×


«Այս տարի ուզում եմ, որ հենց իմ օրը գեղեցկացնեն». Լուիզա Ներսիսյանի տարբերվող 44-ամյակը

Կինոյի եւ թատրոնի խարիզմատիկ դերասանուհի Լուիզա Ներսիսյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: BRAVO.am-ը հետաքրքրվել է, թե ով է առաջինը շնորհավորել նրան, ի՞նչ տրամադրություն ու երազանք ունի այսօր:

«Կեսգիշերին զանգահարեցին ընկերներս, որոնցից շատերին հանդիսատեսը գիտի տարբեր նախագծերից, ֆիլմերից եւ «Women’s Club»-ից: Բոլորով միասին սկսեցին երգել ու դրական էներգիա փոխանցել ինձ: Չեմ սիրում սպասել մաղթանքների կամ շնորհավորանքների, միշտ սիրում եմ, որ օրն իր հետ բերի իր տրամադրությունն ու զգացողությունները: Նախապես չեմ սիրում պլանավորել ու հատկապես այս տարի չեմ որոշել, թե ոնց պետք է անցնի տարեդարձս, քանի որ այդ պատրաստությունները, արտաքնապես ավելի գեղեցկանալն այդքան հաճելի ապրումներ արդեն չեն տալիս, որքան մարդիկ իրենց բնական ու ջերմ վերաբերմունքով: Գիտե՞ք, պատճառն իմ ընտրած բնագավառն է: Ամեն օր պատրաստվել, հարդարվել, փորձեր անել, բեմում ու նկարահանման լինել. արդեն այդ ամենն արհեստական ու սովորական է դարձել, իսկ ուզում ես բնական վիճակ ու մարդկային էմոցիաներ»,- նշում է Լուիզան:

Նա անկեղծացավ, որ սիրում է իր ծննդյան օրն ու միշտ լավ տրամադրություն է ունենում, քանի որ այդ օրը կյանքն ավելի լուսավոր ու վառ է դառնում: Իրեն բնորոշ հումորով հավելեց, որ կարծես բնությունն էլ գիտի, որ ծնվել է ինքը ու շնորհավորում է՝ լավ օրվա միջոցով ու ավելի գեղեցկացնում իր տարեդարձը:

Լուիզա Ներսիսյանը


Այս ծննդյան օրը Լուիզայի համար հետաքրքիր խորհուրդ ունի՝ ստանալ դրական հույզերի նոր ալիք.«Մենք բնավորություն ունենք բոլոր տոնական օրերին պատասխանատվություն կրել մեր հյուրերի հարմարավետության ու տրամադրության համար, ցանկանում ենք գեղեցկացնել նրանց օրը՝ նախապես որոշելով վայրն ու ամեն մանրուք, բայց այս տարի ուզում եմ, որ հենց իմ օրը գեղեցկացնեն»:

Նրա համար ամեն օրը նոր երազանք ու նպատակ ունենալու առիթ է, բայց հատկապես ծննդյան օրն ավելի շատ է խորհում, թե ինչ է հարկավոր հիմա իրեն, մտածում է շատ հարցերի շուրջ, որոնք հնարավորություն կտան որպես մարդ վերաձեւավորվել:

«Այս տարվա տարեդարձս նոր հույզեր ստանալու եւ մտքերս ի մի բերելու միտում ունի: Ինչպես նաեւ եւս մի հնարավորություն է կրկին մտածելու եւ հասկանալու՝ որն է քո դերն ու նշանակությունն իրական կյանքում, ինչից հետո պետք է ամեն ինչ անել, որ առանց հիասթափվելու քայլես առաջ»,- եզրաձակել է հոբելյարը:

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Լուիզա Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին