×


Լուսանկարը՝ Ելենա Շուվաեւա-Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

«Պարզ է՝ չեն գտնի, այնպես որ նորից կանեմ»․ քանդակագործը՝ Գեւորգ Էմինի արձանի գողացված կատվի մասին

Հունվարի 14-ի երեկոյան համացանցում տեղեկություն տարածվեց, որ Սիրահարների այգուց գողացել են հայ մեծանուն բանաստեղծ Գեւորգ Էմինի արձանի մաս կազմող կատվին։ Հայտնի չէր՝ դեպքը երբ եւ ինչպես է տեղի ունեցել. այգու ղեկավարությունը մանրամասներ չէր հաղորդում։ Հաջորդ օրը միայն այգու կառավարիչ Լեւոն Մայիլյանը տեղեկացրեց, որ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում դեպքի առնչությամբ։ Նա նաեւ ասել էր՝ կախված հետաքննության արդյունքներից՝ այգու ղեկավարությունը կորոշի արձանի վերականգնման հետ կապված հետագա քայլերը: Մինչ այդ մենք զրուցել էինք քանդակի հեղինակ Աշոտ Արամյանի հետ, որը պատրաստակամություն է հայտնել կատվին նորից քանդակել:

«Դեպքի մասին իմանալուն պես ընկերս՝ Վիգեն Ավետիսը, միանգամից գնացել էր այգի, հանդիպել էր այնտեղի այսպես կոչված պահակների հետ, որոնք երեւի միայն փող են ստանում, ոչ մի պահակություն էլ չեն անում։ Պարզվեց՝ առավոտյան ոստիկանությունն արդեն տեղեկացել է եւ զբաղվում է այդ հարցով։ Բայց դա արդեն նշանակություն չունի, պարզ է՝ մեկ է, չեն գտնի։ Սովորաբար կտրատում են, տանում հանձնում են գունավոր մետաղների ընդունման կետեր։ Այնպես որ, երեւի նորից անեմ այդ կատուն»,- BRAVO.am-ի հետ զրույցում նշեց քանդակագործը։

Լուսանկարը՝ Աշոտ Արամյանի ֆեյսբուքյան էջից


Նա նաեւ նկատեց, որ արձանը բավական սիրված գործ էր երեւանցիների համար, երեխաներն էլ հաճախ խաղում էին կատվի հետ։ Բացի այդ, քանդակի ամբողջությունն արդեն խախտվել է, անհասկանալի է՝ Գեւորգ Էմինը միայնակ կանգնած ուր է նայում, ինչու․«Իհարկե, պետք է վերականգնել կատվին։ Դժբախտաբար, կաղապարը չենք պահել, բայց լուսանկարներին նայելով՝ երեւի փորձեմ նույնն անել։ Դա իմ ու Արտաշես Էմինի ցանկությունն է, եւ ինձ թվում է՝ բոլորի, որովհետեւ կիսատ գործն ինչի՞ նման է։ Եթե այդպես է, ուրեմն Գեւորգին էլ է պետք հանել այնտեղից․ քանդակը կա՛մ պետք է լինի ամբողջական, կա՛մ կիսատ չպիտի լինի»։

Աշոտ Արամյանից հետաքրքրվեցինք՝ մարդիկ կամ պետական կառույցներ իրեն պիտի օգնե՞ն կատվին նորից քանդակելու գործում, նա ասաց՝ թող այգու տնօրինությունը եւ Արտաշեսը զբաղվեն նման հարցերով. իր գործը քանդակելն է, ինքը պատրաստ է անել։

Լուսանկարը՝ քանդակագործի արխիվից Աշոտ Արամյանը


Հիշեցնենք, որ Գեւորգ Էմինի արձանի բացումը Սիրահարների այգում տեղի է ունեցել 2010 թվականին։ Աշոտ Արամյանը պատմում է, որ բանաստեղծի կատուն իրական կերպար էր, անունն էլ՝ Մաշո․«Շատ լավ հիշում եմ այդ կատվին, աղջիկ էր։ Բոլորը գրում են «кот», բայց «кошка» էր (ժպտում է,- հեղ․)։ Ունիկալ սիամական կատու էր, որ արեւածաղկի սերմեր էր կեղեւազրկում ու սիրում էր Էմինի ուսին նստել»։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին