×


«Իմ ցավը եւ ուրախությունն այսպես եմ արտահայտում». Մարիամ Ղազանչյանը նոր երգ է ներկայացրել

Դերասանուհի Մարիամ Ղազանչյանը երգ է ներկայացրել, որի հեղինակն իր լուսահոգի հորեղբայրն է՝ դերասան Ստեփան Ղազանչյանը: Նա պատմել է, որ «Եթե խոսքերով» ստեղծագործությունը հորեղբայրը գրել է շատ երիտասարդ տարիքում.

«Ստեփան Ղազանչյանին շատերն են ճանաչել. բավական մեծ շրջապատ ուներ եւ անբացատրելի հետաքրքիր եւ տաղանդավոր մարդ էր... Նրա մահից հետո մեզ մնացին իր հետ կապված ունիկալ պատմություններն ու երգերը, որոնցից մեկը «Եթե խոսքերով» երգն է: Էլի երգեր կան, որոնք կձայնագրեմ ավելի ուշ: Հորեղբայրս մեծ արխիվ է թողել, եւ ես այն հերթով ներկայացնելու եմ»:



Դերասանուհին նկատել է, որ երգարվեստում երբեւէ չի եղել, բայց թատրոնի բեմից բազմիցս է երգել: Երգող հերոսուհիներից առանձնացնում է Էդիթ Պիաֆին` «Մարսել» մոնոներկայացումից (բեմադրությունը` Հակոբ Ղազանչյանի):

«Պիաֆն առանձին պատմություն է... Շատ լավ ու շատ բարդ պատմություն է, քանի որ այդ ներկայացման մեջ կատարում էի ֆրանսիացի լեգենդար երգչուհի էդիթ Պիաֆի երգացանկից 12 երգ` կենդանի հնչողությամբ: Պիաֆից բացի էլի ունեմ հերոսուհիներ, որոնք երգում են... Տարիներ շարունակ վոկալ եմ պարապել, ձայնս մշակված է»,- ընդգծել է նա:

Անդրադառնալով «Եթե խոսքերով» երգին` Մարիամ Ղազանչյանը նշել է.«Այն սիրո մասին է, եւ ոչ միայն… Նայած, թե ում ինչ է պակասում այդ պահին: Յուրաքանչյուրը յուրովի է ընկալելու, եւ ես հուսով եմ, որ այն անտարբեր չի թողնի մարդկանց: Շնորհակալություն պրոֆեսիոնալ եւ տաղանդավոր մի մարդու, որը կատարել է այս երգի գործիքավորումը` Վահե Գրիգորյանին: Առաջին վայրկյանից հասկացավ, թե ինչ եմ ուզում, միանգամից իրենով արեց երգը (լավ առումով), եւ արդյունքում երգը նոր եւ հետաքրքիր շունչ ստացավ: Վահեն, կոմպոզիտոր է, եւ նրա երաժշտությունը բավական լուրջ տարածում ունի հայ կինոյում, հեռուստասերիալներում եւ թատերական ներկայացումներում: Նա նաեւ համագործակցում է  ռուս երաժշտաարվեստի ու կինոարտադրող ընկերությունների հայտնի ներկայացուցիչների հետ»:

Տեսահոլովակ նկարահանելու մասին Մարիամ Ղազանչյանն ավելի ուշ կպատմի. սցենարային պլանը մշակման փուլում է:

Դերասանուհին խոսել է նաեւ թատրոնում իր զբաղվածության մասին.«Առջեւում ունեմ երեք նոր պրեմիերա, երեք նոր հետաքրքիր եւ արդեն սիրելի կերպարներ` երեք տարբեր եւ սիրելի թատրոններում: Խոսքն այս ներկայացումների մասին է՝ Ռ. Սանտանայի «Հարդասենյակ կանանց համար» (Մարինես)` Հ. Պարոնյանի անվան թատրոնում, (բեմադրիչ՝ Հակոբ Ղազանչյան), Ա. Վոլոդինի «Կաստրուչա» (Մարթա)` Պատանի հանդիսատեսի թատրոնում, (բեմադրիչ՝ Սոնա Քանքանյան) եւ Ա. Պ. Չեխովի «Երեք քույր» (Մաշա), Տիկնիկային թատրոնում` (բեմադրիչ Սամսոն Մովսեսյան)»:

Զրույցի վերջում դերասանուհին ասել է.«Անբացատրելի ցավոտ տարի էր 2020 թվականը, իսկ երբ ինչ-որ բան ցավոտ է լինում, միշտ չէ, որ ինձ հաջողվում է ճիշտ դասավորել մտքերս... Մեզնից հեռացան մեր մեծերը, մեր սիրելի արտիստները` Վանիկ Մկրտչյանը, Զավեն Աբրահամյանը եւ երկու օր առաջ էլ` Վիգեն Ստեփանյանը... Մեծ ցավ եմ ապրում, բայց լինելով ստեղծագործող մարդ՝ թե՛ իմ ցավը, թե՛ ուրախությունն արտահայտում եմ բեմական կերպարների, երգերի միջոցով...»:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին