×


Սիգարի արքան, Բոչելլին, Գիլանն ու Հարությունյան եղբայրները

Նրա նկարների մեղեդիներն ուրվագծվեցին տասը տարեկանում։ Հենց այդ ժամանակ Միքայել Հարությունյանը դադարեց զբաղվել երաժշտությամբ ու միանգամից ներխուժեց գեղանկարչության աշխարհ։ 23-ամյա նկարիչն ավարտել է Գեղարվեստի ակադեմիան։ Ունեցել է 4 անհատական ցուցահանդես։ Նրա աշխատանքներն այսօր սփռված են աշխարհով մեկ՝  Իսրայելի Քնեսեթից մինչեւ Վենետիկի Մխիթարյան միաբանություն։

Ճանապարհ դեպի հին աշխարհամաս

Ամիսներ առաջ պատահաբար իմացա ֆիգուրատիվ նկարչության միջազգային ամենահեղինակավոր մրցույթի մասին։ Բարսելոնայում անցկացվող «Figurativas - 2021»-ին ներկայացրի Գաբրիել Փանոսյանի դիմանկարը, եւ ժյուրին աշխատանքս ընդգրկեց լավագույնների շարքում, որոնք այսօր ցուցադրվում են Բարսելոնայի Ժամանակակից արվեստի եվրոպական թանգարանում (MEAM of Barcelona)։

Գաբրիել Փանոսյանի դիմանկարը


Այդ նույն կտավը երկու տարի առաջ մասնակցել է միջազգային մեկ այլ մրցույթի Լոնդոնում։ «BP Portrait Award»-ը դիմանկարի ամենահեղինակավոր մրցույթն է ամբողջ աշխարհում։ Այդ տարի մրցույթին մասնակցում էր 2538 աշխատանք՝ 84 երկրից։ Փանոսյանի դիմանկարը մի քանի փուլ հաղթահարեց ու հայտնվեց լավագույն հարյուրյակում։ Ինձ հրավիրեցին Լոնդոն, բայց չկարողացա մեկնել. մուտքի արտոնագրին վերաբերող հարցերն այդպես էլ չկարողացանք կարգավորել։

Շոյգուի անհատական հավաքածուի նկարը

Առաջին խոշոր գործարքս 12 տարեկանում էր։ Գերմանիայից ամուսիններ եկան ու միանգամից մի քանի նկար գնեցին։ Որոշել էին ընդամենը մեկն առնել, բայց աշխատանքները տեսնելով, մտափոխվեցին։ Մի քանի հարյուր եվրոյով գնեցին տասը կտավ։ Դրանից հետո սկսեցի ավելի հաճախ անել պատվերով գործեր։

Միքայել Հարությունյանը


Նկարել եմ Ռուսաստանի պաշտպանության նախարարին։ Շոյգուի ընկերները որոշել էին, որ նրա դիմանկարը հենց ես պիտի վրձնեմ։ Աշխատանքը հիմա Սերգեյ Շոյգուի անհատական հավաքածուում է։ Մի աշխատանք էլ Պուտինին եմ նվիրել։ Շատ ոգեւորվեցի, երբ Ռուսաստանի նախագահը 2015-ին չգնաց Թուրքիա՝ Գալիպոլիի 100-ամյակի միջոցառումներին մասնակցելու, այլ եկավ Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու։ Մեծ հայրենականի հաղթանակին նվիրված մի գեղանկար արեցի ու տարա Ռուսաստանի դեսպանատուն։ Մի քանի օր անց իմացանք, որ նկարը հայտնվել է Ելցինի անվան նախագահական թանգարանում։

Ադրբեջանցիները հայատառ ստորագրությունը չէին նկատել

Ադրբեջանամետ մի հրեա բարձրաստիճան պաշտոնյա Հոլոքոստի անցած տարելիցին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել ու տեղադրել էր իմ աշխատանքներից մեկը։ Գրառումը տարածել էին բազմաթիվ ադրբեջանցիներ, նկարի վրայի հայատառ ստորագրությունս նրանք չէին նկատել։ «Կոտրված մանկություն» կտավն այսօր դարձել է Հոլոքոստի խորհրդանիշներից մեկը։ Հոլոքոստի 75-րդ տարելիցին Մոսկվայում անցկացվող «Հոլոքոստ. հիշեցում եւ նախազգուշացում» միջազգային մրցույթի ժամանակ այն ստացավ 1-ին մրցանակը։

«Կոտրված մանկություն» կտավը


Մոսկվայի՝ Հոլոքոստին նվիրված թանգարանն ու բազմաթիվ կոլեկցիոներներ ցանկացել են այդ նկարն ունենալ, բայց ես բոլորին մերժել եմ։ «Կոտրված մանկությունը» նվիրել եմ Հայաստանի հրեական համայնքին եւ համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանին։

Ավո Ուվեզյանի անսպասելի զանգն ու նվերը

Մի օր ուշ երեկոյան հեռախոսազանգ ստացանք։ Հայրս պատասխանեց։ Ինչ-որ մեկը ոչ վարժ հայերենով ասել էր՝ «Մայքլին գուզեմ, Մայքլին գուզեմ»։ Հայրս մտածել էր՝ ընկերներս են, կատակում են։ Հեռախոսը վերցրի ու զարմանքից քարացա։ Ասաց՝ Ավո Ուվեզյանն է, տեսել է որդու դիմանկարը, որ ես եմ նկարել, ու շատ է հավանել։ Փափագում է, որ իրեն էլ նկարեմ։ Ուրախությամբ համաձայնեցի։

Միքայել Հարությունյանը


Երբ աշխատանքը հասել էր ԱՄՆ, Ուվեզյանը շատ էր ուրախացել։ Զանգեց, ասաց՝ գալու է Հայաստան, կգա ինձ հյուր, կօգնի ինչով կարող է. հանկարծ էլ նկար չվաճառեմ։ Բայց մեր հանդիպումն այդպես էլ չկայացավ։ Ուվեզյանն արդեն վատառողջ էր։ Որոշ ժամանակ անց մահացավ։ Բայց իրենից նվեր ունեմ. իր սիգարներն են՝ հենց իր ստորագրությամբ: Իսկ որդուն՝ Ռոնիին, նկարել եմ 15 տարեկանում։ Ռոնին աշխատանքը շատ էր հավանել։ Հոր մահից հետո նոր սիգար ստեղծեց՝ «Man in The Hat». իմ աշխատանքը հայտնվեց այդ սիգարի տուփի վրա։


Անհայտ զինվորից՝ գեներալ

Երկրորդ անհատական ցուցահանդեսիս ժամանակ ներկայացրել էի Շուշիի ազատագրմանը նվիրված մի գեղանկար, որ նկարել էի 13 տարեկանում: Պատկերել էի զինվորականի, որն իր շուրջը հավաքված երեխաներին ցույց էր տալիս ազատագրված բերդաքաղաքը։ Ցուցահանդեսի բացման նախօրեին ինձ տեղեկացրին, որ ցուցահանդեսին գալու է նաեւ Կոմանդոսը։ Հենց այդ պահին էլ որոշեցի նկարը վերաձեւել։ Վրձինը վերցրի ու մի քանի րոպեում անհայտ զինվորից ստացա գեներալի կերպարը։ Ցուցահանդեսի օրը Կոմանդոսը ներս մտավ ու աստիճանները բարձրանալիս նկարը տեսնելով ուրախ ասաց՝ «Վա՜յ, ես եմ»։ Այդ աշխատանքը նվիրեցի գեներալին։

Հարությունյան եղբայրները` Կոմանդոսի հետ


Ուրախ Կոմիտասն ու Հայոց եկեղեցին

Իմ կյանքում առանձնահատուկ տեղ ունի եկեղեցին։ Ամեն ինչ սկսվեց, երբ նկարեցի Վեհափառ Հայրապետի դիմանկարը։ Այն շատ դուր եկավ Հայոց հայրապետին, ու նա մի քանի աշխատանք էլ պատվիրեց։ Դրան հաջորդեց իմ ամենահայտնի գործը. եկեղեցու առաջարկով վրձնեցի Կոմիտաս վարդապետին։ Այդ աշխատանքն ինձ համար առանձնահատուկ է։ Այն ստեղծել եմ «Կաքավիկ» երգի մոտիվներով. վարդապետը նստած է դաշտում, ձեռքում՝ կաքավիկը։ Սա այն քիչ գործերից է, որտեղ Կոմիտասը ներկայացված է ուրախ։ Վարդապետին սովորաբար պատկերում են տխուր, խելագարված, բայց մինչեւ Ցեղասպանությունը նա եղել է կենսուրախ ու կատակասեր մարդ։ Որոշեցի հայ արվեստում թողնել ուրախ Կոմիտաս։

«Վարդապետը» կտավը


«Վարդապետը» կտավը հայտնվեց Մայր Աթոռի գանձատանը։ Ու ես հանձն առա մեկ այլ կարեւոր գործ. պետք է պատկերեի բոլոր այն կաթողիկոսներին, որոնց պատկերը պահպանվել էր թեկուզ գեղանկարներում։ Հայոց 14 կաթողիկոսների դիմանկարներն այսօր զարդարում են Վեհարանի պատերը։

«Տիրամայրը» կտավը


Եղվարդի Սուրբ Սարգիս ու Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցիների խորանների սրբապատկերների հեղինակն էլ եմ ես։ Օրեր առաջ էլ ավարտել եմ մեկ այլ սրբապատկեր. շուտով այն կհայտնվի Մոնրեալի հայկական Սուրբ Խաչ եկեղեցու խորանին։

Երիտասարդ նկարիչ Միքայելն այս պահին ամենաշատն արվեստանոցի կարիք է զգում։ Նկարում է հյուրասենյակում։ Եղբոր հետ այն բաժանել են երկու մասի։ Սենյակի մյուս հատվածն էլ Նորայրի աշխատասենյակն է։ Միքայելի ավագ եղբայրը կոմպոզիտոր է։ Նորայր Հարությունյանի գրած սիմֆոնիաները հնչում են աշխարհի ամենատարբեր բեմերում։ 25-ամյա կոմպոզիտորը ստեղծել է երաժշտական մի քանի հարմոնիկ համակարգ։

Միքայել եւ Նորայր Հարությունյանները


Սեր սեւ ու սպիտակ ստեղնաշարի հանդեպ

Դեպի երաժշտության աշխարհ ինձ համար ճանապարհ բացեց մեր հարեւանը՝ Սարգիս Քարտիկյանը։ Նրա շնորհիվ տարվեցի երաժշտությամբ ու մեկուկես ամսում սովորեցի լավ դաշնամուր նվագել։ Հիշում եմ՝ մի օր մայրս սուրճ էր խմում ու հեռուստացույցով լսում էր Լուսնի սոնատը։ Ասաց՝ «Վա՜յ, Նորայր ջան, երանի մի օր դու էլ սոնատն այսպես լավ նվագես»։ Մորս խոսքերն ինձ համար դարձան «իդեաֆիքս»։ Մի քանի օրում ինքնուրույն սովորեցի Լուսնի սոնատը։ Երբ մասնագետները լսեցին, թե այդ տարիքում ինչպես եմ նվագում, ապշեցին։ Արդեն 13 տարեկանում կարողանում էի նվագել տարբեր տոնայնություններով։ Երաժշտություն էի գրում ու ինքս էլ գործիքավորում էի։

Մտերմություն Ստեփան Շաքարյանի հետ

Խորհուրդ հարցնելու նպատակով տարիներ առաջ դիմեցինք Ռոբերտ Ամիրխանյանին։ Այդ ժամանակ նա Կոմպոզիտորների միության նախագահն էր։ Երկու գործ նվագեցի, մաեստրոն լսեց ու ասաց՝ զբաղվեմ ակադեմիական երաժշտությամբ։ Հենց նրա հորդոր-խորհուրդն ինձ համար դարձավ վճռորոշ։ Բայց երաժշտական աշխարհի գաղտնիքները սկսել եմ բացահայտել կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանի օգնությամբ։ Երբ առաջին անգամ վարպետը լսեց ինձ, շատ ոգեւորվեց, ասաց վաղը սպասում է ինձ, միասին կաշխատենք։ Ու այդ պահից սկսվեց մեր մտերմությունը։ Մաեստրոն դարձավ մեր ընտանիքի բարեկամը, խորհրդատուն ու հարազատը։  

Նորայր Հարությունյանը


Նամակ Բոչելլիից

Զարմիկս՝ Միքայել Օհանջանյանը, Իտալիայում հայտնի քանդակագործ է։ Մի օր միջոցառումներից մեկի ժամանակ հանդիպել է Անդրեա Բոչելլիին ու նրան պատմել իմ մասին։ Աշխատանքներիցս մեկը ցույց էր տվել Բոչելլիին։ Որոշ ժամանակ անց Իտալիայից նամակ ստացա։ Բոչելլին օգնականի միջոցով ինձ հորդորում էր, որ շարունակեմ զբաղվել երաժշտությամբ։ Գրել էր, որ մեծ տաղանդ ունեմ։ Այդ նամակը սիրով պահում եմ մինչեւ օրս։ Գործերիցս մեկը լսել է նաեւ Իեն Գիլանը։ Միքայելը գրաֆիկայով պատկերել էր նրա դիմանկարը, որն իմ գրած երաժշտության հետ ուղարկեցինք նրան։ Գիլանը ասել էր, որ մեծ ապագա ունենք։

«Իմ մասնակցությունը բացառություն էր»

Ինձ բախտ է վիճակվել նաեւ մասնակցել Բելգիայի Եղիսաբեթ թագուհու անվան երաժշտական մրցույթին։ Այդ ժամանակ ես ընդամենը 16 տարեկան էի։ Մյուս մասնակիցները՝ մինչեւ 40։ Իմ մասնակցությունը բացառություն էր։ Հեղինակավոր այդ մրցույթի համար դաշնամուրային կոնցերտ էի գրել, ժյուրին այն լսելուց ու տարիքս իմանալուց հետո ապշել էր։  

Նորայր Հարությունյանը


Ստեղծելով նոր երաժշտություն

Թող պարծենկոտություն չթվա, բայց կարողացել եմ երաժշտություն ստեղծել՝ առանց երաժշտական ինտոնացիաների. օգտագործել եմ միայն խոսակցական ինտոնացիան։ Իմ որոշ գործերի հիմքում բացառապես բնական խոսքն է, բնական ինտոնացիան։ Մյուս կոմպոզիտորները հիմնականում օգտագործում են թատերականացված խոսակցական ինտոնացիաներ, իսկ ես ձայնագրում եմ բնական խոսքն ու իմ լսողությամբ եւ համակարգչային ծրագրով դուրս եմ գրում նոտաները։ Դրանցով էլ ստեղծում եմ նոր երաժշտություն։

Հարությունյանների ընտանիքը


Դեպի միջազգային բեմեր

Երբ Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Յուրի Կասպարովը լսեց գործերս, շատ զարմացավ։ Նա հաստատեց, որ իմ արածը նորարարություն է։ Հենց նրա  առաջարկով ու ջանքով շուտով կթողարկվի իմ առաջին ձայնասկավառակը։ Սիմֆոնիաներս կատարում է Ռուսաստանի պետական սիմֆոնիկ կապելլան՝ Վալերի Պոլիանսկու դիրիժորությամբ։ Ինձ համար սա կարեւոր ձեռքբերում է։

Արփի Մուրադյան
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի /Bravo.am/ եւ Հարությունյան եղբայրների անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին