×


Առեղծվածային խորհրդանիշեր եւ յուղաներկի հետ համադրված գրաֆիկա. բացվել է Էրիկ Գասպարյանի «Ժամանակի մեջ» ցուցահանդեսը

Մարդու պայքարը ժամանակի հետ ու ժամանակի մեջ. «Փյունիկ» զարգացման կենտրոնում (Բուզանդի 3) հոկտեմբերի 17-22-ը նկարիչ Էրիկ Գասպարյանի «Inside The Time» խորագրով ցուցահանդեսն է, որի բացմանը ներկա էր BRAVO.am-ը: Հեղինակը ներկայացրել է դասական գրաֆիկական արվեստը նորովի՝ գրաֆիկան համադրելով յուղաներկի հետ:

Էրիկի աշխատանքները ներկայացվել են Նկարիչների միության բազմաթիվ ցուցահանդեսների ժամանակ, բայց «Ժամանակի մեջը» նրա անհատական առաջին ցուցահանդեսն է, ներկայացված է 27 աշխատանք: Ինչպես ինքն է նշել՝ հիմա էր հասունացել պահը:


«Խորագիրը որոշվել է նկարների թեմաներից. բոլորը կապ ունեն մարդու կյանքի ու բնազդի հետ: Միշտ կշարունակվի մարդու պայքարը ժամանակի հետ ու ժամանակի մեջ, քանի որ դա այն հարթությունն է, որտեղ հին ու նոր չկա: Իմ նկարչական տեխնիկան ու նկարների կոնցեպտները հենց այդ միտքն են արտացոլում: Հին ու նորը միաձուլել եմ եւ փորձել ժամանակի խնդիրը լուծել: Կա երեք նկար քովիդի թեմայով. մարդիկ հիմա պետք է դրա հետ ապրել սովորեն, իսկ ես պատկերել եմ նրանց ապրումների դաշտը: Նկարներից մեկում պատկերված է, թե ինչպես է մարդու մարմինն ուզում ազատություն համավարակից»,- պատմել է  հեղինակը՝ հավելելով, որ այս ժանրն ամեն մարդու սրտին գուցե մոտ չէ, քանի որ հատկապես հիմա մարդիկ ցանկանում են շատ գույներ տեսնել:
 


Առաջին հայացքից կրոնական, բայց ուշադիր դիտորդի համար առեղծվածային խորհրդանիշերով լեցուն են նկարները.«Կան կրոնական սիմվոլներ ու շատ այլ թեմաներով եւս: Նկարներս նաեւ հավերժության եւ հավասարակշռության մասին են: Շատ եմ ուզում, որ գրաֆիկան Հայաստանում զարգացում ապրի, քանի որ այն յուրահատուկ ժանր է»:


Սեւ, սպիտակ ու ստվերաներկ, դե, իսկ սխալվելու կամ ուղղելու հավանականությունը՝    նվազագույն՝ ահա այսպիսին է գրաֆիկայի ժանրը, բայց հեղինակը նշում է՝ հենց այդ մինիմալության ու ճշգրտության համար էլ  այս ժանրն է սիրում.«Ավելի բարդ է, պահանջում է կատարյալ կոկիկություն, բացի այդ, կրկնօրինակելն է դժվար: Անգամ նույնատիպ նկարել հնարավոր չէ»:


Էրիկը սկսել է նկարել վեց տարեկանից: Սկզբում ուղղակի սիրողական, տարիների ընթացքում սկսել է լրջորեն մասնագիտանալ նկարչության ոլորտում՝ ավարտելով Գեղարվեստի ակադեմիան: Նրան հոգեհարազատ է հենց գրաֆիկայի ժանրը. մեկ տարի հենց այս բաժնում սովորելուց հետո փոխել է դիզայնի բաժին, բայց ստեղծագործական ճանապարհը հենց գրաֆիկայով է շարունակել:

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին