×


Հայտնի մարդկանց անհայտ հարազատները. Լեգրանների հայկական արմատները՝ Արաբկիրից մինչեւ Երեւան

Գեղամ Լեգրան. հեռախոսիս մեջ զրուցակցիս համարը հենց այդ ազգանունով եմ գրանցել, թեեւ անձնագրով նա Տեր-Միքայելյան է։ Այսպես ես միշտ կհիշեմ, որ Գեղամ Տեր-Միքայելյանը ֆրանսիացի հայտնի կոմպոզիտոր, երաժիշտ, երգիչ, «Օսկարի» եւ «Գրեմմիի» մրցանակակիր Միշել Լեգրանի ազգականն է։ Լեգրանների հետ պատմությունների մանրամասները բաց չթողնելու համար զրուցակիցս հանդիպման է եկել ընտանեկան լուսանկարներով ու տոհմածառի գրքույկով։

83-րդ էջի ազգականները

«Սա կարծես մեր տան Աստվածաշունչը լինի»,-ասում է Գեղամ Տեր-Միքայելյանը եւ բացում «Արաբկիրի Տէր Միքայէլեան գերդաստանը» գրքույկը, որի հեղինակը հայրն է՝ Նուբար Տեր-Միքայելյանը։ Աշխարհի 80 երկրում ապրող մոտ 200 ազգականներն իրար գտնելու համար հաճախ հենց այս գրքույկի օգնությանն են դիմում։


«Մի քանի անգամ զանգել են, թե իրենք էս մարդիկ են, էստեղից։ Երբ ասում ենք՝ չգիտենք, հիշեցնում են՝ «Գիրքը բացեք, մենք 83-րդ էջի ձեր ազգականներն ենք»։ Բացում, սկսում ենք կարդալ»,-ժպտում է զրուցակիցս։

Գրքում կա նաեւ Միշել Լեգրանի մոր՝ Մարսել Տեր-Միքայելյանի հարսանեկան լուսանկարը։ Մարսելը Միքայել քահանայի ինը զավակներից կրտսեր որդու՝ Պողոսի թոռնուհին է։ Գեղամի հայրն էլ՝ Նուբարը, Պողոսի եղբոր՝ Մկրտիչի թոռն է։ «Փաստորեն, Մարսելն ու հայրս երկու եղբոր թոռներ են, ես ու Միշել Լեգրանն էլ՝ երկու եղբոր ծոռներ»,-տոհմածառի նկարագրությունը սկսում է զրուցակիցս։


Թե ինչպես են Տեր Միքայելի սերունդները հայտնվել օտար ափերում, դժվար չէ կռահել։ 1896 թվականի համիդյան ջարդերի ժամանակ գերդաստանի մեծ մասը կոտորվում է։ Ովքեր կարողանում են փրկվել, հասնում են Կոստանդնուպոլիս։ Պողոս Տեր-Միքայելյանի ճյուղը հաստատվում է Ֆրանսիայում, Մկրտիչի որդին՝ Գեղամը, մեկնում է Եգիպտոս։

«Քրիստիանը շատ ջիգյարով էր, իսկ Միշելը սառը մարդ էր»

«Սա 1986-ի դեկտեմբերն է. օդանավակայանում իրենց ենք դիմավորում։ Հորաքույրս է, հայրս է, Միշել Լեգրանն է, Քրիստիանը՝ քույրը, Միշելի, այսպես ասած, հերթական կինն է, հորաքրոջս աղջիկն է, սա էլ իրենց կոնֆերանսիեն է». առաջին համատեղ լուսանկարի պատմությունն է։


Բայց սա Տեր Միքայել քահանայի սերունդների առաջին հանդիպումը չէր։ Մինչ այդ նրանք հանդիպել էին Ֆրանսիայում՝ 1985 թվականին։ Նուբար Տեր-Միքայելյանը մեկնում է Ֆրանսիա եւ գտնում Լեգրաններին։

«Նամակագրություն մինչ այդ կար, բայց չէին հանդիպել։ Հայրս ասում է՝ շատ լավ, զգացմունքային հանդիպում է եղել։ Լեգրաններն այնքան բան չգիտեին իրենց նախնիների մասին, իսկ պապաս մասնագիտությամբ պատմաբան էր, Միքայելյանների մասին այս գիրքն էլ իր հետ տարել էր։ Շատ ոգեւորվում են եւ որոշում հաջորդ տարի գալ Հայաստան՝ ե՛ւ համերգների, ե՛ւ մեզ տեսնելու։ Բայց Խորհրդային Միությունը թույլ չի տվել  միանգամից Երեւան գալ։ Մոսկվան պայման է դրել, որ 10 օր համերգ տան Մոսկվայում, հետո Լենինգրադում, հետո գան Երեւան»,-պատմում է Գեղամ Տեր-Միքայելյանը։


Լեգրանների հետ հետագա հանդիպումների վավերագրերը լուսանկարներն են․ ահա այս մեկում Գեղամի հայրը՝ Նուբար Տեր-Միքայելյանն է, ինչ-որ անակնկալ է անում Լեգրանների համար, մյուսում ինքն ու Քրիստիանն են։

«Քրիստիանը շատ ջիգյարով, հայրենասեր հայ էր։ Մայրական վերաբերմունք ուներ մեր նկատմամբ։ Հայերեն հատուկենտ բառեր գիտեր, բայց հենց գալիս էր, անմիջապես զանգահարում էր հյուրանոցից։ Գնում էինք հորաքրոջս տուն։ Իրենք ֆրանսերեն էին խոսում, մենք էլ ջահելներով հիանում էինք իրենցով։ Քրիստիանը մեր տուն գալիս էր, բայց Միշելն ասում էր՝ հոգնած է, պիտի պառկի, համերգ ունի. շատ զբաղված էր։ Մի քիչ սառը մարդ էր»,-իր հայտնի ազգականներին այդպես է բնութագրում զրուցակիցս։


Ի դեպ, քույր եւ եղբայր Լեգրանները հաճախ էին համագործակցում։ Երգչուհի Քրիստիանը նաեւ եղբոր անսամբլում էր ընդգրկված։ Հենց նրա կատարմամբ է հնչում Միշել Լեգրանի ստեղծագործություններից ամենահայտնի՝ «Շերբուրգյան հովանոցներ» մյուզիքլի գլխավոր հերոսուհի Էմերիի դերերգը։

Լեգրանը ծանոթացնում է Ազնավուրի հետ

Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի՝ 2006 թվականի պետական այցի ժամանակ Հայաստան էին եկել նաեւ Շառլ Ազնավուրն ու Լեգրանները։ Այդ ժամանակ Գեղամին հաջողվեց ոչ միայն տեսնել հայտնի ազգականներին, այլ նաեւ ծանոթանալ հայտնի մեկ այլ հայի հետ․«Քրիստիանն ինձ հարցրեց՝ ուզում եմ ծանոթանալ Շառլ Ազնավուրի հետ։ Ասացի՝ ո՞ր հայը չի ուզում։ Կլոր, մեծ սեղան էր, նախաճաշում էր Շառլը։ Այդ տարիքին վեր կացավ, կանգնեց, որպեսզի տեսնի, թե Քրիստիանն ում հետ է գալիս։

Ես Ազնավուրի հետ մի անգամ էլ 1989-ին էի ծանոթացել, երբ երկրաշարժից հետո եկել էր Հայաստան, մենք գնացել էինք դիմավորելու։ Փորձեցի հիշեցնել, բայց նա անկեղծորեն ասաց, որ չի հիշում։ Հետո հարցրեց՝ ֆրանսերեն գիտեմ, ասացի՝ շատ քիչ։ Շառլը կատակեց, ես էլ չիմացա՝ ինչ ասեմ, ծիծաղեցինք։ Իմ կյանքի լավագույն օրերից մեկն էր»։

Գեղամ Տեր-Միքայելյանը


Քրիստիանից հետո բարեկամական թելը կտրվում է

Քրիստիանը Հայաստանում ապրող ազգականների հետ մշտական կապի մեջ էր՝ հեռախոսազանգեր, նամակներ, նվերներ։ Նրա մահով, ըստ էության, ավարտվեց նաեւ բարեկամությունը, թեեւ եղբայրը՝ Միշելը, մահացավ ավելի ուշ՝ 2019-ին։ Միշել Լեգրանն ունի երեք տղա, որոնց հետ կապ չունեն հայաստանաբնակ ազգականները։ «Իրենք եւս երաժիշտներ են, էլի շատ զբաղված մարդիկ են»,-նշում է զրուցակիցս։

Գեղամի համար Քրիստիանի հետ կապված ջերմ հիշողություններից մեկն էլ նրա խորհուրդն է․«Քրիստիանը մեր տանը տղայիս լսեց, ասաց, որ երաժշտական լսողություն ունի։ Մենք էլ իր խորհրդով երաժշտական դպրոց տվեցինք»։

Հետաքրքրական է, որ Լեգրաններն իրենց երաժշտական ունակությունները մայրական կողմից են ժառանգել։ Արտյոմ Երկանյանի «Աշխարհի հայերը» հաղորդման ժամանակ Միշելը Լեգրանը պատմել է, որ պապը՝ Սարգիս Տեր-Միքայելյանը, հրաշալի սազ էր նվագում։

Գեղամ Տեր-Միքայելյանն ասում է, որ պրոֆեսիոնալ երաժիշտներ չկան իրենց մեջ։ Ինքը կիթառ էր նվագում ուսանողական տարիներին, բայց շարժումը, պատերազմը փոթորկի պես կարծես ամեն ինչ իրենց հետ տարան։


Միքայել քահանայի ժառանգը՝ Մայր Աթոռում քարտուղար

Արաբկիրցի Տեր Միքայել քահանայի՝ Հայաստան հասած սերունդները հոգեւորական չդարձան, սակայն հետաքրքիր զուգադիպությամբ եկեղեցուց շատ չհեռացան։ Գեղամ Տեր-Միքայելյանի հայրը՝ Նուբար Տեր-Միքայելյանն, աշխատել է Մայր Աթոռում, եղել է Գեւորգ Զ Չորեքչյան, Վազգեն Առաջին, Գարեգին Առաջին կաթողիկոսների քարտուղարը, թարգմանիչը։

Կահիրեի ամերիկյան համալսարանի շրջանավարտ Նուբար Տեր-Միքայելյանը 1948 թվականին ընկերների հետ վերադառնում է Հայաստան՝ հայրենիքը շենացնելու խոստումով։ Մեկ տարի անց, սակայն, նրանցից շատերը դառնում են ստալինյան ճնշումների զոհ։

«Հորս փրկել է Գեւորգ Չորեքչյան կաթողիկոսը, որովհետեւ հայրս իմացել է լատիներեն, ֆրանսերեն, անգլերեն։ Իր մոտ է պահել, այդպես է փրկել»,-նշում է Գեղամը Տեր-Միքայելյանը։ Մասնագիտությամբ եգիպտագետ, պատմաբան Նուբար Տեր-Միքայելյանը զուգահեռաբար նաեւ զբաղվում էր գիտությամբ, հոդվածներ գրում Հայկական սովետական հանրագիտարանի համար։ Գեղամ Տեր-Միքայելյանը պատմում է, որ իրենց տանը մի անգամ հյուրընկալել են նաեւ Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն․«Հորս եգիպտական հավաքածուն տեսնելու համար էր եկել: Հայրս Խորհրդային Միությունում համարվում էր հայտնի եգիպտոլոգ»։

Գեղամ Տեր-Միքայելյանը


Իրենք՝ որդիները, չընտրեցին հոր ճանապարհը։ Գեղամն ավարտել է Պոլիտեխնիկական ինստիտուտի ինժեներաշինարարական ֆակուլտետը, զբաղվել քաղաքական գործունեությամբ, աշխատել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի աշխատակազմում, իսկ կրտսեր եղբայրը՝ Արշավիրը, 1990-ականներին եղել է ոստիկանության 6-րդ վարչության պետը։

Անահիտ Փիլոսյան
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին