×


Հարսանիք, սնկեր, անսովոր փայլեր, կամ ամենահետաքրքիրը Փարիզի նորաձեւության շաբաթից

2020 թվականին նորաձեւության շաբաթվա ընթացքում ողջ Փարիզն ապրում էր գեղեցկության շնչով: Ցուցադրությունները քաղաքի մշակութային ամենատարբեր վայրերում էին ու բազմամարդ: Այս անգամ կորոնավիրուսի պատճառով գործող  սահմանափակումներն իրենց ազդեցությունը թողեցին նաեւ տարվա առաջին շոուի վրա:

Անգամ նման պայմաններում վերջապես զգացվեց բարձր նորաձեւության շունչը: Աշխարհն անհամբերությամբ էր սպասում, թե տանը մնալու ընթացքում հետաքրքրիր ինչ մտքեր են ծնվել դիզայներների գլխում: Շատերն իրենց ցուցադրություններն առցանց արեցին, առանց ներկաների կամ էլ սահմանափակ հյուրերով:
 
Բյուրեղապակյա զգեստները

Փարիզում նորաձեւության շաբաթվա բացումն ազդարարեց ռուս դիզայներ Ուլյանա Սերգեենկոն: Հավաքածուն ստեղծվել է ժողովրդական արվեստի տարրերով ու ներկայացվել ֆիլմի տեսքով:



Հագուստները ստեղծելիս Սերգեենկոն օգտագործել է բյուրեղապակու կտորներ, որոնք արտադրվում են Ռուսաստանում հայտնի Գուսեւի գործարանում:

Հագուստի որոշ դետալներ ստանալու համար նա դիմել է ժողովրդական արվեստների վարպետների օգնությանը:

Chanel-ի կազմակերպած հարսանիքը

Chanel-ի նոր ցուցադրությունն ամենայուրահատուկներից մեկն էր: Grand Palais-ի գեղեցիկ գմբեթի տակ կազմակերպված շոուն դեռ երկար է քննարկվելու: Դիզայներ Վիրջինիա Վիարին հաջողվել է կրկին զարմացնել բոլորին:

Ցուցադրությունը սկսվել է մոդելների ընդհանուր շքերթով, ինչը սովորաբար ամենավերջում է լինում: Աստիճանաբար պարզ է դարձել, որ հյուրերն ու մոդելները մեծ միջոցառման մի մասն են լինելու: Բրենդի աստղային դեսպաններ Պենելոպե Քրուզի, Մարիոն Կոտիյարի, Լիլի-Ռոուզ Դեփի, Վանեսա Պարադիի կողքին տեղադրված դատարկ աթոռները հենց մոդելներն են զբաղեցրել: Ողջ սենյակը ծածկված էր վարդի թերթիկներով, իսկ աթոռներին հյուրերի համար կամելիաներ էին տեղադրված:

Երբ բոլորը հարմար տեղավորվեցին իրենց նորաձեւ հագուստներով, սպիտակ ձիու վրա հայտնվեցին հարսն ու փեսան:



«Հասկանում էի, որ մեծ շոու կազմակերպել չի հաջողվի, ու որոշեցի որոշակի տոնի, ընտանեկան հավաքույթի վերածել ցուցադրությունը»,- պատմել է Վիարը:

Պենելոպե Քրուսին երեկոն դուր է եկել ու հիշեցրել Ֆրանսիայում, Իտալիայում եւ Իսպանիայում յուրահատուկ կերպով անցկացվող հարսանիքները, որոնց 2020-ի սահմանափակումների պատճառով քչերին է հաջողվել ներկա լինել:


«Ամեն ինչի հիմքում ընտանիքն է, այն ինձ համար ամենակարեւորն է: Վիրջինիան էլ Կարլ Լագերֆելդի պես է մտածում»,- ասել է դերասանուհին:

Valentino-ի անսովոր փայլերը

Պիերպաոլո Պիչչոլին շարունակում է ապացուցել, որ տպավորիչ շոուներ կազմակերպելու վարպետ է: Ամեն անգամ նա գերազանցում է ներկաների սպասելիքներն ու բոլորովին նոր կողմից բացահայտվում: Պիչչոլիի վառ գույներով հավաքածուից հետո եղավ ամբողջովին սպիտակը, ու 2021-ին նորից նա կիրառեց անսպասելիության գործոնը:



Այս անգամ գերակշռում էին փայլերը մոդելների դեմքերին ու հագուստի վրա, իսկ անսովոր բարձրակրունկները ոչ սովորական ռիթմ հաղորդեցին ցուցադրությանը: Մոդելներն ասես անշտապ լողում էին: Յուրահատուկ ու տարբերվող էին նաեւ գույները: Պիչչոլին կարողանում է իրար հետ համադրել առաջին հայացքից այդքան տարբեր թվացող երանգները:


Valentino-ի նորություններից մեկն այն էր, որ առաջին անգամ ներկայացվեցին նաեւ տղամարդկանց հագուստներ, թեեւ դրանք այնպես են ստեղծված, որ գենդերային առանձնահատկություն չունենան ու կանայք էլ կարողանան կրել:

Գրականությունից ոգեշնչված Fendi-ն

Փարիզում Fendi նորաձեւության տան նոր պատմության սկիզբը դրվեց: Բրիտանացի դիզայներ Քիմ Ջոնսը կարողացավ արդարացնել սպասելիքները, թեեւ առաջին անգամ էր կանանց համար հագուստներ ստեղծել: Մինչ այդ նա 7 տարի աշխատել էր Louis Vuitton-ում ու մասնագիտացել տղամարդկանց զգեստների հարցում:


Դիզայների ոգեշնչման աղբյուրը նոր հավաքածուն ստեղծելիս եղել է Վիրջինիա Վուլֆի «Օռլանդո» վեպը: Ջոնսի մտահղացումները կյանքի կոչել օգնել են նրա ընկերներն ու մուսաները`Դեմի Մուրը, Նաոմի Քեմփբելը, Քրիստի Տարլինգտոնը, Քեյթ Մոսը՝ դստեր՝ Լիլի Գրեյսի հետ: Նրանց են միացել նաեւ Բելլա Հադիդը, Կարա Դելեւինը եւ Ադվոա Աբոան:

Ցուցադրության բացումն արել է Մուրը, որին դժվարությամբ են ճանաչել փոխված արտաքինի պատճառով:



Խորհրդավոր Dior-ը

Մարիա Գրացիա Կյուրին նոր հավաքածուն ստեղծելիս ցանկացել է այն խորհրդավոր դարձնել, ինչը հատուկ է ծանր ժամանակներին ու աղետներին: Նա ոգեշնչվել է Տարոյի խաղաթղթերից:

«Տարոյում ինձ դուր է գալիս այն, որ երբ դժվար կացության մեջ ես հայտնվում, որեւէ մոգական բան կարող է պատահել: Մենք վաղուց միայնակ ենք մնացել: Սկսել ենք կյանքի ու նրա շուրջը տեղի ունեցող դեպքերի մասին ավելի շատ մտածել: Կարծում եմ, որ նախորդ տարին մեզ շատ է փոխել»,- պատմել է Կյուրին, որի վրա կորոնավիրուսը  հոգեբանորեն մեծ ներգործություն է ունեցել:

Հավաքածուի տեսաֆիլմը նկարահանել է ռեժիսոր Մատեո Գարոնեն:



«Որոշեցինք նկարել մի աղջկա մասին, որը դղյակ է մտնում: Պատկերված լաբիրինթոսը նրա ներքին ճանապարհորդությունն է: Երբ նա հանդիպում է Տարոյի ամեն կերպարին, պետք է իր կյանքի հետ կապված որոշում կայացնի: Բացի այդ էլ, տեսնում է իր անհատականությունն ու սովորում չվախենալ ապագայից»,- նշել է դիզայները:


Հավաքածուի գլխավոր կերպարներն են Քրմուհին, Չափավորությունը, Արդարությունը եւ Մահը, որոնք կրում են Վերածննդի ժամանակների կորսետներ, ազդեցիկ թիկնոցներ ու նուրբ կտորներից զգեստներ:

Giambattista Valli-ի Կարմենը

Առաջին միտքը, որ առաջանում է Giambattista Valli անունը տալիս, բազմաշերտ զգեստներն են: Դրանք բրենդի այցեքարտն են դարձել ու կարմիր գորգերի անբաժանելի մասը:

Նոր զգեստների ստեղծման հիմքում Իսպանիան ու բալետն են: Ավանդական ցուցադրության փոխարեն մինի-ֆիլմ է ներկայացվել, որում մեծ տեղ է հատկացվել Սեւիլիայի ճարտարապետությանը:


Հավաքածուն հարուստ է ծավալուն կիսաշրջազգեստներով, ինչպիսիք կրում են ֆլամենկոյի պարուհիները, ընդգրկուն թեւերով բլուզներով ու պտավոր զգեստներով: Գերակշում է կարմիր գույնը, իսկ մոդելների մազերի մեջ պարտադիր վարդ կա: Այն ասես Կարմենի զգեստապահարանը ներկայացնի՝ վառ, դրամատիկ ու զգացմունքային:


Iris van Herpen-ին սնկային աշխարհը

Iris van Herpen-ը ներկայացնում է այլմոլորակային զգեստներ, որոնք ստեղծվում են 3D տպագրության միջոցով: Դիզայներին ոգեշնչել է Մերլին Շելդրեյքի «Խճճված կյանք» գիրքը, որում հեղինակը պատմում է ներկայի ու ապագայի վրա սնկերի ազդեցության մասին: Այդ օրգանիզմներին էլ նա պատկերել է իր հագուստների միջոցով: Ցուցադրությունը ստացել է «Վերածննդի արմատներ» անվանումը:



Շոուի ժամանակ փայլել է հոլանդացի երգչուհի Sevdaliza-ն, որը նռնագույն զգեստով է դուրս եկել պոդիում: Իսկ ցուցադրության բացումն արել է Նատալյա Վոդյանովան:

Սյուրռեալիստական Schiaparelli-ն

Schiaparelli-ի դիզայներ Դանիել Ռոզբերին որոշել էր մեր ուշադրությունը սեւեռել այն բանի վրա, որ հիմա արքայադուստրերի զգեստների ժամանակը չէ, այլ պաշտպանիչ հագուկապի՝ ամուր կորսետներով ու զենքուզրահի տարրերով:

Նոր հավաքածուն սյուրռեալիստական կերպարներով էր հարուստ, ականջօղերով, որոնք տարրալուծվում են զգեստների, շրթունքների տեսքով զարդերով, աչքերով ու քթով, փարավոնների դիմակներով:


Սակայն իսկական հիթ են դարձել Հալքի մարմինը հիշեցնող կորսետները. նմանատիպ մեկը Ամանորի միջոցառման ժամանակ կրել է Քիմ Քարդաշյանը:

Նորաձեւության տունը նաեւ «231 վայրկյան» անունը կրող ֆիլմի տեսքով է ներկայացրել հավաքածուն:



Հասմիկ Բաբայան
Աղբյուրը՝ Paris Fashion Week, Vogue, Bazaar, Instyle, MarieClaire, Fashionnetwork

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին