×


Թատրոնը ետնաբեմից․ ինչ գաղտնիքներ են թաքցնում թատերական դերձակները

Երկար ամիսների դադարից հետո թատրոնները թեեւ դեռ դիմակներով, սակայն աստիճանաբար սկսում են շնչել: 2021-ը խոստանում է հին ու նոր ներկայացումներով առատ լինել: BRAVO.am-ի նոր շարքը, սակայն, ոչ թե բեմականացումների, այլ թատերական հագուստների ու դրանց ստեղծման մասին է:

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հանդերձարանում ու կարի արտադրամասում մեզ ջերմ են ընդունում, ցույց տալիս բազմաթիվ հագուստներն ու թույլ տալիս փորձել: Ոչ մեկը հստակ չգիտի, թե որքան հագուստներ ունեն, հազարներ են նշում. տարիների ընթացքում այնքան են կուտակվել, որ հաշիվն էլ արդեն կորցրել են:


Հանդերձարանի վարիչ Հայկուշ Բաբլոյան

Երկու հանդերձարան ունենք. մեկում պահվում են բոլոր այն հագուստները, որոնց բեմադրություններն արվել են 2001 թվականից հետո: Ավելի վաղ շրջանի հագուստները 6-րդ հարկի առանձին հանդերձարանում են:

Այնտեղ են տեղափոխել հին ներկայացումների զգեստները, իսկ 5-րդ հարկում 1000-ից ավելի բեմական կոստյումները կախված են՝ ըստ ներկայացումների:

Բոլորն էլ հիշում եմ, թե որ ներկայացումներից են ու որ դերասաններն են հագնում. երբեւէ չեմ շփոթել: Ներկայացումների ժամանակ բոլորս էլ լարված ենք լինում, քանի որ ամեն ինչ էլ կարող է տեղի ունենալ: Ես հիմնականում կուլիսներում եմ լինում, եւ երբ որեւէ բան է պատռվում, դերասաններն ազատ պահն օգտագործում են, որ արագ կարեմ:

Կերպարի հագուստն ընտրվում է դերասանի ու ռեժիսորի համաձայնությամբ: Բաբլոյանը դեպքեր է հիշում, երբ երկար վիճաբանությունների արդյունքում է հաջողվել որոշում կայացնել: Միշտ հաշվի են առնվում դերասանների պահանջներն ու նաեւ բարդույթները:


Նրանք շատ էմոցիոնալ են ու հաճախ են արտահայտում իրենց զգացմունքները, արդյունքում ամենաչնչին մանրուքներից էլ կարող են նեղվել: Երբ դերասաններին հասկանում ես, սկսում ես նաեւ սիրել: Նրանց աշխատանքը չափազանց պատասխանատու է, ներկայացումները բազմաթիվ մարդիկ են դիտում ու հետո քննարկում դրանք: Դերասաններն ամեն ինչով են հիշվում՝ խաղով, շարժումներով, հագուստով, դրա համար պետք է հարմարավետ ու ազատ զգան իրենց:

Ինչքան էլ հագուստների վրա մանրակրկիտ են աշխատում, ու թվում է՝ ամեն ինչ անթերի է, միեւնույն է՝ բեմում անցանկալի միջադեպերից խուսափել չի ստացվում: «Միայն քեզ եմ սիրում» ներկայացման ժամանակ կնոջ հագուստով բեմ բարձրացած Վարդան Կուղյանոսյանի կոշիկի կրունկը կոտրվել է, դերասանն, իհարկե, չի շփոթվել ու այդ դրվագն իր խաղի մի մասն է դարձրել, հանդիսատեսն էլ հավանել ու հումորով է արձագանքել:

Երբեք պրեմիերայից հետո հագուստը չի փոփոխվում, հաստատվելուց հետո այդպիսին էլ մնում է: Հնարավոր է՝ տարիների ընթացքում մաշվի, բայց էլի նմանությամբ է կարվում: Երվանդ Խաչատուրիչն (Ղազանչյան) ասում էր, որ թատրոնում հին ապրանք գոյություն չունի. հինը նորացնում ենք, մաշված հագուստներից նորը կարում, այդ զգեստները շարունակում են ապրել ուրիշ ներկայացումներում:

Զգեստներին նոր կյանք, գույներ ու ձեւեր են հաղորդում կարի արտադրամասում: Պարոնյանի թատրոնում դերձակները երկուսն են, միասին թատրոնում նրանց անցկացրած տարիները 50 են կազմում: Ասում են՝ երբեք աշխատանքի բաժանում չեն անում ու միշտ օգնում են իրար:


Տղամարդկանց հագուստի դերձակ, կարի արտադրամասի վարպետ Ռուբիկ Ադամյան

1970 թվականից եմ հագուստներ կարում: ԽՍՀՄ փլուզումից հետո բոլոր արտելները փակվեցին, ու թատրոնում դերձակի թափուր տեղ կար, այդպես եկա ու մնացի այստեղ: Սկզբում շատ էի դժվարանում, աշխատանքը բավական բարդ էր, քանի որ թատրոնում ամեն տեսակի հագուստներ էլ պետք է կարել: Բայց սովորեցի նկարիչների մտահղացումը նույնությամբ կյանքի կոչել ու հանձնել դերասաններին: Եթե որեւէ բան չստացվի, դերասանը բեմի վրա իրեն լավ չի զգա. ամեն ինչ նրանց սրտով ենք անում:

Ասում է, որ թատրոնում աշխատելու տարիներից ի վեր ոչինչ չի փոխվել, գույքը չի թարմացվել՝ կարի մեքենաներն ու մնացած բոլոր սարքերը նույնն են մնացել: Հիմա էլ շարունակում են օգտագործել թատրոնի հին ու արդեն 53-ամյա արդուկը: Ադամյանի մտքով էլ չի անցնում բողոքել, համոզված է, որ նոր արդուկները մանավանդ տղամարդկանց հագուստների ու վերարկուների դեպքում կտորներն այդքան էլ լավ չեն հարթեցնի:


Մի քանի թատրոնների՝ Սունդուկյանի, Մալյանի ու Վանաձորի, համար էլ եմ կոստյումներ կարում: Պարզապես իրենք տղամարդկանց հագուստի դերձակ չունեն: Օգնում ենք իրենց, որ հագուստների առումով դժվարություն չունենան: Այս աշխատանքը շատ եմ սիրում. երեւակայությունն ու ոգեշնչումը միշտ ուղեկցում են ինձ:

Եղել է, որ դերձակներն օրերով թատրոնում են գիշերել, որ հասցնեն մինչեւ պրեմիերան բոլոր հագուստները ժամանակին ներկայացնել: Առանձնացնում են «Կարինեն», «Լիսիստրատան» ու «Շունը դեզի վրա» ներկայացումները, երբ հագուստները շատ-շատ էին ու բավական բարդ:


Կանանց հագուստի դերձակ Նունե Հովհաննիսյան

Այդ ներկայացումների համար մեկուկես ամսում մոտ 100 հոգու համար զգեստներ ենք կարել: Ինձ համար իրենց գեղեցկությամբ հատկապես «Կարինեի» կոստյումներն են առանձնանում. հիմնականում տարազներ են, մեծ հաճույքով ենք ստեղծել դրանք: Մենք նաեւ երգչախումբ ու բալետ ունենք, եւ մյուս թատրոններից ներկայացումներում մասնակիցների քանակով ենք տարբերվում:

Թատրոնը շատ վարակիչ է. երկուսս էլ սիրում ենք մեր աշխատանքն ու պատասխանատու ենք: Սովորաբար մեկ շաբաթ էլ շուտ ենք հանձնում բեմական հագուստները: Պարոնյանում միշտ նոր ներկայացումներ են լինում, մենք էլ՝ միշտ զբաղված:  


Ասում են՝ իրենց աշխատանքի արդյունքը պրեմիերայի առաջին 5 րոպեների ընթացքում է երեւում, երբ պատշգամբում կանգնած հետեւում են դերասաններին, այդ ժամանակ էլ ամենամեծ ոգեւորությունն են ապրում:

Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին