×


Բաբաջանյանի եւ Կոնսերվատորիայի 100-ամյակը՝ ուսանողների եւ պրոֆեսիոնալ երաժիշտների համերգով

«Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմում երեկ միավորվել էին նոր եւ ավագ սերունդների երաժիշտները, կատարողները՝ նշելու հայկական երաժշտության երկու մեծ անունների ծնունդը՝ Առնո Բաբաջանյանի եւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 100-ամյակը։ Համերգային ծրագիրն այս անգամ հեղինակել էին կոնսերվատորիայի Ջազ-փոփ երաժշտության ամբիոնի ուսանողներն ու դասախոսները։ Երիտասարդ կատարողներին նվագակցում էր Հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ։

Համերգային ծրագրում ներառված էին միայն Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները, որոնք կատարում էին հենց Ջազ-փոփ երաժշտության ամբիոնի ուսանողները։ Ամբիոնի վարիչ, ԵՊԿ պրոֆեսոր, կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք այդ ստեղծագործությունները ներկայացնում են միայն օրիգինալ կատարմամբ, այսինքն՝ այնպես, ինչպես գրել է հեղինակը՝ առանց նոր լուծումների ու ժամանակակից մատուցման.«Շատ կարեւոր է, որ չփոխվեն ո՛չ հարմոնիաները, ո՛չ մեղեդին»,- ընդգծեց նա։


Նարինե Զարիֆյանը, խոսելով կոնսերվատորիայի եւ հատկապես իրենց ամբիոնի ձեռքբերումներից, նշեց, որ իրենք ապագա սերունդներին սովորեցնում են լսել ու մատուցել միայն որակյալ ու բարձրաճաշակ երաժշտություն.«Կարծում եմ՝ դա ամենակարեւոր առանձնահատկություններից է։ Մեր ամբիոնը, որ համեմատաբար ավելի երիտասարդ է, արդեն ունի իր ծրագիրը, որը բաղկացած է միայն ջազային, դասական եւ էստրադային բարձրորակ ստեղծագործություններից։ Այսօր էլ մեր սաները ելույթ են ունենալու մաեստրո Երվանդ Երզնկյանի ու նրա նվագախմբի հետ, ինչը նրանց համար մեծ փորձ ու հնարավորություն է»։


Ամբիոնի ուսանողներից Քերոբ Հովելյանն էլ, որ սովորում է ջազ-վոկալ բաժնի 4-րդ կուրսում, մեր զրույցում պատմեց՝ համերգի մասնակիցներն ընտրվել են քասթինգի օգնությամբ, որից հետո մոտ մեկ ամսում հասցրել են պատրաստվել միջոցառմանը։ Քերոբը, անդրադառնալով մեր հարցին, նաեւ նշեց, թե ինչու է ընտրել հենց Ջազ-փոփ երաժշտության ամբիոնը.«Դե, քանի որ ուզում էի կարողանալ ամեն ոճում ներկայանալ, որոշեցի դիմել հենց այդ բաժին, որը թույլ է տալիս հանդես գալ ժողովրդական, ֆոլկ, էստրադային, ջազ եւ այլ ոճերում։ Կարծում եմ՝ հենց դա էլ մեր բաժնի գլխավոր առավելություններից է»։


Համերգի հեղինակները նաեւ հավելեցին, որ կոնսերվատորիան առաջիկայում այլ միջոցառումներ էլ է ունենալու՝ ներկայացնելով մյուս ամբիոններն ու բաժինները։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Շաքե Հովհաննիսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին