմերին եւ քննարկել փոխշահավետ համագործակցության պայմանները:

Ի դեպ, նախաձեռնությունը իրականացվում է Նորաձեւության եւ դիզայնի պալատի «ՓՄՁ-ներին աջակցություն եւ հայկական տեքստիլ արդյունաբերության համար կայուն էկո-համակարգի ստեղծում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ Կառավարման Հիմնադրամ»-ի կողմից՝ բրիտանացի ժողովրդի տրամադրած աջակցությամբ:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին