×


Ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը Բարրի Դուգլասի հետ եւ Թոփչյանի տարեդարձի նվերը

Բեթհովենյան համերգաշարը, որ այս տարի նախաձեռնել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ նվիրված գերմանացի կոմպոզիտորի 250-ամյակին, երեկ իր գլխավոր քայլերից մեկն արեց դեպի մեծ ու ավարտական համերգներ։ «Արամ Խաչատրյան» համերգասրահում նվագախմբի եւ հրավիրված հայ ու արտասահմանցի անվանի երաժիշտների կատարմամբ հնչեցին Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան եւ դաշնամուրի 5-րդ կոնցերտը։

Վերջինը հնչեց համերգի առաջին մասում, մենակատարն աշխարհահռչակ դաշնակահար Բարրի Դուգլասն էր (Հյուսիսային Իռլանդիա)։ Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Էդուարդ Թոփչյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշեց, որ արդեն երկրորդ անգամ է համագործակցում Դուգլասի հետ եւ կարծում է՝ նա չտեսնված երաժիշտ է.«Ինձ համար շատ կարեւոր է ամեն դետալը, մենք շատ լավ աշխատեցինք, շատ հաճելի էր։ Հանդիսատեսի արձագանքն էլ տեսաք՝ ինչպիսին էր»։ Բարրի Դուգլասը նույնպես ոգեւորված էր նվագախմբի հետ աշխատանքով եւ տպավորված էր հայ երաժշտասերների ջերմ ընդունելությունից։

Բարրի Դուգլասը


Մինչ համերգի սկսվելը, սակայն, հանդիսատեսին ներկայացվեց Ֆիլհարմոնիկ նվագախմբի նոր տարբերանշանը, որ խորհրդանշում էր վերաբրենդավորման սկիզբը։ Մեր զրույցում Էդուարդ Թոփչյանը պատմեց, որ դա երիտասարդ երգիչ Տիգրան Կահվեջյանի անսպասելի ու շատ հաճելի անակնկալն է եղել իրենց.«Մենք նրա հետ պարբերաբար համագործակցում ենք. մեր նվագախմբի ընկերն է։ Տիգրանը նաեւ շատ լավ դիզայներ է ու մի օր պարզապես որոշել է մեզ համար նոր տարբերանշան պատրաստել եւ ցույց տալ։ Այնքան սիրով ու գեղեցիկ էր արված, որ բոլորս սիրեցինք ու անմիջապես ընդունեցինք, մանավանդ որ մեր հինը չէինք սիրում (ժպտում է,- հեղ.)։ Այդպես, որոշեցինք փոխել տարբերանշանը եւ ընդհանուր առմամբ դրանով նվագախմբի վերաբրենդավորման սկիզբը դնել»։


Համերգի երկրորդ մասը ոչ պակաս սպասված էր, քանի որ երկար ժամանակ հետաձգվում էր կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Ի վերջո որոշվել էր անցկացնել, քանի որ համավարակը չի նահանջում, պայմանագրերով էլ հստակ ժամկետներ են նախանշված.«Ինչպես տեսնում ենք, քովիդը չի անցնում դժբախտաբար, այլ մոլեգնում է, բայց մենք պայմանագիր ունեինք Գերմանիայի դեսպանատան ու Եվրոպական Միության հետ, ավելի երկար սպասել չէինք կարող։ Այնպես որ, որոշեցինք այսօր սիմֆոնիան կատարել մեր բեթհովենասեր ունկնդրի համար»։ Թիվ 9 սիմֆոնիայի կատարմանը մասնակցում էր Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան)։ Մենակատարներն էին Ջուլիանա Գրիգորյանը (սոպրանո), Սոֆյա Թումանյանը (մեցցո սոպրանո), Տիգրան Հակոբյանը (տենոր) եւ Մաթիաս Հոֆմանը (բաս, Ավստրիա):


Համերգի ընթացքում անակնկալ էր նախատեսված նաեւ Էդուարդ Թոփչյանի համար։ Այս տարին նրա համար հոբելյանական է (լրանում է Թոփչյանի ծննդյան 50 եւ դիրիժորական գործունեության 30-ամյակը), ինչի առիթով Երեւանի ոսկերչական գործարանն անվանական ոսկեզօծ դիրիժորական փայտիկ էր պատրաստել նրա համար։ «Ես ամեն կերպ փորձեցի խուսափել ինչ-որ տարեդարձերից, ամյակներից, ամենայն անկեղծությամբ։ Նույնիսկ փախել եմ այդ օրերին, որ ոչ ոք չշնորհավորի, բայց չստացվեց։ Անչափ զգացված եմ, ամեն ինչի համար անսահման շնորհակալ եմ այս հրաշալի նվագախմբին, իմ ընկերներին, կարելի է ասել՝ իմ ընտանիքին։ Առաջին պատճառներից մեկը, որ ես երկար տարիներ այստեղ եմ, իմ կապվածությունն է այս բոլոր մարդկանց։ Առանց նրանց ոչինչ չէր ստացվի։ Շատ շնորհակալ եմ»,- իր խոսքում անկեղծացավ երաժիշտը։

Առաջիկայում ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգներ կունենա Իտալիայում եւ Չեխիայում, որից հետո կվերադառնա Հայաստան՝ համերգաշարերը շարունակելու։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին