×


«Չպիտի մեր միջի վատը դրոշակ դարձնենք». Ալլա Սահակյանի նոր ֆոտոշարքն ու նախագծերը

Հեղինակային զգեստով, ֆրանսիական ոճով ու սիրային տրամադրությամբ դերասանուհի, երգչուհի Ալլա Սահակյանը նոր ֆոտոշարք է իրականացրել, որը տրամադրել է BRAVO.am-ին։ Մեր զրույցում նա պատմել է՝ ինչ առիթով են արվել լուսանկարները, եւ թե թատերական ու երաժշտական ինչ նախագծեր են սպասվում առաջիկայում։

Դերասանուհու խոսքով՝ երկար դադարից հետո որոշել է իր մոդելավորած զգեստով նոր ֆոտոշարք իրականացնել Սիրո տոնի՝ փետրվարի 14-ի առիթով, հատկապես որ լուսանկարների հեղինակի՝ Խանդութ Պարույրյանի հետ վաղուց էին դա ծրագրել։ Սակայն կորոնավիրուսային դադարը բոլոր նախագծերը հետաձգել էր մոտ մեկ տարով՝ ստիպելով չեղարկել գործնական ու ընկերական մի շարք հանդիպումներ։ Ալլա Սահակյանն ասում է՝ առաջիկայում էլ պատրաստվում են թեմատիկ նոր ֆոտոշարքեր իրականացնել՝ ներկայացնելով իր հեղինակած զգեստները։

Ալլա Սահակյանը


Ֆրանսիական ոճն ու տրամադրությունն էլ կարծես պատահական չեն։ Առջեւում Ալլա Սահակյանի բեմականացրած «Ազնավուր» համերգ-ներկայացումներն են, որոնք նախ տեղի կունենան Էջմիածնի մշակույթի պալատում (մարտի 9-ին), ապա՝ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի բեմում (մարտի 11-ին)։ Դերասանուհին, սակայն, հուսով է, որ հնարավորություն կունենան ներկայացումը խաղալու նաեւ Հայաստանի այլ քաղաքներում՝ Աբովյանում, Գյումրիում, Վանաձորում եւ այլուր։ Բեմադրությունը նվիրված է Շառլ Ազնավուրի հիշատակին եւ ներկայացնում է մեծ արտիստի ինքնակենսագրական փաստերը՝ արկածներով ու դժվարություններով լի կյանքը, ստեղծագործական վայրիվերումները եւ, իհարկե, հաղթանակները։ Համերգ-ներկայացման երաժշտական ձեւավորումը կատարել է ջազ-դաշնակահար եւ կոմպոզիտոր Գարի Քյոսայանը, որն էլ բեմում նվագակցում է արտիստներին՝ իր ջազ-քառյակով։

Ալլա Սահակյանը


«Իհարկե, համավարակի օրերին, երբ բոլորը մեկուսացած էին իրենց տներում, շատ նոր հնարքներ սովորեցինք, կատարելագործվեցինք, նոր հնարավորություններ ձեռք բերեցինք, բայց ոչինչ չի փոխարինի այն ամենին, ինչ քոնն է՝ թատրոնը, բեմը, համերգները եւ այլն։ Եվ հիմա վերջապես հնարավորություն ունենք վերսկսել ներկայացումները։ Այժմ ստեղծագործական բուռն շրջան է, եւ այդպես էլ շարունակվելու է, եթե իրադարձություններից առաջ չանցնենք։ Վստահ ենք, որ «Ազնավուր» ներկայացումն այս օրերին շատ է անհրաժեշտ մեր հասարակությանը, քանի որ ցույց է տալիս մեծագույն հայի հաղթող կերպարը՝ իր անցած դժվարություններով, փորձություններով ու վերջապես հաղթանակով։ Մենք պիտի նրանից օրինակ վերցնենք ու հասկանանք, որ չպետք է ընկճվենք, չպիտի մեր միջի վատը դրոշակ դարձնենք, պետք է մեր թուլություններն առավելություն դարձնենք ու առաջ շարժվենք»,- ընդգծում է դերասանուհին։

Ալլա Սահակյանը


Ալլա Սահակյանը նաեւ նշում է, որ առաջիկայում երաժշտական նորություններ էլ են ունենալու ամուսնու՝ Գարի Քյոսայանի հետ։ Համերգներ կլինեն վերջինիս ջազ-քառյակի եւ դրսից հրավիրված արտիստների մասնակցությամբ։ Այդ մասին մանրամասները, սակայն, դերասանուհին ավելի ուշ կներկայացնի։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Խանդութ Պարույրյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին