×


Կախվածություն պոռնոյից․ ի՞նչ անել

Կհիշե՞ք՝ 90-ական թվականներին, եթե ցանկանում էիր պոռնոգրաֆիկական նյութ դիտել, ապա ձեռքդ էր ընկնում արդեն մաշված մի տեսասկավառակ կամ էլ ամսագիր, իսկ այժմ համացանցում կգտնես ուզածդ նյութերն անսահմանափակ քանակությամբ։

Մի շարք հետազոտություններ ցույց են տալիս, որ միլենիալների սերունդը (1980-2000 թթ․ ծնվածները) ավելի քիչ է սեքսով զբաղվում, քան X սերնդի (1960-1965թթ. ծնվածները) մարդիկ, իսկ պատճառներից մեկը պոռնո նյութերի հեշտ հասանելիությունն է։

Սակայն սա ամենամեղմ հետեւանքներից է, որն իրենց հետ բերել են պոռնո նյութերի լայն տարածումն ու հեշտ հասանելիությունը, իսկ վատագույն դեպքերում պոռնոգրաֆիայի չարաշահումը կարող է կախվածություն առաջացնել՝ բացասաբար ազդելով ոչ միայն սեռական, այլ նաեւ կյանքի այլ ոլորտների վրա։

Պոռնոյից կախվածությունը դեռեւս պաշտոնական ախտորոշում չէ եւ ներառված չէ Հիվանդությունների դասակարգման միջազգային ցանկում, սակայն սեքսապաթոլոգների փորձառությունը ցույց է տալիս, որ սա արդիական խնդիր է հատկապես մեր ժամանակներում։

Այս թեմայով ամենահետաքրքիր հարցերի պատասխանները մենք ստացել ենք  բժիշկ-սեքսոլոգ Վահե Ասրյանի հետ զրույցի ընթացքում։

Մասնագետը նշում է, որ բարդ է զանազանել սահմանը եւ նշել, թե ինչ քանակությամբ եւ տեւողությամբ պոռնոգրաֆիայի օգտագործման դեպքում կարելի է խոսել կախվածության մասին, սակայն նորմայի շրջանակը սկսում է խախտվել, երբ անհատը սեռական գրգռման հասնելու համար պոռնոգրաֆիկական նյութի կարիք է զգում․«Նորմայում մարդու սեռական ֆունկցիան որեւէ կերպ չի ներառում պոռնոգրաֆիկական նյութերի օգտագործումը։ Հնարավոր է՝ որեւէ էրոտիկ շեշտվածությամբ ֆիլմը կամ գիրքը մարդուն հաճելի զգացողություն պարգեւեն եւ հաջորդիվ նա սեռական գրգռում ապրի․ հավանաբար, հենց սա է նորմայի շրջանակը, որից այն կողմ անցնելն առողջ չէ, քանի որ եթե ինչ-որ պահից մարդն ասում է՝ մի րոպե, այս հեշտ տարբերակն ունեմ, այն ապահովելու է արագ գրգռում, իսկ դրան հաջորդող սեռական ակտը կամ մաստուրբացիան տալու են էքստրա զգացողություն, ապա ինչ կարիք կա հավելյալ էներգիա ծախսել եւ գործի դնել սեփական ֆանտազիան։ Արդյունքում մենք բթացնում ենք ինքներս մեզ եւ հաշմանդամ ենք դարձնում մեր միտքը։ Չմոռանանք նաեւ, որ պոռնոգրաֆիկական այդ նյութերը եկամուտ ապահովելու համար են. դրանք հատուկ ստեղծվում են այնպես, որ պահանջարկ եւ լայն սպառում ունենան, հետեւապես մարդը դրանք մեկ անգամ նայելով չի բավարարվում»։

Բժիշկ-սեքսոլոգ Վահե Ասրյանը


Մեկ, երկու, երեք եւ պոռնոն դառնում է առօրյա կյանքի մի մասը։ Այն կարծես արագ սնունդ ուտելու նման է․ հեշտ է, արագ, բայց վտանգավոր։ Ինչպե՞ս հասկանալ, որ մտահոգվելու ժամանակն է ու պոռնոն դադարել է լիցքաթափման միջոց լինել եւ վերածվում է կախվածության։

Բժիշկ-սեքսոլոգ Վահե Ասրյանի հետ առանձնացրել ենք մի քանի կետեր, որոնք կօգնեն կողմնորոշվել այս հարցում։

Ձեր սեռական գրգռման շեմը փոխվել է

Սա նշանակում է, որ առանց պոռնո նյութերի օգնության սեռական գրգռում ապրելը կա՛մ դժվարացել է, կա՛մ անհնար է դարձել։
«Պոռնո նյութից ստացած զգացումներն ավելի սուր են եւ ընդգծված տարբեր են բնական պայմաններում մարդու ապրած գրգռումից։ Այն պարագայում, երբ մարդն օգտագործում է պոռնո նյութերը սեռական գրգռման հասնելու համար, հետո արդեն բնականոն սեռական կյանքի ընթացքին բնորոշ գրգիռները կարող են որեւէ հաճույք չպարգեւել։ Հանդիպել են դեպքեր, երբ պոռնոյի երկարատեւ օգտագործումը հանգեցրել է էրեկցիայի ֆունկցիայի խանգարման։ Իսկ զարգացումն այսպես է լինում՝ ժամանակի ընթացքում զուգընկերոջ հետ սեռական գրգռում ապահովելու համար պահանջվում է օգտվել պոռնո նյութից, հետո ինչ-որ մի փուլից էրեկցիան կորում է։ Իսկ կանանց դեպքում կարող է դիտվել սեռական գրգռման դժվարություն»,- մանրամասնում է բժիշկ Ասրյանը։

Շարունակ փոխվում են ժանրը, մասնակիցների քանակը․․․

«Երբ մարդիկ սկսում են նայել կամ կարդալ պոռնոգրաֆիկական բնույթ ունեցող նյութեր, սկզբում դրանք շատ անմեղ բաներ են, որոնք պարզապես հետաքրքիր կամ հաճելի են։ Այնուհետեւ սկզբնական փուլերում նայածը բավարար չի լինում սեռական գրգռման համար, մարդը փնտրում է նոր բան, փոխվում են ժանրը, մասնակիցների քանակը, նայելու տեւողությունը, հետո պահանջվում է, որ լինի հենց կոնկրետ մարմնաչափական տվյալներով, մաշկի գույնով դերակատար։ Այսպես շրջանակը շարունակ նեղանում է։ Արդյուքնում մարդը կարող է մի ամբողջ օր վատնել, զուտ գտնելու համար այն, ինչն իրեն հաճույք կպարգեւի։ Ինչպես գիտեք, վիրտուալ տիրույթում տասնյակ հազարավոր կայքեր կան, ուստի հնարավոր է, որ մարդը մի ամբողջ օր ծախսի տեսականին ուսումնասիրելու ուղղությամբ, հետո միայն գտնի այն, ինչը իրեն կբավարարի»,- ներկայացնում է մասնագետը։

Դուք կորցրել եք ժամանակի կառավարումը

Սա անմիջականորեն կապվում է նախորդ կետի հետ․ չէ՞ որ որքան նեղանում է շրջանակը, այնքան ավելի շատ ժամանակ է պետք, որ գտնես հենց այն, ինչ ուզում ես։ Այս ամենի արդյունքում ոչ թե դու ես որոշում, թե երբ եւ որքան օգտվել պոռնո նյութերից, այլ հակառակը։

«Նմանատիպ դեպքերում, երբ մարդը նույնիսկ կարեւոր գործեր չունի, թեկուզ նախքան իր կենսական ֆունկցիաներն իրագործելը՝ սնվելը, հիգիենան ապահովելը, անպայման պետք է գտնի եւ նայի իր ուզած նյութը»,-նշում է Վահե Ասրյանը։

Փորձում եք կրկնօրինակել այն, ինչ տեսնում եք

Շատերն են էկրանին տեսածը փորձում իրական կյանք բերել, բայց կախվածության դեպքում սա ավելի ընդգծված բնույթ ունի։ Թիրախային խմբում են հատկապես պատանիները, որոնց պատկերացումները սեքսի մասին հաճախ ձեւավորված են լինում հենց պոռնո նյութերի շրջանակում։ Վահե Ասրյանը նշում է, որ այդ պարագայում անխուսափելի է դառնում հուսախաբությունը, քանի որ էկրանին տեսածը հեռու է իրականությունից․


«Նման դեպքերում սովորաբար գալիս եւ հարցնում են՝ ինչն այն չէ՝ մտածելով, որ անատոմիայի հետ կապված խնդիր կա։ Մասնավորապես երիտասարդ տղաները իրենց անդամի չափը մեծացնելու համար անհայտ ծագման նյութեր են օգտագործում եւ բորբոքումներով այցելում են բժշկին։ Կամ էլ դիմողը լինում է զուգընկերուհին, որն առողջական խնդիր չունի, բայց այցելում է բժշկին հետեւյալ հարցով՝ ինչ դեղ խմի, զուգընկերն ասում է, որ այսինչ բանը ճիշտ չեն անում»։
Այսպիսով՝ նախքան կփորձեք կրկնօրինակել պոռնոգրաֆիկական ֆիլմերում նկարահանվող դերասաններին, հիշեք, որ իրական կյանքում մարդուն նման էքստրաունակություններ տրված չեն։

Դարձել եք ներփակ եւ քիչ շփվող

Պոռնոյից կախվածությունը բացասաբար է ազդում ոչ միայն սեռական կյանքի վրա, այլ նաեւ խնդիրներ է առաջացնում կյանքի մյուս ոլորտներում։ Մասնավորապես տուժում է անձի սոցիալիզացիան. նա ձգտում է մնալ մենակ եւ կարող է ամեն հարմար ու անհարմար առիթ օգտագործել պոռնո նյութերից օգտվելու համար։ «Եթե մարդը կարող է ժամեր շարունակ հատուկ որեւէ նյութ փնտրել, բնականաբար, իզոլացվելու է։ Սովորաբար նման դեպքերում մի քանի մասնագետի՝ մասնավորապես հոգեբանի աջակցության կարիքը կա»,-նշում է մեր զրուցակիցը։  

Առաջանում է մեղքի զգացում

Սովորաբար, կախվածություններն ուղեկցվում են նաեւ մեղքի զգացումով։ Եթե մարդը հազվադեպ օգտվում է պոռնո նյութերից եւ արդյունքում լիցքաթափվում է, ապա կախվածության դեպքում հակառակն է․ կարող է դիտվել լարվածություն, անհանգստություն, մեղքի զգացում, որ նորից չկարողացավ զսպել իրեն եւ դիտեց հերթական նյութը։

Ի՞նչ անել, եթե մի քանի կետեր համընկան

Թերեւս լավագույն տարբերակը մասնագետի օգնությանը դիմելն է, սակայն եթե ինչ-որ պատճառով չեք կարող դա անել, ապա կան նաեւ այլընտրանքային տարբերակներ եւ ինքնաօգնության ձեւեր։ Առաջին քայլը կարող է լինել ձեռքի տակ եղած պոռնո նյութերից ազատվելը, նմանատիպ կայքերից խուսափելը։ Իհարկե, պետք չէ սպասել, որ արդյունքը կլինի միանգամից։ Ինչպես սեռական կախվածության մասին պատմող հոդվածում էինք նշել, անհրաժեշտ է համբերել եւ հետեւողականորեն հաղթահարել խնդիրը, դիմել մտերիմների աջակցությանը։ Ի դեպ, հնարավոր է նաեւ առցանց կուրսեր եւ աջակցության խմբեր գտնել, որոնք նույնպես դրական ազդեցություն կունենան։

Իսկ վերջում հիշեցնենք՝ որքան էլ սուր զգացողություններ պարգեւեն պոռնոգրաֆիկական բնույթի նյութերը, դրանք չեն փոխարինի իրական կյանքում իրական զուգընկերոջ հետ ստացած հաճույքին ու բավարարմանը։

Սոնա Վարդանյան
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին