×


«Դժվար է հասկանալ՝ ով եմ ես». Հայկ Պետրոսյանը՝ երջանկության բանաձեւի, հեղինակային երգերի, հոր եւ այլ թեմաների մասին

Հանդիսատեսին իր երգերով ու ներկայացումներով մեծամասամբ բարձր տրամադրություն եւ դրական հույզեր հաղորդող երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը հոկտեմբերի 23-ին Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում հանդես կգա «Մի ձայն» խորագիրը կրող մենահամերգով, որի ընթացքում կներկայացնի հեղինակային նոր երգեր՝ լի տարաբնույթ ապրումներով ու մտքերով: BRAVO.am-ը հանդիպել է Հայկին, զրուցել հեղինակային նոր երգերի թեմաների ընտրության, կյանքի այս փուլում երջանկության բանաձեւի, ընկերության եւ շատ այլ հարցերի շուրջ:

- Դուք շատ տարբեր հեղինակային երգեր ունեք, «Մի ձայն» համերգային ծրագրում ինչպիսի՞ երգեր են ընդգրկված:

- Երգեր գրում եմ շատ վաղուց, երբ սովորել եմ կիթառ նվագել: Նույնիսկ կասեմ՝ 11 տարեկանում նվագել սովորեցի, որ երգեր գրեմ, քանի մեր դիմացի շենքի աղջիկներին էի սիրահարված ու մտածում էի, որ իրենց համար պետք է երգեր գրեմ: Հեղինակային շատ տարբեր երգեր ունեմ՝ կեսկատակ, կեսլուրջ, բայց  «Մի ձայն» խորագրի ներքո ներկայացվող երգերի մեծ մասը գրել եմ պատերազմից հետո: Տարբեր թեմաներ կան՝ կռված տղաներ, տխրություն, կյանքի փոփոխություններ, պայքար, մեր մասին, կին ու տղամարդ հարաբերությունների, հայրենիքի եւ ապրել շարունակելու մասին: Ներկայացման դեպքում հեշտ է ասել՝ ինչի մասին է, բայց երգերի դեպքում դժվար է: Առաջին երկու անգամը «Մի ձայնը» ներկայացրի միայնակ՝ կիթառի ուղեկցությամբ,  հետո երկու համերգ էլ իմ շատ սիրելի ու տաղանդավոր երաժիշտ ընկերների հետ՝ Կարեն Անանյան, Վարդան Շահինյան, Աշոտ Ոսկանյան, Լեւոն Կուչինյան, Վահե Դանիելյան, համերգներից մեկի ժամանակ էլ միացավ ֆլեյտահար Նարեկ Ավագյանը: Շատ երաժիշտներ են հավաքվել այս համերգի շուրջ: Երգեր կան, որոնք հոկտեմբերի 23-ին եւս միայնակ եմ ներկայացնելու, օրինակ՝ «Խրամատը», քանի որ խոսքերն են կարեւոր եւ շատ տեքստային երգ է:

- Հանդիսատեսը սովոր է Ձեզ տեսնել ուրախ եւ թեթեւ երգերով ու ներկայացումներով: Նրանք պատրա՞ստ են Ձեզ նաեւ տեսնել պատերազմի մասին երգելիս, բացահայտել Ձեր լուրջ ապրումները:

- Ինձ նաեւ սթենդ-ափերից են հիշում: Հեռուստաընկերությունները հաճախ կրկնում են 2016 թվականի մոնոլոգներս, որոնցից շատ ժամանակ է անցել, իրավիճակն է փոխվել, ու այն հանդիսատեսը, որը չգիտի, որ նոր չեն դրանք, չի ընկալի այդ հումորներս: Բայց մի հատկանշական բան ասեմ՝ վերջերս մարտական ընկերներիցս մեկի եղբոր որդու ծննդյան օրն էր, որն անմահացել է պատերազմի ժամանակ, նրա հիշատակի միջոցառմանը ներկա էին ընկերներ, որդեկորույս մայրեր, զինվորականներ, կռված տղերք, ընթացքում պատմվեց նրա կյանքի հետաքրքրիր դրվագները, պարզվեց՝ թաքուն բանաստեղծություններ է նաեւ գրել, մայրն ու հայրը խոսեցին, իսկ ես ներկայացրի իմ այս ծրագրից երեք երգ՝ «Ո՞ր սարերում, ո՞ր ձորերում», «Եռաբլուր գնացի» եւ «Խրամատ», գիտե՞ք՝ այդ պահին հասկացա, որ չնայած նրան, որ հայտնի եմ դարձել հումորային ներկայացումներով եւ մարդկանց ծիծաղ պարգեւելու համար, մեր կյանքն ու իրավիճակն այնպես է փոխվել, որ այսօր ես ելույթ եմ ունենում որդեկորույս մայրերի, պատերազմի մասնակից տղերքի առաջ… Էլի ունեմ ուրախ ու թեթեւ երգեր, բայց իմ կյանքում նոր հետպատերազմյան մի դաշտ է բացվել, մի շրջան է, որը ցանկացած գիտակից հայի մեջ կա:   

Հայկ Պետրոսյանը


- Դուք պատերազմի ժամանակ սահմանին էիք, իսկ հիմա որպես արվեստի մարդ՝ Ձեր վերաբերմունքն եք արտահայտում երգերի միջոցով: Մենք՝ յուրաքանչյուրս, ի՞նչ մարտահրավեր ունենք այս պահին որպես հայ:

- Իրականում շատ ծավալուն թեմա է, ամեն մարդ իր ոլորտում, իհարկե, պետք է գործի: Կան մարդիկ, որոնք ինձնից ավելի խոր ու քաղաքական գնահատական ու առաջարկ կարող էին անել, բայց ես կասեմ այսպես՝ ճիշտ ապրելը: Այն ընդգրկուն միտք է: Մարդիկ կարող են իրար շատ չսիրել, բայց այդ իրար չսիրողները ապրում են նույն վայրում, որն այս պահին վտանգված է, եւ ճիշտ ապրելով կարելի է պահել երկիրը՝ անգամ չսիրելով իրար:

- Ձեզ շատ են նմանեցնում Ձեր հորը՝ Վարդան Պետրոսյանին, այս հանգամանքը կայանալու հարցում անդրադարձ ունի՞:

- Փոքր ժամանակվանից հայրս ճիշտ հարաբերությունների հիմք է դրել մեր մեջ, որին հետո ես իմ ներդրումն ունեցա: Վերջերս հասկացա, որ շատ տարբեր եմ ներկայացել հանդիսատեսին, եւ ավելի շատ դա է խճճում նրանց, քան՝ հորս նման լինելը: Մարդիկ նայում են ինձ ու մտածում ՝ սթենդ-ափ անող Հայկն է, թե «Պոմիդորով ձվածեղ» երգողը,  «Կյանք ու կռվի» բժիշկն է, թե Ազնավուր երգողը, դե, հիմա էլ հեղինակային երգերով եմ հանդես գալիս… Մի կողմից տաղանդավոր մարդու տպավորություն եմ թողնում (ծիծաղում է,-հեղ.), բայց մյուս կողմից էլ դժվար է հասկանալ՝ ով եմ ես: Ինքս ինձ ավելի շատ երգիչ եմ զգում հիմա: Կուզեի, որ առաջին հերթին հիմա ինձ ճանաչեն հեղինակային երգերովս, հետո արդեն գային ներկայացումներս նայելու:

- Պատանեկության տարիներին մոտ հինգ տարի բնակվել եք Ֆրանսիայում: Չնայած այս հանգամանքին՝ Ձեր ինչպես բեմական, այնպես էլ առօրյա կերպարի մեջ բակային տղայի տեսակ կա: Համամի՞տ եք:

- Երբեք այս հարցը չէին տվել ու հետաքրքիր է: Ինձ շատ դուր կգա, եթե ինձ ասեն «բակի տղա»: Ես ծնվել ու մեծացել եմ բավական համբավ ունեցող Կոմիտասի  բակերից մեկում: Մանկությունս Արցախյան առաջին պատերազմի տարիներին էին, երբ բակային կյանքն ամենատարածված զբաղմունք էր, քանի որ չկար այն ամենն, ինչը կա հիմա: Մեր ամբողջ աշխարհը բակն էր, որտեղ ընկերանում էինք, վիճում, գաղափարներն էին գալիս ու գնում, ինչի մեջ մենք ձեւավորվում ու մեծանում էինք: Իրոք մի փուլ եկավ, որ արդեն մի քիչ շատ էի խորացել բակային կյանքի մեջ. ամբողջ օրս դրսում էր անցնում: Չնայած պետք է նշեմ, որ ընկերոջս հետ յոթերորդ դասարանում փախել էինք դասից ու գնացել թանգարան: Եթե շատ այդպես շարունակեի, ապա կյանքս գուցե այլ ընթացք ունենար: Հենց այդ ժամանակ գնացի Փարիզ սովորելու, փոխվեցի, նոր լեզու սովորեցի, նոր մշակույթի հետ ծանոթացա: Այդ հինգ տարիների արդյունքն է, որ սիրեցի ու սկսեցի երգել Ազնավուրի երգերը: Առաջին անգամ գնացի նրա համերգին այնտեղ, տարիներ հետո Երեւանում Ազնավուրը ներկա գտնվեց այն համերգին, երբ ես բեմում կատարում էի նրա երգը, շատ հետաքրքրիր պահ էր: Բակն ինձ շատ լավ ընկերներ է տվել, որոնք ամբողջ կյանքի գծով դառնում ու մնում են ընկերներ:

- Իսկ Դուք ինչպիսի՞ ընկեր եք, ովքե՞ր կարող են ընկերանալ Ձեզ հետ:

- Ինձ ուղեկցող հարց է, երկար եմ մտածել: Հիմա այս հարցը շատ ավելի սուր է դարձել, քանի որ  բակում հստակ գիտես՝ ով է ընկերդ, բայց համացանցային իրականության մեջ անհասկանալի է: Մենք փոքր ժամանակ խաղում ենք մեկի հետ, հետո կյանքի այս կամ այն փուլում կարեւոր բարոյական արժեքների շուրջ ձեւավորվում է նույն մոտեցումը եւ  ընկեր եք դառնում: Իսկ այսօր համացանցում բոլորն իրար ընկեր են, բայց ով է ում ընկերը, ով ում որ խնդիրը գիտի, ով է ում իսկապես ճանաչում: Մարդկանց հարաբերություններն այնքան փոխված ու աղճատված են: Նայում ես մարդու լուսանկարին համացանցում, որը լավն է, կարգին տպավորություն է թողնում, բայց կյանքում բավական անհաջող կերպար է: Զուգահեռ կա մեկը, որն անգամ նկար չունի, բայց նա սահմանին խրամատ է փորում ու շատ կարգին մարդ է: Մարդկային հարաբերությունների եւ ընկերության առումով էլ հեշտ ժամանակներ չեն, իսկ ես էլ ինչքան կարող եմ ընկեր եմ իմ ընկերներին:

Հայկ Պետրոսյանը


- Կողքից հանդարտ մարդու տպավորություն եք թողնում, արդյո՞ք այդպիսին եք:

- Իմ էությամբ բացարձակ հանդարտ չեմ, բայց ես իմ զգացմունքներով պոռթկում եմ երգելիս: Կան երգեր, որոնք կատարելիս ասես մի ամբողջ ներկայացում խաղացած լինեմ, այդքան շատ էներգիա եմ տալիս: Կան երգեր, որոնցում նյարդ կա, պայթյուն կա, բայց կյանքում փորձում եմ հանդարտ լինել: Մեր հասարակության մեջ շատ պարզ հարցերի շուրջ հունից դուրս են գալիս,  օրինակ՝ դիմակ դնելու համար իրար դանակահարում են, մեկը մահանում է, մյուսը՝ կործանվում: Դրա համար հարկավոր է մի քիչ հանդարտվել, շատ վտանգավոր ժամանակներ ենք ապրում:

- Եթե երգերում այնպիսի թեմաներ են, որոնք մենք միշտ հիշելու, լսելու ենք, ապա Ձեր մոնոներկայացներում շատ են տվյալ ժամանակին եւ իրադարձություններին բնորոշ հումորները: Սա ընդունվում է լավ, բայց հենց սրանով պայմանավորված կարճ կյանք կարող է ունենալ ներկայացումը։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս հարցին:

- Մտածել եմ այս մասին:  Սթենդ-ափը մարդու ուսումնասիրություններն ու աշխարհայացքն են: Դու նայում ես իրադարձությանը, հետո պատմում բեմում՝ ամենահասարակ պահերից մինչեւ հետաքրքիր թեմաներ: Քաղաքական թեմաների մասին պետք է այդ ժամանակ խոսել, զարկերակի վրա պետք է մնալ, բայց անցողիկ են: Շատ բացառիկ կատակներ կան, որ երկար մնում են մարդկանց մեջ: Վերջերս եկա այն մտքին, որ այդքան էլ ճիշտ չէ ստեղծել միայն տվյալ ժամանակից եկող հումորներով համեմված ներկայացում: Երբ արեցի հեղափոխության մասին «Ամեն ինչ լայվա լինելու» մոնոն, որտեղ ես քաղաքական տարր չէի դրել. կողքից պատմում էի կատարվածը, այն հաջողություն ունեցավ, բայց այնքան բան փոխվեց, այնքան բան հասկացանք ինքներս մեր, մյուսի, երկրի, քաղաքական դեմքերի ու ամեն ինչի մասին: Մարդը եթե ամբողջությամբ դատարկություն չէ, ապա պատերազմից հետո չէր կարող նրա մեջ ոչինչ չփոխվեր: Ես հիմա նոր ներկայացում եմ մտածել նոր կառուցվածքով, որ ես իմ ասելիքի համար անգամ հարյուր տարի անց էլ պատասխան կարողանամ տալ: Ներկայացման մասին մանրամասն կխոսեմ որոշ ժամանակ հետո: Իսկ երգերի առումով կարծես զգացմունքները մշտական են, մենք հավերժ պետք է հիշենք այն ամենն, ինչ կատարվեց, մենք իրավունք չունենք մոռանալու, դա կլինի անամոթություն: Երգերով էլ միշտ պահում եմ համաչափություն, քանի որ ես էլ եմ ապրում այդ երգերով, պետք է լինեն տարբեր զգացմունքներ: Մենահամերգի ընթացքում երգում եմ տարբեր բաների մասին, վերջում էլ երգում եմ «Վեմը», որը կյանքն ապրելու ու վեմի պես պինդ լինելու մասին է:

- Դուք միջազգայնագետ եւ պատմագետ եք մասնագիտությամբ, բայց խուսափում եք, երբ Ձեզ տվյալ ոլորտի մասնագետ են համարում։ Բեմում, ներկայացումներում օգնո՞ւմ է մասնագիտական կրթությունը։

- Սովորելու տարիներին տարված էի պատմությամբ, շատ էի սիրում քաղաքական, սոցիալական տաբեր գիտելիքներ ստանալ, կային լավ մասնագետներ, որոնց դասերին սիրով էի նստում: Ինձ պատմաբան կամ միջազգայնագետ չեմ համարում, բայց սիրում եմ կարդալ, փորձել վերլուծել: Այդ գծով չեմ շարունակի: Պետք է նվիրյալ լինես այդ գործի մեջ ու կյանքից ձեռք քաշած որոշակի առումով: Մարդ պետք է որոշակի ոլորտներում գիտելիքներ ունենա, համեմատություններ անելու հարթակ է տալիս գիտելիքը: Հատկապես մենք մեր պատմությունը շատ պետք է իմանանք: Ինքնությունը ջնջվող ժամանակներում ենք: Հետաքրքիր հեշթեգ կա՝  #ջնջվող, ներկայիս ժամանակներն է, կարծես ամեն ինչ ջնջվում է՝ սահմանները, մեր դեմքերը, անունները, պատմությունը… Հատկապես հիմա պետք է ծնողները իրենց երեխաներին դրդեն պատմություն սովորել ու իմանալ:

Հայկ Պետրոսյանը


- Ի՞նչ խորհուրդ է Ձեր հայրը տվել, որ ցանկացած քայլ անելիս հիշում եք:

- Շատ խորհուրդներ է տվել, մենք միշտ խոսում ենք տարբեր թեմաների շուրջ:  Բայց պապային կողքից ուղղակի նայելով՝ ավելի շատ բան եմ սովորել իրենից: Երբ  կյանքումս դժվար պահ է գալիս, երբ նաեւ հիշում եմ, թե պատերազմում ինչեր եղան, մեր կորցրած ընկերներին, երբ հետ եկանք ահավոր հիասթափություն ապրեցինք, հետո ընտրությունների խրախճանքը սկսվեց, հետո հայերի քեֆ-ուրախությունները, մեքենայով երգը բարձր միացրած մարդիկ սկսեցին ման գալ ասես չգիտեն, որ շատ տներում դժբախտություն եղավ: Ի՞նչ կամ ո՞ւմ են ցույց տալիս: Ամենքս մեր խնդիրներն ունենք նաեւ, ու երբ էլ չեմ կարողանում մեջս ուժ գտնել կյանքը սիրելու համար, հայրս է գալիս մտքիս, սկսում եմ խոսել մտովի իր հետ. կապ չունի՝ այդ պահին որտեղ է նա ֆիզիկապես: Սկսում եմ նորից սիրել կյանքը, հարազատներիս, կնոջս ու շարունակել ապրել:

- Դասավորվել է այնպես, որ Ձեր անձնական կյանքը մշտապես տարատեսակ քննարկումների էպիկենտրոնում է: Գիտեմ, որ հիմա ունեք կին, այս պահին Ձեր երջանկության բանաձեւը ո՞րն է:

- Բանաձեւն ինքն է՝ Անին:

Զրուցեց Արմինե Բրսոյանը
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին