×


Կախարդներ եւ սպանություններ. Ֆեդոտովի միստիկ «Մակբեթը»՝ Երեւանի Շեքսպիրյան փառատոնում

Երեւանում նոյեմբերի 15-ից շեքսպիրյան կրքեր ու մտքեր են. 15-րդ միջազգային թատերական փառատոնն այս տարի հյուրընկալել է 7 երկրից ավելի քան 100 մասնակցի եւ հյուրի: Երեւանյան տարբեր բեմահարթակներում կցուցադրվի շուրջ 15 ներկայացում, որոնցից երկուսը հեդլայներ են՝ Պերմի «Կամրջի մոտ» թատրոնի («Театр у моста») «Մակբեթ» եւ Ռոդոփի դրամատիկական թատրոնի «12-րդ գիշեր» (Բուլղարիա) ներկայացումները։

Նոյեմբերի 18-ին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում հանդիսատեսը վայելեց «Մակբեթ» ներկայացումը, որի բեմադրիչ-ռեժիսորը ՌԴ վաստակավոր արտիստ, Չեխիայի ազգային մրցանակի դափնեկիր Սերգեյ Ֆեդոտովն է: Bravo.am-ի հետ զրույցում Ֆեդոտովը իրենց «Մակբեթ» ներկայացումը գնահատեց որպես դասական գործ:


«Մեր թատրոնն իր 33 տարվա գործունեության ընթացքում միշտ դասական գործերի է անդրադառնում, բայց մեզ համարում են առեղծվածային: Պատճառը՝ անդրադառնում ենք այն պիեսներին, որոնցում միստիկ մտքեր, կախարդներ ու չարքեր կան: Հենց «Մակբեթ»-ում էլ քիչ չեն կախարդները, հանգուցյալները, սպանությունները: Շեքսպիրը հանճար է, որի գրվածքները ժամանակավրեպ չեն: Նա հնարել է սյուժեներ, որոնք հետո միայն կրկնել են: Նա է ստեղծել հանրահայտ Ռիչարդին, Համլետին, Մակբեթին»,- նշել է ռեժիսորը:

Թատերախումբն առաջին անգամ է Հայաստանում։ Ֆեդոտովի խոսքով՝ նման հնարավորության համար, այն էլ համավարակի պայմաններում, շատ ուրախ են. «Մշակույթի մարդկանց կյանքը շատ է բարդացրել քովիդը: Այս շրջանում փառատոն կազմակերպելը հերոսություն է: Սա 25-րդ փառատոնն է, որին մասնակցում ենք»:


Երեւանի Շեքսպիրյան փառատոնն այսօր կամփոփի «Ալմետ» թաթարական պետական դրամատիկական թատրոնի «Անսանձ կնոջ սանձահարումը» ներկայացումը (բեմադրիչ՝ Կարո Բալյան)։ Այն կներկայացվի Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում։


Երեւանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը եվրոպական Շեքսպիրյան փառատոնների ցանցի անդամ է: Փառատոնի հիմնադիրն է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, 2016-ից տնօրենն է Կարո Բալյանը։

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Երեւանի Շեքսպիրյան փառատոնը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին