×


«Դստերս համար դժվար փորձություն էր». Լիլի Էլբակյան

Արդեն հինգ տարի է՝ Երեւանի խամաճիկների պետական թատրոնում Ամանորի տոներին ընդառաջ ցուցադրվում է դերասանուհի եւ ռեժիսոր Լիլի Էլբակյանի բեմադրած «Մարդուկ-ջարդուկը» ներկայացումը, որն այս տարի փոքրիկ հանդիսատեսին ներկայացավ նոր՝ մանկական կազմով։ Գլխավոր դերում էլ հանդես էր գալիս Լիլիի դուստրը՝ իննամյա Էլմիրան, որը, ինչպես պարզվում է, բեմադրության մյուս նոր անդամների հետ ներգրավվել է ընդամենը ութ օրվա աշխատանքների եւ փորձերի արդյունքում։ Հունվարի 17-ին ներկայացման վերջին ցուցադրություններն էին, որոնց ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, լուսանկարել է միջոցառման ընթացքը եւ ետնաբեմում զրուցել բեմադրության հեղինակի ու գլխավոր հերոսուհու հետ։

«Երաժշտական ներկայացում է՝ Հոֆմանի հայտնի հեքիաթի հիման վրա եւ Չայկովսկու երաժշտությամբ, պիեսի հեղինակը ես եմ։ Այս տարի որոշեցինք մանկական կազմով խաղալ, քանի որ մինչ այդ մեծերի կազմն է ներգրավված եղել։ Այդպես, որոշեցի ութ օրվա ընթացքում իմ աղջկան մասնակից դարձնել ներկայացմանը՝ Մերիի դերում։ Իրենց դասարանից էլ մի տղայի վերցրինք՝ Ռուբենին, որի հետ բալետի դպրոցի խորեոգրաֆիայի բաժնում են սովորում։Թատրոնում էլ մի տղա ունեինք, որը «Երեխաները երեխաների համար» նախագծում էր խաղում, նրան էլ ընդգրկեցինք, ու եղավ նոր փորձ։ Շատ արագ որոշեցինք, փորձեցինք ու ստացվեց»,- մեր զրույցում պատմեց Լիլի Էլբակյանը։

Լիլի Էլբակյանի եւ Համո Ադիյանի դուստրը՝ Էլմիրան


Նրա խոսքով՝ դստեր համար սա նոր փորձություն էր, քանի որ մեծ դեր էր, եւ ամբողջ ներկայացումը նրա կերպարի շուրջ էր կառուցված․«Այս առումով Էլմիի համար շատ դժվար էր։ Բայց քանի որ ներկայացումն արդեն բեմադրված էր, մնում էր միայն երեխաներին ներմուծել պատրաստի բեմադրության մեջ։ Սկզբում մտածում էինք՝ անել ներկայացումը, թե ոչ՝ պատերազմի հետ կապված, բայց որոշեցինք առաջինը հենց արցախցի երեխաների համար խաղալ։ Մտածեցինք՝ ամեն դեպքում երեխաների հեքիաթը չպիտի կորչի, եւ պիտի ունենանք ներկայացումներ ու պիտի ապրենք»։

Փոքրիկ Էլմին էլ խոստովանեց, որ երազում էր խաղալ թատրոնում, հատկապես որ փոքր դերերով նախկինում ներգրավված է եղել թատերական մի քանի նախագծում, այդ թվում՝ իր տատիկի՝ Աննա Էլբակյանի բեմադրած «Երեւանյան տրամվայ» ներկայացման մեջ․«Հուսով ենք՝ մի օր նա Մերի կպարի, այսինքն՝ հանդես կգա հենց բալետային ներկայացման մեջ»,- ասաց Լիլին։

«Մարդուկ-ջարդուկը» ներկայացումը՝ Խամաճիկների թատրոնում


Էլմիին հարցրինք՝ բա՞րդ է արդյոք եղել մայրիկի հետ աշխատելը, սակայն նա անկեղծացավ, որ իրենց դպրոցում շատ ավելի խիստ են․«Ե՛վ հեշտ էր, ե՛ւ դժվար, որովհետեւ մեկ է՝ պետք էր ջղայնանալ։ Երբ ջղայնանում է, արդեն սկսում ենք ավելի լավ աշխատել, երբ չի ջղայնանում, ավելի վատ ենք խաղում»։ Լիլին էլ ասաց, որ այդ հարցում նախապես պայմանավորվել են դստեր հետ․«Ես ասել եմ՝ պատկերացրու ինչպես բալետում, ես էլ այդպես քեզ վրա բարկանալու եմ երբեմն։ Ու որոշել ենք, որ չենք նեղանալու իրարից (ժպտում է,- հեղ․)։ Ինքը միշտ սպասում է կուլիսներում, որ իմանա՝ լավ էր այսօր խաղում, թե վատ։ Քանի որ պարային շատ խիստ դպրոցում է սովորում, խստությունից ու դժվարությունից չի վախենում»։

Էլմին նաեւ խոստովանեց, որ շատ է սիրում թատրոնը եւ հետագայում կցանկանար այլ ներկայացումներում էլ խաղալ.«Պիտի ինձ հետ լավ լինես»,- դստերը դիմելով՝ կատակեց Լիլին։


Նա նշեց, որ ծրագրում են Խամաճիկների թատրոնին կից մանկական ստուդիա հիմնել․ դեռ տարիներ առաջ նման երազանք ունեին․«Հիմա տեղ ենք փնտրում, եւ այնքան շատ մարդիկ են մեզ գրում, որ ուզում են իրենց երեխաներին բերել եւ այլն։  Մենք արդեն մտածում ենք այդ ուղղությամբ, որ Խամաճիկների թատրոնն ունենա իրեն կից մանկական ստուդիան»,- եզրափակեց դերասանուհին։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին