×


Ինչ հագնել Վալենտինի տոնին

Մոտենում է Սիրահարների օրը, եւ, իհարկե, բոլորին հետաքրքրում է՝ ինչ հագնել այդ ռոմանտիկ տոնին՝ համապատասխան մթնոլորտ ապահովելու, շլացուցիչ տեսք ունենալու, անմոռանալի կերպար ստանալու եւ ազդեցիկ տպավորություն ստեղծելու համար: Եվ մինչ «լուք» ընտրելը պետք է հիշել կարեւոր մի քանի կետի մասին, որոնք առաջնային են համարվում ցանկացած կերպար ստեղծելիս: Եվ այսպես՝

• հագուստը պետք է լինի հարմարավետ, որպեսզի անկաշկանդ եւ հանգիստ զգաք ձեզ,
• այն պետք է արտահայտի ձեր անհատականությունը,
• պետք է ընդգծի ձեր առավելությունները։

Ահա մի քանի հուշում՝ ինչպես ստանալ հետաքրքիր ու յուրահատուկ կերպար:

Կարմիր ակցենտներ

Վերցրեք օրվա դասական գույնը՝ կարմիրը. այն կարող է լինել ոչ միայն զգեստի, շրջազգեստի կամ բլուզի տեսքով, այլեւ՝ աքսեսուարների: Որպես օրինակ կարող եք վերցնել մոնոխրոմ «լուք» եւ համալրել այն հետաքրքիր կարմիր դետալներով՝ կոշիկ, պայուսակ, մեծ ականջօղեր կամ ուլունքներ:


Ռոմանտիզմ + դրամա

Հատկապես այս օրը չենք կարող անտարբեր լինել այս ոճի նկատմամբ: Ավելի հետաքրքիր ու ավարտուն կերպար ստանալու համար կարող եք այս ոճը համադրել այլ ոճերի հետ: Օրինակ՝ վերցնել թեթեւ զգեստ ու համադրել այն կոպիտ կոշիկների հետ, կամ կերպարին ավելացնել դրամատիկ այլ ակցենտներ՝ ժանյակներ, կաշվե իրեր, շղթաներ, ու համադրել այդ ամենն, օրինակ, սովորական ջինսե տաբատի կամ գործած հարմարավետ կարդիգանի հետ:


Ընդգծում ենք կանացիությունը

Սեքսուալությունն ու նրբությունն էսթետիկորեն ընդգծելու համար, դեկոլտեից բացի, կարելի է հագնել նաեւ բաց ուսերով բլուզ, որը կշեշտադրի ձեր անրակոսկրը, կամ՝ 3/4 բլուզի շնորհիվ բացել դաստակներն ու ավելացնել նուրբ, յուրահատուկ ապարանջան: Իսկ V-աձեւ բացվածքին կարելի է ավելացնել նրբագեղ վզնոց կամ ավելի ինտրիգային՝ մի փոքր երեւացող ժանյակավոր ներքնազգեստ: Նաեւ հիանալի տարբերակ կարող է լինել կոստյումը: Այն շատ էլեգանտ է ու ավելի է ընդգծում կերպարի փխրունությունն ու կանացիությունը:


Ներքնազգեստ

Գեղեցիկ, սեքսուալ ներքնազգեստի ընտրությունը կարեւոր է ոչ միայն արտաքին տեսքի համար, այլեւ այն հիանալի միջոց է ավելի ինքնավստահ ու կանացի զգալու համար:


Տրամադրվածություն

Հագուստն անշուշտ կարեւոր է շքեղ տեսք ունենալու եւ համապատասխան տպավորություն ստեղծելու համար: Սակայն առավել կարեւոր է մեր ներքին ներդաշնակությունը: Այդ պատճառով պետք է նախապես ժամանակ տրամադրել մեզ ամենահարազատ ու սիրելի էակին՝ ինքներս մեզ: Հանդիպումից առաջ հիանալի ժամանց կազմակերպեք ձեզ համար՝ սպա-պրոցեդուրաներ, կոնտրաստային լոգանք, մեկ գավաթ շամպայն՝ սիրելի գրքով՝ տաք փրփուրի մեջ, կամ սիրելի երաժշտության ներքո միաժամանակ շպարվեք ու պարեք: Այս ամենը կբարձրացնի ձեր տրամադրությունը, կանցկացնի լարվածությունը եւ դուք լիովին պատրաստ կլինեք ձեր երեկոյին:


Եվ հիշեք՝ դուք գեղեցիկ եք ու յուրահատուկ. ժպտացեք ավելի հաճախ:

Նյութը պատրաստել է ոճաբան Մերի Արսենյանցը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին