×


Զագս ֆուտբոլի դաշտում եւ մեղրամիս Զանզիբարում. Արմինեի ու Վահեի հարսանիքի տպավորիչ պահերը

Հոկտեմբերի 8-ը հիշարժան ու անմոռանալի օր է դարձել ռադիոհաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի եւ ընտրյալի՝ շոումեն, սցենարիստ Վահե Խաչատրյանի համար. տեղի է ունեցել նրանց երկար սպասված հարսանեկան արարողությունը: Արմինեն BRAVO.am-ին տրամադրել է չհրապարակված լուսանկարներ, մանրամասներ է պատմել հարսանիքից եւ Զանզիբարում անցկացրած մեղրամսից:

«Մի քիչ ուշացած հարսանիք էր այն առումով, որ մենք ամռանն էինք պլանավորել, քանի որ բացօթյա պետք է լիներ: Մեր ծրագրերն ու սպասումներն ի չիք դարձան, քանի որ տան կառուցման ու վերանորոգման աշխատանքներն անընդհատ ձգձգվում էին, իսկ մենք ուզում էինք ամուսնությունից անմիջապես հետո մեր տանն ապրել: Մտածեցինք, որ Հայաստանում աշունը եւս վատ չէ: Հայկական ավանդական տնից տուն գնալու  ժամանակահատվածը նախընտրեցինք տրամադրել լուսանկարահանմանը Երեւանի սիրելի փողոցներում, սրճարաններում՝ մարդկանց սովորական առօրյայի մեջ: Հետո գնացինք Սաղմոսավանք, քանի որ Երեւանին հասանելի հեռավորության վրա գտնվող ամենաշքեղ հարակից բնություն ունեցող եկեղեցին է, հատկապես հոգեւոր ուժեղ էներգետիկա կա այնտեղ»,-պատմել է նա:


Չնայած, որ հարսանիքը նախատեսվածից ուշ է իրականություն դարձել, զույգը շատ ժամանակ չի ունեցել պատրաստվելու, եւ անգամ հարսի զգեստ ընտրելու պատասխանատու գործը վերջին օրերին է եղել: Արմինեն երկու զգեստ է կրել՝ մեկն էլեգանտ, մյուսն՝ ավանդական:

«Նախորդող ամիսներին երկուսս էլ անբացատրելի զբաղված էինք ե՛ւ աշխատանքային առումով, ե՛ւ նոր նախագծերի, ե՛ւ դե, տան հարցերով: Հենց այդ ընթացքում նաեւ աշխատանքային շատ լուրջ փոփոխություններ արեցի. «Ճամպրուկս ու ես» նոր նախագիծը սկսվեց «Շանթ»-ով, ինչպես նաեւ «M.A.M» կրթական շարժման մարքեթինգի ղեկավարը դարձա: Շաբաթ ու կիրակի օրերն էինք փորձում տրամադրել հարսանիքի նախապատրաստական աշխատանքներին: Շատ գործեր կազմակերպվեցին վերջին մեկ շաբաթվա ընթացքում: Ունեի չորս հարսնաքույր՝ իմ ամենամտերիմ ընկերուհիները եւ քույրերս, նրանց զգեստներն ու իմ երկրորդ զգեստն ավելի ավանդական էին: Այդ շորս եթերային էր փերիի զգեստի նման»,- նշել է Արմինեն:


Վահեն նախապես չէր տեսել հարսանյաց զգեստները, բայց հետո խոստովանել է՝ հավանել է առաջինը: Զույգի զագսի արարողությունն իրականացվել է շատ անսովոր ու հետաքրքիր վայրում՝ ֆուտբոլի դաշտում: Նման որոշում կայացնելու հարցում նրանք հաշվի են առել Վահեի մասնագիտական կապը ֆուտբոլի հետ: Օրվա շարունակությունը զույգը ընկերների եւ հարազատների հետ նշել է ռեստորաններից մեկում: Արմինեն կարեւորեց՝ չի եղել շատ տիպիկ ռեստորանային մթնոլորտ.


«Փորձել ենք խուսափել ծանր զարդարանքներից, երկարաշունչ կենացներից: Վահեն որպես հանդիսավար շատ տարբեր հարսանիքների է ներկա լինում, եւ մենք ուզում էինք տարբերվել՝ ավելի թեթեւ մթնոլորտ ստեղծելով: Անկախ նրանից որ Վահեյի ընկերների մեծ մասը շոումեններ են և հաղորդավարներ մեր հարսանիքը վարեց Վահեի հարազատ եղբայրը` հայտնի և սիրված հանդիսավար, հաղորդավար Վարդան Խաչատրյանը, բայց մենք էլ անմասն չենք մնացել. չէինք կարող լինել անձայն ու լուռ հարս ու փեսա: Ստանձնել էինք բարձր տրամադրություն ապահովելու, հյուրերին իրար հետ ծանոթացնելու պատասխանատվությունը: Եթե մի տեղ կա խոսափող, ապա մենք չենք կարող լռել: Հումորներ էինք անում, հետո լսեցինք շատ կարծիքներ, որ մարդկանց այդ անմիջական մթնոլորտը դուր էր եկել: Երկուսս անվերջ ուրախ էինք, շատ բարձր տրամադրությամբ, ինչը զգացվում է լուսանկարներից, ինչը կվկայեն նաեւ հյուրերը: Մեր օրը շատ տարբեր ու հետաքրքիր զգացողություններով լի էր, գրաֆիկը խիտ էր, բայց ամեն ինչ սահուն հասցրինք առանց ուշացումների, հանգիստ, սիրուն, առանց հարսանեկան վեճերի: Միակ խնդիրն այն էր, որ մեր հյուրերն ալկոհոլ շատ քիչ էին խմում, շատ սթափ հարսանիք էր այս առումով»:


Ընդամենը երեք օրում որոշել են ճամփորդությանն ուղղությունն ու մեկնել Զանզիբար. «Ընտրության մեծ հնարավորություն չկար՝ որոշ տեղեր փակ էին՝ համավարակով պայմանավորված, որոշ երկրներ չէինք ուզում գնալ: Կամ պետք է գնայինք Մալդիվյան կղզիներ կամ Զանզիբար: Վահեն որոշեց երկրորդը՝ ասելով, որ բոլորը գնում են Մալդիվներ: Իհարկե, ես չգիտեմ՝ ո՞ր բոլորն էին գնացել»,- ծիծաղով նշեց Արմինեն՝ հավելելով, որ հիանալի որոշում էր. ծովի գույնն ու տեղանքի հանգստությունը կատարյալ էին:

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Արմինե Ճաղարյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին