×


Լիլիթ Հարոյանի հետաձգված հարսանիքն ու դերը «Ֆեյք պապա» սիթքոմում

Մինչ հեռուստադիտողը «Ֆեյք պապա» սիթքոմում հետեւում է Լիլիթ Հարոյանի խաղին, իսկ «Բարի լույս» ծրագրի շրջանակում յոգայի պարապմունքներին, նա ամուսնու հետ աշխատանքային այցով գտնվում է Բալիում: Հոգեբան, հաղորդավարուհի, դերասանուհի Լիլիթը BRAVO.am-ի հետ զրույցում խոսել է սիրելի զբաղմունքից, հարսի զգեստ հագնելու ցանկության մասին, եւ ոչ միայն:

Ամենաերկարատեւ հարաբերությունը

Դեռեւս 2012 թվականից աշխատել եմ «Արմենիա» հեռուստաընկերության, հետո «Ա ԹիՎի»-ի առավոտյան ծրագրերում: Հիմա վարում եմ յոգային հատկացված բաժինը: Արդեն համոզված եմ, որ կյանքիս առաքելություններից մեկն իմ ձեւով մարդկանց բարի լույս ասելն է:

Լիլիթ Հարոյանը


Փոքր տարիքից սիրել եմ սովորել, ուսումնասիրել տարբեր թեմաներ, մասնագիտություններ ու գիտություններ: Հետո ինձ ոգեշնչեց մի կնոջ պատմություն, որը պնդում է, թե յոգայի միջոցով կարողացել է քաղցկեղ բուժել: Յոգայի առաջին դասը չեմ հավանել: Հետո գտա ուսուցչի, ով ճիշտ ներկայացրեց այդ ուսմունքը:

Կյանքիս ամենաերկարատեւ հարաբերությունը յոգայի հետ է. ամեն օր զբաղվում եմ: Ամուսինս՝ Ալեքը, նույնպես տեղեկացված է յոգայից, գիտի, որ առողջության համար օգտակար է: Տեսնելով՝ յոգայից հետո որքան լավ եմ զգում, ավելի է համոզվում: Երբեմն-երբեմն ինձ հետ պարապում է:

Ընտրություն

Ի սկզբանե առաջարկ եղել է նկարահանվել «Հարս չկա» սիթքոմում, բայց ես ընտրեցի «Ֆեյք պապա»-ն, քանի որ կերպարը շատ դուր եկավ: Մտածեցի՝ նման դերով ավելի հետաքրքիր կլինի ներկայանալ: Այդ շրջանում երկրից պետք է բացակայեի, եւ իմ մասնակցությամբ տեսարաններն արագ նկարահնեցինք: Շատ լավ արձագանքներ  եմ ստանում:



Բալիում

Միշտ ցանկացել եմ հարսի զգեստ կրել. իմ շորը վաղուց է սպասում ինձ: Երբեւէ չեմ կարեւորել այդ միջոցառման տաշի-տուշիի պահը: Կարեւորն ինձ համար սերը, միությունը, ներդաշնակությունն ու ձեւավորվող ընտանիքն է:

Այս պահին ես եւ ամուսինս գործնական այցով ենք Բալիում: Այն փակ է զբոսաշրջիկների համար: Հարսանեկան միջոցառումը կրկին հետաձգվել է: Թե երբ կլինի, չեմ կարող ասել. կախված է աշխարհում կատարվող իրադարձություններից: Շատ էի ուզում մտերիմներիս հետ այստեղ հարսանեկան միջոցառումն անցկացնել, հանգստանալ: Ամեն դեպքում, եթե ոչ այս տարի, ապա մյուս տարի կլինի հարսանիքը:

Լիլիթ Հարոյանը


Կես տարուց ավելի Հայաստանում էինք, հիմա Բալիում ենք: Սիթքոմի մյուս եթերաշրջանին կվերադառնամ Հայաստան: Այստեղ ֆոտոշարքերի շատ առաջարկներ են լինում, սակայն ժամանակս տրամադրում եմ յոգային եւ աշխատանքին: Այնուամենայնիվ, վերջերս մի ֆոտոշարք իրականացրի:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Լիլիթ Հարոյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին