×


«Անհայրենիք մնալը շատ ցավալի ու վախենալու բան է»․ Զարուհի Բաբայանի եւ Դեւոյանների հարցազրույցը

Մեկ հարկի տակ ապրում են երեք սերունդ, բայց միշտ հաշտ են ու համերաշխ: Նրանք գտել են իրենց համերաշխության բանաձեւը՝ սերն է: BRAVO.am-ի զրուցակիցներն ավագ եւ կրտսեր Սոֆի Դեւոյաններն ու Զարուհի Բաբայանն են:

- Երեք անհատ՝ մեկ ընտանիքում, չե՞ք խանգարում մեկդ մյուսին. սերունդների բախում չի՞ լինում:

Զարուհի - Հասարակության համար ենք երեք անհատներ (ծիծաղում է,- խմբ․), բայց մեր ընտանիքում շատ են անհատները: Իսկ մենք ոչ թե խանգարում ենք, այլ մեկս մյուսին լրացնում ենք, օգնում ենք: Ունենք ավանդույթ՝ եթե նոր գաղափարներ ու մտքեր են ծնվում, ապա նստում ենք կլոր սեղանի շուրջ ու քննարկում: Սոֆոչկան   մի քիչ այլ կերպ է մտածում, բայց մեր ընտանիքում հաջողվել է գտնել ոսկե միջինը:

Սոֆի - Ամեն դեպքում դու պետք է ընդունես այս նոր սերնդին ու նրանց նոր աշխարհը: Եթե չընդունես, չես կարող ապրել:

Զարուհի - Իրականում այս սերունդը շատ լավն է ու իրենցից շատ բան ունենք սովորելու:


- Վերջին շրջանում ձեր ընտանիքից հենց կրտսեր Սոֆի Դեվոյանի մասին են ավելի շատ խոսում, ձեզ կարծես թե «մոռացել են»:

Զարուհի - Իրականում միայն վերջին շրջանում չէ, որ Սոֆոչկայով են մեզ ճանաչում: Երբ հինգ տարեկանում սկսեց նկարահանվել «Որբեր» սերիալում, մեզ արդեն իրենով էին ճանաչում: Բոլորը մեզ դիմում էին Սոֆիի կերպարի անունով՝ Եվայի մամա, Եվայի տատիկ: Իսկ այդ ընթացքում ուր գնում էր, նվերներ էին տալիս: Ոմանք էլ հավատացել էին, որ մենք ֆինանսական լուրջ խնդիրներ ունենք, ու նրան փորձում էին կերակրել, նվերներ տալ: Այնպես որ, մենք արդեն վաղուց սովոր ենք:

Սոֆի - Ես միայն հպարտանում եմ:

Սոֆի կրտսեր - Իրականում պարտավորեցնող է:

- Վերջին շրջանում Սոֆին հարսի զգեստով մի քանի լուսանկար էր հրապարակել, ու լուրեր տարածվեցին, որ արդեն ամուսնանում է, եթե հաշվի առնենք այն, որ սիրտը զբաղված է:

Զարուհի - Ինձ անգամ շնորհավորում էին:

Սոֆի կրտսեր - Գրեթե բոլորը հարցնում էին՝ ամուսնացել եմ, թե՝ ոչ: Պարզապես  դա իմ աշխատանքի մի մասն է: Իսկ խոսակցություններին ու բամբասանքներին  շատ սառն եմ վերաբերվում:

Զարուհի - Իմ սերուդը լուրջ է վերաբերվում քննադատություններին: Ես հաճախ նեղվում եմ, ասում՝ «Սոֆ, տե՛ս՝ ինչեր են գրել», բայց իր վրա չի ազդում: Մենք ավելի ծանր ենք տանում, իսկ այս սերունդն այդ հարցում շատ սառնասիրտ է:

Սոֆի կրտսեր - Աշխարհը փոխվել է: Եթե կենտրոնանաս յուրաքանչյուրի  ասածի վրա, ապա կյանքում առաջ չես գնա: Հիմա շատ է բացասականը, բայց պետք է տեղի չտաս այդ ամենին:

Սոֆի -Ես չեմ հիշում եմ մի դեպք, որ ուրիշի կյանքով հետաքրքրվենք: Գուցե նրանից է, որ մենք շատ զբաղված  ենք:

Սոֆի կրտսեր - Ինձ շատ են հարցնում՝ արդյոք երկրից գնալու եմ, քանի որ այս պահին սիրելիս բացակայում է երկրից։ Բայց իմ աշխատանքը Հայաստանում է ու չեմ ուզում գնալ այլ վայրում ամեն ինչ սկսել զրոյից: Հիմա նոր ծրագիր եմ  պատրաստում առողջ ապրելակերպի մասին: Շատ փակագծեր չեմ ուզում բացել, բայց նման նախագիծ առաջին անգամ է Հայաստանում: Միայն կասեմ, որ պարի հետ կապ ունի:

Կրտսեր Սոֆի Դեւոյանը


- Պարուհու կյանքը հեշտ չէ. անդադար պայքար է: Տիկին Դեւոյանի ճանապարհի որոշակի մասն աչքիդ առաջ է եղել, գիտես դժվարությունների մասին: Պատրա՞ստ ես դիմակայել եւ ուրույն ձեռագիր ունենալ այս ոլորտում:

Սոֆի կրտսեր - Պատրաստ լինելուց բացի, ես արդեն անցել ու անցնում եմ: Խոսքն,  իհարկե, մեր թատրոնի մասին չէ, այլ՝ թատրոնից դուրս: Երբ առաջին անգամ բախվեցի այդ խնդրին, հասկացա՝ նման բաներ միշտ էլ լինելու են: Մեզ մոտ կարծրատիպ կա՝ եթե հայտնի մարդու աղջիկ ես, թոռնիկ ես, ուրեմն քեզ համար  ամեն ինչ անում են: Իրականում, եթե քո ոլորտում անում ես ամեն ինչ, քո ուժերը ներդնում ես՝ հաջողության հասնելու համար, հաստատ քեզ կնկատեն: Իհարկե, տատիկի անունը կրելն արդեն մեծ պատիվ է ու պատասխանատվություն, բայց ես փորձում եմ ամեն ինչ առավելապես լավ անել: Չկորցնելով տատիկի ձեռագիրը՝  ստեղծել նաեւ իմը: Սիրելիս էլ գիտի, որ պարն իմ կյանքի ռիթմն է, ու ես առանց պարի չեմ կարող ապրել:

Սոֆի -Պարապմունքի ժամանակ ես երբեք իրեն առանձնահատուկ չեմ վերաբերվել, հատուկ ոչինչ չեմ արել։ Ինքը նայել, սովորել է ու իր առավելությունը  նաեւ դա է եղել: Երբեք չէր ուշանում դասերից ու ինձ միշտ ասում էր, որ իրեն վերաբերվեմ այնպես, ինչպես բոլորին:

- Իսկ Զարուհին չի՞ խանդում, որ ոչ թե երգչուհի դարձար, այլ պարուհի:

Սոֆի կրտսեր - Չէ՜, բայց վերջերս ասում է՝ արի փորձենք: Հիմա ունեմ երգելու ցանկություն:

Սոֆի - Գիտեք, մեկ-մեկ այնպես լավ է երգում, որ ասում եմ՝ «Սոֆի՜, ունենալով այդպիսի մայր, ասա թող հետդ մի քիչ պարապի. մենակ տատիկին ես աշխատեցնում (ծիծաղում է,-հեղ.):

Զարուհի Բաբայանը


- Բավական դժվար շրջանում ենք՝ համավարկ, պատերազմ... Ձեր ընտանիքի պարագայում նաեւ հարազատ մարդկանց կորուստ ունեցաք: Բայց բեմը չի հարցնում տրամադրություն ունե՞ս, թե՞ ոչ: Այդ վիճակից դուրս գալ ու բարձրանալ  բեմահարթակ դժվա՞ր չէր:

Սոֆի - Ես չեմ համակերպվել ու շատ ծանր եմ տարել: Այն, որ պիտի աշխատեմ, հստակ է, բայց կա մի բան, որը քոնն է ու քեզնից վերցրել են, դա թատրոնն է: Մոտ մեկ տարի թատրոնս չի աշխատել: Ստեղծագործական դադարի մեջ եմ: Իսկ թատրոնս ինձ համար օդ ու ջուր է:

Զարուհի - Իմ կյանքում նման դժվար էտապ չեմ հիշում: Պանդեմիայից հետո շատ ճնշված ենք. պատերազմ, որն ուղղակի ոչնչացրեց, մայրիկիս կորուստը, ամուսնուս հայրիկի կորուստը... Բայց ապրում ես: Իհարկե, պահի տակ սկսում ես ծիծաղել, բայց հաջորդ պահին մտածում ես՝ ինչպես ես ծիծաղում, ո՞նց ես  ապրում: Ու հասկացա, որ եթե չաշխատեմ, այդ ամեն ինչից դուրս չեմ գա: Այս ընթացքում ավելի շատ սկսեցի զբաղվել մանկավարժությամբ: Հասկացա, որ երեխաներն այս պահին ավելի շատ ուշադրության կարիք ունեն: Որքան էլ մենք մտածում ենք, որ երեխաները շատ բան չեն հասկանում, բայց նրանք ամենազգայունն են: Իհարկե, չի նշանակում, որ երգարվեստը թողել եմ ու զբաղվելու եմ միայն մանկավարժությամբ: Ընդհակառակը՝ հիմա լծված եմ մի գործի, որպեսզի իմ ամենաբաղձալի երազանքը կյանքի կոչեմ: Վերջապես պատրաստվում եմ ներկայացնել իմ ջազային ծրագիրը: Այս երազանքը տարիներ շարունակ իմ մեջ խմորվում էր, եփվում էր ու հիմա իսկապես արդեն ժամանակ է: Իսկ համավարակի օրերին, երբ տեղի ունեցավ Հանրայինի «Արտակարգ համերգ» ծրագիրը, այն կարծես դարձավ իմ այս ծրագրի սկզբնակետը: Փորձերն արդեն սկսված են, ու ես կկարողանում վերջապես իմ հոգու, մտքի ու սրտի երաժշտությունը ներկայացնել երկրպագուներիս եւ այն մարդկանց, որոնք սիրում են հին Զառային, ես կասեի՝ իսկական: Իհարկե, սա ամենեւին չի նշանակում, որ ինչ-որ արել եմ այս տարիներին, իսկական չէր, ուղղակի կան բաներ, որ ինձ համար ավելի հոգեհարազատ են: Թե ինչքան լսարան կունենամ, ինձ այդքան էլ չի հուզում: Թող լինի փոքր բանակ, բայց կան մարդիկ, որ սիրում են հենց այս երաժշտությունը: Ու ես այս շրջանը օգտագործում եմ ինքս ինձ վերակենդանացնելու ու իմ երազանքը կյանքի կոչելու համար: Այլապես որպես արվեստագետ մարում եմ, հանգչում եմ: Երբ մարդիկ տեսնում են, որ մեկը սկսեց աշխատել, մի նոր հաղթանակ գրանցել, սկսում են վերագտնել իրենց: Մի խոսքով՝ մեզ համար փրկության միակ ճանապարհը ստեղծագործելն է:

Սոֆի կրտսեր - Պատերազմից հետո ամեն ինչ փոխվել է: Վերջերս  մեր  փոքրիկների խմբով փառատոնի էինք մասնակցում: Երեկոյան խարույկի շուրջ նստած զրուցում էիք ու մեր զրույցը հասուն մարդկանց զրույցի էր նմանվել: Իսկ նրանք ընդամենը 13-14 տարեկան երեխաներ էին: Զարմացած ասացի՝ «Երեխեք, ո՞նց եք մեծացել», պատասխանեցին՝ պատերազմն է: Անկեղծ, չգիտեի՝ ինչ ասել: Ես էլ ստեղծագործական դադար ունեցա, բայց հասկացա, որ եթե հիմա ոչինչ չանեմ, հետո ինձ դա ավելի դժվար է տրվելու: Մեր աշխարհն այսօր կապված է  երեխաների հետ, նաեւ այն մարդկանց, ովքեր մեզ սիրում են ու հետեւում։ Ու եթե  տխուր եմ լինում, դա փոխանցվում է նաեւ իմ հետեւորդներին: Հետեւաբար, ես այնպիսի քայլեր պետք է անեմ, որ մոտիվացնեմ նաեւ մարդկանց:  

Զարուհի - Պատերազմի օրերին ուղղակի ապշած էի այս սերնդի կազմակերպվածությունից: 11-12 տարեկան երեխաներն օգնում էին, միախմբված աշխատում էին հայրենիքի ու զինվորի համար: Մենք ուղղակի իրավունք չունենք այս սերնդից դժգոհելու:


- Սակայն չենք կարող  չնկատել, որ երկու իրականությունում ենք ապրում. մի մասն ամեն ինչի պատրաստ է հայրենիքի համար, մյուսն էլ շատ անտարբեր է։ Հայրենիքի կորստի հետ շատ շուտ համակերպվեցին:

Զարուհի - Կարծում եմ՝ այդ մարդիկ իրապես չեն պատկերացնում կատարվածը, իսկ անհայրենիք մնալը շատ ցավալի ու վախենալու բան է:

Սոֆի - Եթե մենք ունենայինք կայուն երկիր, ապա նման բան լինել չէր կարող: Անորոշությունը շատ վատ բան է:

Զարուհի - Իհարկե, շատ ժամանակ մեզ քննադատում են՝ բեմ ենք բարձրանում, երգելու տրամադրություն ունենք, բայց մենք արդեն դրան էլ ենք սովորել: Պարզապես մարդիկ պետք է հասկանան, որ ունես աշխատանք, առաքելություն, պարտականություններ, որ պետք է կատարես: Չես կարող ասել․«Կներեք, ես տրամադրություն չունեմ, դռները փակում եմ, գնում եմ տուն»: Մենք պետք է աշխատենք, այլապես չենք ունենա երկիր, հայրենիք ու բնութագիր:

Սոֆի - Հայրենական պատերազմի ժամանակ մարդիկ  բալետային արվեստ էին ներկայացնում, երգում էին, համերգներ էին տալիս. Ապրում էին: Մենք մոռանում ենք, որ արվեստը հոգեւոր սնունդ է, ու չես կարող մարդուն ուղղակի զրկել ամեն ինչից:

Զարուհի  - Քննադատել այն մարդուն, որը ստեղծագործում է, ինձ համար ցածրագին, էժանագին է: Այսօր կանգնում ու ինձ ասում են, որ մենք զինվորներ ենք կորցրել, դու երգում ես: Հավատեցեք, ինձ համար տասն անգամ ավելի դժվար է: Ես շատ զինվորների աչքեր եմ տեսել ու նրանց մայրերի հետ շփվել: Ու դա արել ենք լուռ, առանց ինչ-որ մեկին ցույց տալու:

Սոֆի - Մեր ժողովուրդը պետք է մի քիչ բարիանա: Իմ ժողովրդին չեմ ճանաչում։ Ազգի կեսն իրար ինչ ասես, որ ասում է. ներելն է պակասել: Կարծում եմ՝ մենք  կորցրել ենք ճանապարհը դեպի Աստված: Պետք է վերականգնել ու գտնել այդ ճանապարհը ու փոխել մեր էներգետիկան:

Կրտսեր եւ ավագ Սոֆի Դեւոյանները եւ Զարուհի Բաբայանը


Հ․Գ. Հարցազրույցի ավարտին տիկին Դեւոյանին հարցնում եմ՝ որն է միշտ երիտասարդ մնալու բանաձեւը: Հարցիս պատասխանում է  Զարուհին՝ նշելով, որ իրենց էլ չի ասում: Իսկ իրականում, ըստ Զարուհու, գաղտնիքն այն է, որ մարդը  սիրում է լինել գեղեցիկ, տեսնել գեղեցիկը ու ապրել գեղեցիկ:  

Զրուցեց Արմինե Գեւորգյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին