×


Ինչպես է անցել «Հրեշը լուսնի վրա» ներկայացման պրեմիերան. Թամարա Գեւորգյանը վթարից հետո կրկին բեմում է

Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի բեմում սեպտեմբերի 22-ին «Հրեշը լուսնի վրա» ներկայացման առաջնախաղն էր: Ցեղասպանությունից փրկված երկու հերոսների մասին պատմող Ռիչարդ Կալինոսկու այս պիեսն աշխարհի տարբեր թատրոններում ու տարբեր ռեժիսորներ են բեմադրել, այս դեպքում ռեժիսորի պատասխանատու աշխատանքը կատարել է Կարո Բալյանը: Գլխավոր հերոսներին մարմնավորում են Մկրտիչ Արզումանյանն ու Թամարա Գեւորգյանը:

«Թամարայի հետ զրույցի ընթացքում ենք որոշել անդրադառնալ այս պիեսին: Հաշվի առնելով դերասանների կարողությունները, հրաշալի իմանալով, սիրելով պիեսը, նկատի ունենալով, որ հենց այս ժամանակ պետք է լիներ այն, որոշվեց իրականություն դարձնել: Մկրտիչն էլ սիրով ընդունեց առաջարկն, ու սկսեցինք: Մեզ մոտ սայլակի առկայություն կա, որը փոքր-ինչ սրացնում է իրավիճակը: Հիմա անկախ նրանից, թե ինչ է հարկավոր ներկայացնել հանդիսատեսին, հարկավոր է անել նախ եւ առաջ ճաշակով»,- ասաց Կարո Բալյանը:


Վերջերս տեղի ունեցած ավտովթարից հետո Թամարան առաջին անգամ է վերադառնում բեմ, ինչպես ինքն է բնորոշում՝ «Սիրելի աշխատանքը բուժում է»: Հետվթարային շատ խնդիրներ հաղթահարելու գործում նաեւ ներկայացման անձնակազմն է օգնել: Գլխավոր հերոսուհու կերպարում հանդես գալուց զատ, դերասանուհին նաեւ առաջին անգամ հենց այս ներկայացմամբ հանդես է գալիս որպես պրոդյուսեր:

«Սկզբում ֆիզիկապես դժվար էր, հետո փորձերի ընթացքում արդեն սովորեցի. եթե կա նպատակ, ապա միջոցները գտնվում են միշտ: Հատկապես Հայաստանում սայլակով փորձերին գալ, գնալը դժվար է, բայց բոլորը հասարակ կենցաղային հարցերով անգամ կողքիս էին: Կերպարը պիեսում չունի առողջական խնդիրներ, բայց մենք որոշեցինք իմ վիճակը հարմարեցնել ներկայացմանը: Որպես պրոդյուսերական առաջին աշխատանք՝ պատասխանատու է: Նախքան ավտովթարն արդեն քննարկումներ ու որոշումներ կային, վթարից հետո մենք որոշեցինք, որ չենք հրաժարվելու ներկայացումը բեմ բարձրացնելու գաղափարից»,-պատմեց դերասանուհին:


Նա նաեւ կարեւորեց ներկայացման թեման.«Ցեղասպանության թեման միշտ հուզում է, բայց մեր խնդիրը մարդկանց էմոցիոնալ դաշտին հարվածելը չէ: Ներկայացման մեջ չենք կիրառել էժան միջոցներ զուտ հուզելու համար, չէ՞ որ մարդկանց հուզական դաշտը հիմա առանց այն էլ բաց է: Ամեն ինչ ազնիվ է արված»:

Հույզերի ու ասելիքի պակաս չզգացվեց նաեւ գլխավոր հերոսի կերպարի դեպքում. Մկրտիչ Արզումանյանի խոսքով՝ ստեղծագործական քննարկումները շատ երկար են եղել: Թամարայի հետ առաջին անգամ չէ, որ աշխատում է, եւ հեշտությամբ նաեւ այս ներկայացման մեջ են աշխատել:


«Կարծում եմ՝ ներկայացումն այսօր ծնվեց մեզ համար, պետք է որոշակի ժամանակ անցնի եւ ավելի հղկվի: Ներկայացման մեջ կան պահեր, որ խաղալիս միջովդ սարսուռ է անցնում: Բոլորիս համար շատ կարեւոր եւ հուզիչ գործ է: Հեղինակը պիեսը շատ լավ կառուցել է, եւ երկխոսությունը հերոսների մեջ թեթեւ է զարգանում, բայց հիմքում իրենց հետ կատարված ծանր դեպքերն են: Մեր ռեժիսորը նաեւ շատ լավ գիտի իր գործը եւ մեզ ուղղորդել է: Փորձեցինք անել առավելագույնը: Առաջնախաղի օրվան մոտ հնարավորինս ոչ մի այլ գործով չենք զբաղվել, որ յուրացնենք նյութը, զգանք, թե ինչ է կատարվում: Ամենաբարդը թեման է, որ նստած է բոլորիս կյանքում: Հարկավոր էր թեման մատուցել այնպես, որ հետաքրքիր լինի... այդ ցավը՝ երկուսի պատմության միջոցով: Դրամատիկ դեր է, հիմքում՝ կորցրած ընտանիք»,- ասաց դերասանը:

Դե իսկ նրա որդու՝ Ալեքսանդրի համար առաջին բեմելն էր.«Այս ժանրում առաջին անգամ էի հանդես գալիս, լարվածություն կար, ինչը հաղթահարելի է: Ես միշտ սիրել եմ թատրոնը: Հայրիկի հետ աշխատելուն արդեն սովոր էի ու ներկայացումն էլ հեշտ տրվեց ինձ: Միշտ խորհրդակցում եմ նրա հետ, թե ինչը կարելի է ուղղել, ինչն է լավ ստացվում»:

Ներկայացման մեջ նաեւ զբաղված է Գրիգոր Գաբրիելյանը, բեմանկարիչն է Արեգ Միրիջանյանը:

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին