×


Յուրօրինակ ջազ մշակումներից մինչեւ «Պինգվինաշեն»՝ Ստեփան Շաքարյանի հիշատակին նվիրված երեւանյան համերգին

Հայաստանի պետական ջազ նվագախմբի նախաձեռնությամբ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ եւս մեկ անգամ վերհիշելու, ինչո՞ւ չէ, նաեւ բացահայտելու հայկական մշակույթի ամենավառ ներկայացուցիչներից մեկի` կոմպոզիտոր, դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Ստեփան Շաքարյանի թողած երաժշտական հարստությունը: Հոկտեմբերի 21-ին Ճարտարապետների միության շենքում տեղի ունեցավ հատուկ համերգ՝ նվիրված Ստեփան Շաքարյանի հիշատակին:

«Արդեն երկու տարուց ավելի է, ինչ մեր սիրելի մաեստրոն դարձել է հավերժի ճամփորդ, լքել է մեր երկրային իրականությունը: Անմիջապես այդ կորստից հետո սրտի, հոգու պարտք էր, ցանկություն էր անդրադառնալ հիշատակի համերգով, կրկին վերագնահատել նրա գեղեցիկ եւ տաղանդավոր երաժշտությունը։ Ցավոք, տաբեր պատճառներով հետաձգվում էր, բայց հիմա որոշեցինք կյանքի կոչել։ Մեր նվագախումբը մաեստրոյի հետ շատ կապված էր։ Միասին ելույթներ ենք ունեցել, նշել ենք իր 80-ամյակը՝ հոբելյանական համերգով։ Շատ լավ բարեկամներ էինք, հոգու պարտք էր անպայման ունենալ այս նվիրումի համերգը ու սա հավակնություն չի ունենալ հենց լիարժեք հուշ-երեկո, որովհետեւ կարծում եմ՝ նրա ստեղծագործական կերպարն արժանի է շատ ավելի մեծ ընդգրկումով միջոցառման: Հուսամ, որ ապագայում կլինի նման միջոցառում, որում մենք անպայման կունենանք մեր մասնակցությունը»,- նշել է ջազ նվագախբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Արմեն Հյուսնունցը։


Շաքարյանը հիանալի կերպով ջազային շունչ է հաղորդել եւ յուրովի մշակմամբ ներկայացրել նաեւ հայկական ժողովրդական երգերը: Կոմպոզիտորին նվիրված երեկոյի ընթացքում հնչեցին նրա ջազային ստեղծագործությունները եւ մշակումները: Բնակաբար, ամբողջ ծավալով նրա ստեղծածը հնարավոր չէր մեկ երեկոյի ընթացքում հչեցնել: Շատերս նրան լսել ենք դեռ մանուկ հասակից, երբ դեռ ոտքերով խաչեր էինք դնում, գնում էինք, գնում. Շաքարյանը «Հայելի», «Անհաղթը» եւ «Պինգվինաշեն» մուլտֆիլմերի երաժշտության հեղինակն է: Համերգի ընթացքում որպես մեջբերում հնչեց նաեւ մանուկների այդքան սիրելի «Պինգվինաշենի» երաժշտությունը: Վերջինի մասին խոսելով՝ Հյուսնունցը նշել է.«Ինձ համար այդ երգն առավելագույն բնորոշում է իր անաղարտ, ջինջ, մանկան հոգին, որը նա իր կյանքի 80 եւ ավելի տարիների ընթացում կրեց»։


ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, կարեւորելով Ստեփան Շաքարյանի հիշատակը վառ պահելու հանգամանքը, նշել է.«Կարեւորում եմ, որ մաեստրոյի ստեղծագործությունները շատ լինեն մեր կյանքում, երաժշտական, կրթական հաստատություններում, լինեն մեր նվագախմբերի, ստեղծագործական խմբերի նվագացանկում: Նա այն կոմպոզիտորներից է, որի ստեղծագործությունները բոլոր ժամանակներում հնչել ու հնչելու են շատ երկար: Շատ եմ սիրում նրա ջազային մշակումները. ջազը հանդարտության ու դրական տրամադրության մթնոլորտ է ստեղծում, որի կարիքը հասարակությունը հիմա շատ ունի»:


Արմեն Հյուսնունցը, հիշելով մաեստրոյի հետ զրույցները, պատմեց, որ ամենակարեւոր գաղափարը, որ Շաքարյանի կյանքի ու ստեղծագործական ժառանգության մեջ վառ արտահայտված է, համամարդկային, համաշխարհային, ջազային մշակույթի մեջ հայի ինքնությունը պահելն է:

Լինելով հայկական ջազի հիմնադրման ակունքներում՝ Շաքարյանը ստեղծել է ավելի քան 100 ջազային կոմպոզիցիաներ, որոնք ներգրավված են հայկական տարբեր ջազային խմբերի նվագացանկերում։ Նրա թողած երաժշտական ժառանգությունը մեծ է ու կարեւոր: «Բինգյոլից մինչեւ Կանզաս սիթի» ստեղծագործությունը դարձել է հայկական ջազի ստանդարտ:

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին